ԵՍ ԶԻՆՎՈՐ ԵՄ


Թերթում եմ պատմության հնացած, բայց չմոռացված էջերը ու ևս մեկ անգամ համոզվում, որ մեր ազատության առհավատչյան միշտ էլ մեր զինվորներն են եղել, այն արծիվ տղերքը, ովքեր պատրաստ են սխրանքներ գործել` հանուն Հայաստանի վաղվա օրվա: Նրանցից մեկն էլ Կորյունն է` կրտսեր սերժանտ Սիմոնյանը: Տասնութ տարին բոլորած` թողեց ուսումն ու հայրենիքը պաշտպանելու համար սահմանամերձ զորամասի ճամփան բռնեց: Կորյունը խոստովանում է, որ մինչ ծառայելը այլ պատկերացում ներ է ունեցել բանակի մասին: Ծառայությունն ամենևին էլ խաղ ու պար չէ. այն կոփում է տղային ու սովորեցնում արժևորել ունեցածը: Կորյունն անկեղծանում է.

- Եթե ասեմ, որ հաճույքով եմ ծառայում, ապա խաբած կլինեմ, որովհետև ոչ ոքի էլ հաճելի չէ հրամաններ կատարելը, բայց հայրենիքի համար ծառայությունը վեր է մեր ուզել-չուզելուց: Եթե այստեղ եմ, ապա, երդմանս հետևելով, պիտի անձնվիրաբար ծառայեմ հայրենիքին:

Կորյունը խոստովանում է, որ բանակում անհաղթահարելին միայն կարոտն է: Ինքը շատ է կարոտում, բայց գիտակցում է, որ իր հարազատների խաղաղ քունն ապահովելու համար է բանակում և, դաժան կարոտը սրտում խեղդելով, զենքը ձեռքին շարունակում է պաշտպանել հայրենիքի սահմանները: Պատերազմի դեպքում քաջ մարտիկը չի երկյուղի. չէ՞ որ հայկյան ոգով է տոգորված, զենքը ուսին կգնա դեպի խրամատ` առանց վայրկյան անգամ վարանելու:

Կրտսեր սերժանտն արդեն սեփական փորձով հավաստիացնում է, որ բանակային կյանքը կոփում է տղային, դարձնում ավելի ամուր, քաջ և օգնում է ձեռք բերել ամենակարևորը` կամքի ուժ, դժվարությունները հաղթահարելու կորով: Կորյունը երբեք չի վախեցել ծառայությունից, նորակոչիկներին էլ նույնն է խորհուրդ տալիս. չվախենալ և բարեխղճորեն կատարել սպաների հրամանները: Մեր փոքրիկ երկխոսության վերջում զինվորը դիմում է մորը.

- Մա´մ ջան, թեև անչափ կարոտում եմ ձեզ, բայց պիտի կատարեմ պարտքս: Աղոթե´ք խաղաղության համար: Միայն խրամատում կանգնած ես գիտակցում խաղաղության գինը, քանզի ես իմ արթուն գիշերներով եմ վաստակում այդ խաղաղությունը:

Փա´ռք ու պատիվ մեր զինվորներին. ամեն խաղաղ օրվա համար նրանց ենք պարտական:

Էլմիրա ՄԻՐԱԲՅԱՆ