ԻՊ արյունոտ ձեռքը Ռուսաստա՞ն էլ կհասնի


Ամենասոսկալի ահաբեկչություններով ինքնահաստատվող և անվերջ իր գոյությունը հիշեցնող «Իսլամական պետության» սպասելի ու անսպասելի ասպատակություն ներից ապահովագրված չէ ոչ մի երկիր: Այդ թվում և Ռուսաստանը:

Որոշ գնահատականներով ահաբեկչական այդ կազմակերպությունում հաշվվում է ծագմամբ ռուսաստանցի ավելի քան 800 մարդ: Ճապոնական SΖnkei ShiΗbun թերթի տվյալներով, այդ թիվը գերազանցում է նույն կազմակերպության շարքերում կռվող եվրոպական տարբեր երկրների ծագում ունեցողների քանակը: Եվ լրատվամիջոցը տարակուսանք է բարձրաձայնել, որ թե ինչպես են այս փաստը շրջանցում ռուսաստանյան լրատվամիջոցները: Իհարկե, լրատվամիջոցները պետական անվտանգության երաշխավորը չեն ոչ մի երկրում, բայց հարցադրումն իսկապես տագնապահարույց է. հայրենիք վերադառնալուց հետո նույն գրոհայինները արդյո՞ք ահաբեկչություններ չեն իրականացնի Ռուսաստանում:

Նշյալ 800 ռուսաստանցի գրոհայինների վերաբերյալ պաշտոնական լրատվություն չկա, սակայն ՌԴ արտգործգերատեսչությունը հաղորդել է, որ ԻՊ-ում ընդգրկված են գրոհայիններ Հյուսիսային Կովկասից: Փաստորեն` Չեչնիայից, ինչպես նաև Ռուսաստանի այլ տարածքներից:

Ի պատասխան ճապոնական թերթի հարցին` Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին ընդգծել է, որ այդ գրոհայինների վերադառնալուց հետո ՌԴ-ում ահաբեկչությունների վտանգ «իհարկե, գոյություն ունի»: Նրա կարծիքով լրատվամիջոցներն այդ խնդիրը չեն քննարկում, որովհետև կառավարությունը զգուշանում է ահաբեկչություններից:

Մոսկովյան Քարնեգի կենտրոնի` Արևելքի և իսլամի հարցերով մասնագետ Ալեքսեյ Մալաշենկոն նույնպես ենթադրում է, որ լրատվամիջոցներում այդ թեմայի արծարծման հանդեպ կա գաղտնի արգելք: Ի դեպ, նա նույնպես հաստատել է ահաբեկչությունների վտանգի առկայությունը, քանի որ վերադարձող գրոհայինների համար ծայրահեղ անհրաժեշտություն է լինելու` այդ կերպ հիշեցնել իրենց գոյությունը (inosΗi.ru):