«ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ»


Եղեռնի ցավն ու անմեղ նահատակների հիշատակն ամեն հայի հոգում է` արդեն քանի˜ սերունդ: Անխամրելի է գենետիկ հիշողությունը. այս պարագայում` ցասումն ու խնկարկումը: Իրողություն, որի հերթական վկայությունը մայրաքաղաքի դպրոցներում անցկացված շարադրությունների մրցույթն էր` «Հիշում եմ ու պահանջում» խորագրով:

Տպագրում ենք դրանցից մեկը` մասնակի կրճատումներով, որի հեղինակն ապագա ծրագրավորող է:

Մենք ուզում ենք միայն ճանաչում,

Հարյուրամյակին դա ենք պահանջում,

Մի ամբողջ ազգ է գոռում` ճանաչում...

100 տարի է` պահանջում ենք պատասխան: Ցե-ղա-սպա-նու-թյուն. բառ, որն արտասանելիս մարմնովդ սարսուռ է անցնում: Մի հատիկ բառ, որի մեջ թաքնված է սարսափելի, դառը վիշտ, ցավ, կարոտ: Այն վայրագությունները, որ թուրքերը գործել են հայերի դեմ, դուրս են մարդկային երևակայությունից:

Այո´, ներում են թշնամուն, բայց ո´չ նրան, ով մի օր փորձեց գոյության գրքից սրբել քո անունը: Ինչպես ասել է Նժդեհը, կգա այն օրը, երբ հայությունը կների թուրքերին, բայց ոչ թե նրանց առջև ծնկի իջած, այլ նրանց ծնկի իջեցրած:

Ի՞նչ է նշանակում ապացուցել ցեղասպանությունը: Դա երկրաչափության թեորեմ չէ, դա դառը իրականություն է, որն արժանի է հատուցման, այլ ոչ թե` ապացուցման:

Թուրքն իր արյունարբու վայրագությամբ մեկուկես միլիոն անմեղ զոհերի արյունը թողեց ոչ միայն իր, այլ նաև` աշխարհի խղճին: Նա այսօր ամեն կերպ փորձում է մաքրել այդ հետքերը, բայց նահատակների արյունը ամեն պահ կաթիլ-կաթիլ ծորում է իր և աշխարհի երեսին:

Աստված ասում է` մի´ ստիր: Բայց կներես, Տե´ր իմ ամենակալ, որ դեմ եմ դուրս գալիս պատվիրաններին քո սուրբ. չատել նրան, ով ազգս է փորձել ոչնչացնել, ով նախնիներիս արյամբ իր ձեռքերն է լվացել, կոտորել է, խարանել ու այրել, սովամահ արել, մերկացրել ու ծաղրել, իսկ հետո իրեն հերոս է զգացել: Կներես Տե´ր իմ, չեմ կարող...

Ալ Պաչինոյի խոսքերն եմ ուզում կրկնել.

- Արդյո՞ք ներել թշնամուն... Աստված թող ների, մեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է:

Այո´, հենց դա էլ արեցին ազգիս հերոսները` Թեհլերյանը, Երկանյանը, Շիրակյանը: Գևորգյանը, Ծաղիկյանը, Մելքումովը: Նրանք մարդիկ են, ում անունները տալիս պետք է լցվենք հպարտությամբ: Սակայն, ավա˜ղ, ցավը լռել չի կարող, այն արյանս մեջ է:

Մեկուկես միլիոն աչքեր, որ արև չտեսան: Երբ եղեռնից կադրեր են ցուցադրվում, ինձ ստիպում են մղվել պայքարի: Պայքար, որ պետք է սկսենք ինքներս մեզանից. հաղթելով ինքներս մեզ` կհաղթենք բոլորին:

Եկե´ք, խնդրում եմ, չմոռանանք այն ամենը, ինչ թուրքերը արել են մեզ հետ: Չմոռանանք մեր գլխատված պապերին, չմոռանանք աքսորի ճանապարհին սովամահ եղած մեր տատերին: Եկեք ընդունենք այն փաստը, որ մեր կռիվը ուղղված է ոչ թե թուրք ժողովրդի դեմ, այլ թուրք կառավարության, որը հերքում է Հայոց ցեղասպանությունը:

Մենք` հայերս, կանենք դա առանց նահանջի, առանց հանձնվելու: Համոզված եմ, որ հատուցման պահը գալու է, ու այն երկիրը, որտեղ դեռ գերեզման չունեն մեր միլիոնավոր նախնիները, լինելու է մերը...

Քրիստինե ԶԱՔԱՐՅԱՆ

N 59 միջն. դպրոց, 11-րդ դասարան