ԳԱՐՆԱՆԱԲՈՒՅՐ ՊԱՏԿԵՐԱՀԱՆԴԵՍ


Նկարչի տան մեծ ցուցասրահ մտնելուն պես հայացքդ վայրկենապես կլանում են դիմահայաց պատից ասես քեզ կանչող դաշտային ծաղիկների տարագույն ծաղկեփնջերը: Եվ ակամա ուզում ես անմիջապես ընդառաջ գնալ Նորին մեծություն անեղծ գեղեցկությանը, փարվել մեծադիր կենսախինդ կտավներին: Գարնան գույների ու բույրերի կարոտով համակված` ուզում ես բնության այս սքանչելի գորգից փնջել երիցուկներ ու անմոռուկներ, կակաչներ ու զանգակներ... Ուզում ես քեզ հայտնի ու անհայտ անուններով ծանոթ ծաղիկների մի գրկաչափ փունջ տանել քեզ հետ` որպես հոգուդ անթառամ սպեղանի:

Հավուր պատշաճի ծանոթանալու համար անծանոթ գեղանկարչական այս աշխարհին` շրջվում ես ձախ, կենտրոնանում 1996-ին Լիլյա ԿԱՐՃԻԿՅԱՆԻ վրձնած գյուղական բնապատկերների արևոտ բովանդակության ամբողջացման վրա: Մաճկալը, կարծես շոյելով-փայփայելով իր լծկան եզներին, վարում է տատասկոտ ու քարքարոտ իր հողակտորը, իր անուշ երգով զովացնում ամառային տապը: Նրա կողքին, իր հյուրընկալ բակի բաց դռան մոտ խնոցուց մի պահ հանգիստ է առնում խորշոմած, բայց չծերացած, ժիր ու կարմաթուշ Նինա տատը, ում քիչ հետո կրկին կհանդիպես բակի մյուս ծայրին` սև աքաղաղը գրկում: Զարմանալիորեն կյանքով են լեցուն լքվող գյուղերը, կիսավեր տների պատերին արևահամ խաղողի կանաչ որթերն են տարածվել` որպես մոտալուտ զարթոնքի նախանշան:

Նկարչուհին հավատո´ւմ է արցախյան պատերազմական թոհուբոհում կրակված շեների վերածնունդին ու իր լավատեսությամբ քեզ էլ է վարակում: Մի կտավից մյուսին անցնելիս զգում ես, թե ինչպես ես ակամա զվարթանում: Նռներով, դդումով և արքայանարինջներով նատյուրտմորտները, Սերոբի, Արամի, Սվետայի ու Աշխենի, հայոց թագուհիների տարաչափ դիմանկարներից կենսախնդություն է ճառագում: Եղրևանու և քաջվարդերի շքեղ փնջերը իրենց անուշ բուրմունքով ուղղորդում են քեզ դեպի Սևանի դաշտային ծաղիկների հիասքանչ պատկերները:

Ցուցասրահի միջնորմից այն կողմ հաղորդակցվում ես Լիլյայի դստեր` Սվետայի դաշտային ծաղիկների ծավալուն կտավներին և խոստովանում` մայր և դուստր նույն պաշտամունքն ունեն բնության, նույն պատկերացումները Գեղեցիկի: Բայց շուտով դստեր գրաֆիկական աշխատանքները լուռումունջ ապացուցում են նրա հետաքրքրութ յունների, մարդաճանաչողության ուրույն գունագծերի բազմազանությունը: Շուտով, տպավորություններիդ հարստանալուն համընթաց, եզրակացնում ես` ամեն դեպքում զգացնել է տալիս սերնդափոխությունը: Կյանքի դիմակահանդեսի իրենց տարբեր ընկալումներն ունեն մայր և դուստր, տարբեր նախասիրություններ: Բայցև շարունակում, լրացնում և հարստացնում են իրար: Այս մասին են վկայում ցուցադրված հարյուրից ավելի կտավները, որոնց մեծամասնությունը ժողովվել է մասնավոր հավաքածուներից:

Տարաբնույթ ենթադրություններդ հստակվում են, երբ բոլոր այցելուների հանգույն անմիջական զրույցի ես բռնվում պատրաստակամ Լիլյայի և նրա ամուսնու` Սահակի հետ: Նրանք միասին երջանիկ են երեք տասնյակից ավելի տարիներ: Միասին էլ տոնել են Լիլյայի գեղանկարչական առաջին հաղթանակները մութ ու ցուրտ 90-ականներին և միասին շարունակում են ստեղծագործելով ապրելու բերկրանքը վայելել իրենց 2 դուստրերի ու թոռնուհիների հետ: Բացառիկ բախտավորություն հայաստանաբնակ արվեստագետի համար:

Նազելի ուկրաինուհին, ով մասնագիտացել է Ռովենի արվեստների ինստիտուտում, պրոֆեսոր Զվյագինցևի արվեստանոցում, հասակ է առել մշակութային մթնոլոր տում: Դեպի մերձմոսկովյան տարածաշրջան ձգվող տոհմածառի արմատներում հայկական շիվ կա, որի մասունք հնամենի լուսանկարը` տատիկի ու նրա 2 քույրերի, մշտապես պահում է իր մոտ: Գուցե արյան հեռավոր կանչով էլ նրանում վերազարթնել է հայկական ոգին` առավել թանձրանալով Սահակի հետ գտած անձնական երջանկությամբ և Հայաստանում հաստատվելով: Սիրելի մայրիկի վաղաժամ կորստով նրանում հատկապես սրվել է մայրական բնազդը` առանձնակի գթառատ հորդելով առողջական խնդիրներ ունեցող տարազգի մանուկներին ապավեն լինելու հունով: Հիմա նա հայտնի է որպես աուտիզմով հիվանդ երեխաներին սատարող Բոկա Ռատոնի բարեգործական «Յունիկորնե մանկական հիմնադրամի ակտիվ անդամ: Ի դեպ, այս ցուցահանդեսի աշխատանքներից մի քանիսն արդեն նվիրաբերվել են քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնող «Նվիրիր կյանք» հայաստանյան հիմնադրամին:

Լիլյա Կարճիկյանի բազմաթիվ անհատական ցուցահանդեսների աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանն ու Ուկրաինան, Ճապոնիան ու Լեհաստանը, Կանադան ու Միացյալ Նահանգները, Ավստրիան ու Գերմանիան, Կիպրոսն ու Ֆրանսիան: Պատվիրատուների պակաս չի զգում, և նրա բեղմնավոր վրձինն առանց հոգնության ու ստեղծագործական պարապուրդի շարունակում է արարել դիմանկարներ ու բնանկարներ, աստվածաշնչյան թեմաներով մանրանկարներ: Իսկ անսանձ երևակայությունը մատուցման նորանոր իրապաշտական-երազային հնարքներ է գտնում` հարստանալով աշխարհապտույտ շրջագայություններով, դասական գոհարների սեփական դաշնամուրային կատարումներով: Որդեգրած «LΖ ΘriΗΖ» նկարչական տեխնիկան ապահովում է փնտրվող բազմերանգությունն ու լուսաստվերային ելևէջումները: Եվ վարարում է գարնանային զարթոնքի ներշնչանքի տրամադրությունը, փոխանցվում մորից դստերը, դաջվում կտավի վրա, ալիքվում դեպի կերպարվեստասերների հարյուրավոր մասնավոր հավաքածուներ, աշխարհի նորանոր թանգարաններ ու գեղարվեստի սրահներ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ