Մարտի 5-ին նա կդառնար 56 տարեկան


Ինքը չհասցրեց այդքան ապրել, սակայն Վազգենի ծննդյան օրը չէր կարող անտեսվել զինակիցների կողմից

«Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման արարողության միջոցառումների շարքը սկսվեց Եռաբլուր պանթեոնում, ուր Սպարապետին հարգանքի տուրք մատուցելու էր եկել բարձրաստիճան սպայակազմը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին անհայտ կորածների հուշահամալիրին: Այնուհետև ներկաները Սեյրան Օհանյանի և Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին և խոնարհվեցին Վազգեն Սարգսյանի շիրմաքարին:

Մարզահամերգային համալիրի հրապարակում տեղի ունեցած «Պատանի երկրապահ» կամավորականների երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, քաղաքացիական ծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ: Երևանից և բոլոր մարզերից հավաքված հազարավոր պատանի երկրապահներ ծնկի իջած երդվեցին դառնալ հայոց բանակի արժանի զինվորը և պատվով շարունակել Սպարապետի գործը: Պատանիներին իր օրհնության խոսքն ասաց ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ հայր Մովսեսը, նշելով, որ այս օրը ինքնաճանաչողության օր է` միտված ծանոթանալու մեր ազգի հերոսներից մեկի` Վազգեն Սարգսյանի անցած ուղուն և վերաիմաստավորելու մեր ներկան: Հավաքվածներին ողջունեց նաև երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Շնորհավորելով պատանի երկրապահներին, նա ընդգծեց, որ այս տարին բացառիկ է այն առումով, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից մարտի 5-ը հռչակվել է պատանի երկրապահների օրհնության օր և Էջմիածնի Մայր տաճարում ու առաջնորդանիստ եկեղեցիներում անցկացվելու է պատանի երկրապահների օրհնության կարգ:

Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի միջոցառումների շարքը ամփոփվեց ՊՆ վարչական համալիրում Արայիկ Մանուկյանի «Վազգենը...» փաստավավերագրա կան ֆիլմի ցուցադրմամբ, որին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև սպարապետի մտերիմներն ու հարազատները:

Ցուցադրության ավարտին նախարար Սեյրան Օհանյանը վերհիշեց առանձին դրվագներ իր և Վազգեն Սարգսյանի հանդիպումներից, արժևորեց նրա դերը Ազգային բանակի կազմավորման և ձևավորման, ինչպես նաև սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում: