Միքելանջելոյի նամակը 100 հազար չարժե՞


Օրերս Հռոմի MessΖgero թերթը հաղորդել է, որ Վատիկայնի արխիվներից անհետացել է Միքելանջելոյի ձեռագիր նամակը:

Մամուլի ծառայության ղեկավար հայր Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ հանցագործը կապ է հաստատել Սուրբ Պետրոս բազիկլիկի կարդինալի հետ և առաջարկել է վերադարձնել այդ նամակն ու հափշտակված մյուս փաստաթղթերը: Նա Վատիկանի արխիվի նախկին աշխատակից է և գողոնի դիմաց պահանջել է 100 հազար եվրո: Կարդինալը հրաժարվել է վճարել:

Տարօրինակը միայն այս հրաժարումը չէ: Լոմբարդին տեղեկացրել է, որ փաստաթղթերի կորուստը հայտնի է դարձել 1997 թ.: Բայց թե ինչո՞ւ այսքան ժամանակ այդ մասին չեն խոսել, կամ ինչո՞ւ են հիմա բարձրաձայնում` ոչինչ չի ասվում: Ներկայում արժեքավոր ձեռագրերի հափշտակության գործով զբաղվում են Վատիկանի ժանդարմերիան և իտալական ոստիկանությունը:

Լրատվամիջոցներն կարծիք են հայտնել, որ Միքելանջելոյի նամակը վերաբերում է վատիկանյան գլխավոր տաճարի գմբեթի նախագծին: Դրանից զատ, այն նկարչի ձեռագրի եզակի նմուշ է: