ՍԻՐՈ ՏՈՆ, ԱՅԼ Ո´Չ ԳՐՊԱՆՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ


- Ինչո՞ւ են Կանանց միջազգային օրը մարտի 8-ին նշում:

- Որովհետև կինը աշխարհի 8-րդ հրաշալիքն է...

Շատերն արդեն չեն էլ հիշում (կամ չգիտեն), թե երբ և ինչու գարնան 8-րդ օրը Կանանց միջազգային տոն հայտարարվեց: Փոխարենը ոչ ոք չի մոռանում Մարտի 8-ին հաճելի ինչ-որ անակնկալ մատուցել իր համար թանկագին կանանց: Ու սկսվում է մրցավազքը` մասամբ «առանց կանոնների խաղ» հիշեցնելով: Յուրաքանչյուրն` իր ձևով, իր հնարավորությունների սահմաններում: Հնարավորությունների, այլ ոչ թե ցանկությունների...

Ստացվում է, որ Մայրության, գեղեցկության տոնը ոմանց համար հնարավորությունները ցուցադրելու շքահանդես է դառնում, ոմանց համար` սեփական գրպանի չափ նսեմանալու անպատեհություն: Ոմանք ամիսներով մի կերպ հավաքած գումարով (որն ուրիշների համար մանրադրամ է) գեթ համեստ մի նվեր են փորձում գնել, ոմանք էլ աչքերը փայլեցնելով` բիզնես են անում: Ու չեն էլ հասկանում, թե որքան է արժեզրկվում իրենց վաճառած ծաղիկ-ապրանքը, որն իրականում բնության պարգև է: Ճիշտ է, դրանք աճեցնելու, խնամելու համար աշխատանք ու ֆինանսական միջոցներ են ծախսվում, բայց մի՞թե այդ ծախսերը քառապատկվում-բազմապատկվում են հատուկ տոնական օրերին: Իրականում բազմապատիկ աննորմալ չափերով մեծանում է աչքն ուրիշի գրպանին տնկած արարածների ախորժակը:

Ինչո՞ւ այսքան տխուր, ավելի ճիշտ` մտահոգ ստացվեց ասելիքը:

Ամենուր ժպիտ որոնող հայացքս հանկարծ գամվեց հնամաշ վերարկուով տարեց մի կնոջ առջև գլխահակ կանգնած տղամարդու ձեռքի ծաղիկներին: Զգացվում էր, որ կինը հանդիմանում է տղամարդուն, ով ծաղիկները գլխիվայր բռնած հավանաբար անիծում էր իր չունևորությունը: Այնպե˜ս չէի ուզում, որ նրան ուղղված հանդիմանանքը անշուք փնջի համար լիներ:

Զույգը կանգառում էր կանգնած, ու որոշեցի փոքր-ինչ մոտ կանգնել` որպես տրանսպորտի սպասող ուղևոր: Եվ հանկարծ ինձ թվաց, թե ծաղիկները մեկեն թոշնեցին:

- Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ձեզ թալանեն,- ասում էր կինը հուզված:- Էդ սպեկուլյանտներին (կոմունիստական տարիներից հետո այդ բառը գրեթե մոռացվել էր - խմբ.) ինչո՞ւ եք հարստացնում: Դրանք չեն հասկանում, թե ինչքան դժվար է աստղաբաշխական գումարներ տալ մի ապրանքի, որը մի քանի օրից աղբ է դառնալու:

Տղամարդը լռում էր: Կինը երևի մտածեց, որ նեղացրել է նրան ու ավելի մեղմ ձայնով շարունակեց.

- Ախր սիրտս ցավում է ամեն անգամ, երբ ծաղիկները պետք է աղբաման նետեմ:

Կենցաղային զրո՞ւյց էր: Թերև´ս: Բայց անկեղծ էր կինը: Դժվարանում էր ընդունել դժվարությամբ գնված նվերը...

Կենցաղից դուրս գալու փութկոտությամբ մոռանանք տոնը հոգսերի ճահիճում խունացնող առօրյան: Եվս մեկ անգամ հիանանք «աշխարհի 8-րդ հրաշալիք» կանանց առաքինությամբ, «Գազ-ապրոմի» հոգի սառեցնող հրեշավոր գներով մեզ պարտադրվող գազի փոխարեն հրաշք այս գարնան ջերմությունը վայելենք և նորից փաստենք, որ աշխարհում միշտ գարուններ կան, արև կա ու սեր: Մաղթենք, որ այսուհետ ոչ մեկի հոգին չմրսի սիրո և դրամի պակասից. նորոգենք մեր հույսերը, և սնունդ չտանք կանաչ աչքերով այն հրեշին, որի անունն է չարություն կամ ագահություն: Հիշենք, որ տոնը հոգուց պետք է բխի, այլ ոչ թե դրամապանակից: Գռփելու մարմաջով համակված անկուշտ մարդակերպներին գոնե մերթընդմերթ փորձենք զրկել մեզ թալանելու հաճույքից: Առաքինի կինը` կողակից թե ընկերուհի, գործընկերուհի թե քույր, առավել ևս` Մայր կամ դուստր, տոնի առթիվ բարի ցանկություններն ավելի շատ իրենց շնորհավորողների հանդարտ ու արժանապատիվ հայացքում են ուզում կարդալ: Իսկ նվերները մեծ կամ փոքր, թանկ ու էժան չեն լինում: Նաև առարկայական կարող են չլինել: