Կառուցողական բարեփոխումներով ապահովենք թատերարվեստի հարատևությունը


Կամերային երաժշտական թատրոնի լուծարումից հետո (չեմ հավատում, որ ավելորդ շռայլություն էր տեսակի պահպանումը) համակվում ես նոր անդառնալի կորստյան տագնապով: Իսկապե՞ս նորանկախ մեր երկիրն ի զորու չէ պահել-պահպանել նախորդից ժառանգած հոգևոր գանձերը: Արդյո՞ք մշակույթին չի սպառնում արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտակրթական համակարգի փլուզման դժնդակ ճակատագիրը: Լավատեսության որոշակի հույսեր է ներշնչում անցյալ դարի 90-ականների համեմատ վերջերս նկատվող դրական տեղաշարժը: Հիմնանորոգվեցին ազգային պատկերասրահը, ազգային ակադեմիական դրամատիկական և օպերայի ու բալետի, պատանի հանդիսատեսի, ռուսական, տիկնիկային, քաղաքապետարանի արտիստական և դրամատիկական թատրոնների շենքերը: Բնականոն հունի մեջ կարծես թե ընկավ դրանցում ստեղծագործական գործունեություն ծավալող անհատների ու խմբերի առօրյա կենսառիթմը: Հանրապետական ու միջազգային մասշտաբների փառատոնային «ցեյտնոտում» վերստին հաստատվեց թատերարվեստի կենսունակությունը` ի հայտ բերելով մի քանի նոր անուններ: Անլուծելի մնացին, սակայն, թատերարվեստի որակական մակարդակի բարձրացմանը խոչընդոտող մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնց վերջնական հաղթահարումը պահանջում է համակարգված, կառուցողական արմատական փոփոխություններ միաժամանակ մի քանի միմյանց հերթագայող օղակներում: Առաջնային է մնում սերնդափոխության, ավելի ստույգ` հերթափոխի խնդիրը. ստուդիական շարժումը խաթարված է, ինստիտուտի «արտադրած խոտանը» գնալով ավելի մեծ տեսակարար կշիռ է ձեռք բերում, հատուկենտ ակտիվ «ավագները» զլանում են իրենց հարուստ բեմական-կենսական վաստակը անմնացորդ փոխանցել բնատուր շնորհներ դրսևորող «նորերին». գեղարվեստական ղեկավարներից և փորձառու բեմադրիչներից քչերն են ինքնամոռաց ու համբերատար լծվում օժտված, անփորձ երիտասարդների մասնագիտական ունակությունները համակողմանի զարգացնելու դառնաքրտինք պրոցեսին, մանավանդ անբավարար ֆինանսավարչական լծակների ներկայիս սահմանափակ պայմաններում, երբ նախապես չպլանավորված որևէ բեմադրություն ձեռնարկելիս ստիպված են լինում մտնել մեծապատիվ մուրացկանի արդեն սովորական դարձած մաշկի մեջ ու խնամքով փորփրել ռեկվիզիտի պարունակությունը: Նյութական բավարար լծակների բացակայության պայմաններում միայն խաղացանկային ճկուն քաղաքականությամբ անհնար է ապահովել բարձրարվեստ արարչագործությունը մինչև իսկ ամենահամբավավոր թատերախմբի: Միամտություն է դառնում շքեղ մասսայական նոր ներկայացումների ակնկալությունը. մեկենասների հավելյալ օժանդակությամբ կյանքի կոչված հատուկենտ բեմադրություններ չեն կարող որակ կազմել: «Դրամարկղային» պատկառելի հասույթի ջանադրությամբ արվող, թիթեռի կյանք ունեցող «ընթացիկ» ներկայացումներով փչանում է հանդիսատեսի գեղագիտական մտածողությունը, արգելափակվում և դեգրադանում մինչև իսկ ամենակարող, կայացած ստեղծագործական կոլեկտիվի երևակայության, մտքի և հոգու հրաշագործ սլացքը: Մյուս կողմից, մասսայական արվեստի դյուրամարս ու հանրամատչելի (անկախ տոմսի արժեքից) թափոններով առատորեն կերակրվող հանդիսատեսը, որի մեջ գրեթե մարել է ընթերցասիրությունը, էժանագին, գռեհիկ երգիծական -էստրադային «շոուների» իր հարաճուն պահանջն է թելադրելով պարտադրում պետական չնչին դոտացիաներից հյուծվող թատերախմբերին: Իրենք` երիտասարդները` դերասաններ, բեմադրիչներ, բեմանկարիչներ... եթե նույնիսկ պատահական մարդիկ չեն արվեստում, դժվարանում են հարմարվել առավելապես ռոմանտիկ, խենթ էնտուզիազմի վրա խարսխված աշխատանքային «խթաններին»: Ամենահամառ նվիրյալները, նախ, փորձում են համատեղել լուրջ արվեստը քիչ թե շատ բարեկեցիկ ապրելակերպ ապահովող մեկ այլ զբաղմունքի (հիմնականում` հեռուստահաղորդավարություն, կրկնօրինակում, որևէ ժամանցային ծրագրի հեղինակում...) հետ: Ապա` կյանքի լարված մարաթոնում աստիճանաբար հեռանում են բարձր արվեստից, «բավարարություն» գտնում շոու-բիզնեսի լայն ճանաչում ու պատկառելի եկամուտ բերող հնարավորություններում: Ինչու չակերտներո՞ւմ: Որովհետև երբեմն սրտի խորքում կսկիծ են զգում անկատար մնացող ստեղծագործական նվիրական իղձերի համար: Գոնե ոմանք, «աստղային» հիվանդությամբ չտառապողները... Թատրոնում իրենց կյանքը մաշած ավագ ու միջին սերնդի արվեստագետների մտքում էլ բույն է դնում ապրեցնող կողմնակի եկամուտ գտնելու «ցեցը»: Ամենահավատավորները (հիմնականում` «անճարակները»), որ թատրոնից դուրս (առանց թատրոնի) չեն պատկերացնում կամ էլ` արդեն չեն կարող կազմակերպել իրենց գիտակցական կեցությունը, ուժերի ներածին չափով շարունակում են ծառայել արվեստի քմահաճ դիցուհուն` լիահույս, որ իրենց հերոսական նվիրվածությունը երբևէ «վերևից» կնկատվի, գեթ բարոյական գնահատականի կարժանանա: Ավաղ: Մամոնայի գերիշխանության ու գնահատման չափորոշիչների նենգափոխման մեր ժամանակներում հաճախ ուռճացվում են սին արժեքները` ամրապնդելով նորին գերազանցություն միջակության միահեծան տիրապետությունը` պատվավոր տիտղոսներ ու հեղինակավոր մրցանակներ են շնորհվում ոչ այնքան գեղարվեստական ակներև արժանիքների, ծանրակշիռ ավանդի, նորահմա արվեստագիտական գյուտերի, շռնդալից հաջողությունների, ինքնատիպ գեղագիտական մտածողության արտասովոր արտահայտության և կատարողական անզուգական վարպետության, նոր ուշագրավ երևույթների բարեխիղճ արժևորմամբ, որքան խնամի-ծանոթ-բարեկամ-գործընկեր... հարաբերությունների «թայֆայական» համերաշխությամբ կանոնակարգված պատվիրանները որևէ «օրինազանց» արարքով չխախտելու մտադրությամբ: Հանիրավի մեծարվողների շարքում, փառք Աստծո, երևում են նաև հատուկենտ արժանավորները` բորբոքելով մարմրող հավատը իսկական արվեստին դավանելու ողջախոհության նկատմամբ: Եթե նույնիսկ գրչի մի հարվածով կրկին վերացվեին ամեն կարգի կոչումներն ու մրցանակները, շքանշաններն ու պատվոգրերը, պղտոր ջրերում վարժ լողալ սովորած միջակությունը` դաշն կազմած վճարունակ ապաշնորհության հետ, կգտներ հնարը ինքն իրեն (և` ոչ միայն) փառավորելու: Ժամանակները չափազանց նպաստավոր են կառավարման վահանակներին հնարամտորեն տիրապետող, իրենց արտոնյալ դիրքը, ազդեցիկ կապերը սեփական փառապսակի ձևավորմանը «թուրքական դիվանագիտական հնարամիտ մեթոդներով» ծառայեցնող, մշակութային դաշտում տաքուկ տեղավորված ճարպիկ աճպարարների համար: Եղե՞լ է երբևէ հայկական արվեստի և գրականության հինավուրց տարեգրության մեջ հանճարների, տաղանդաշատների և բազմաշնորհների այսչափ ստվար, պաշտոնապես ճանաչված հանրությամբ առլեցուն մեկ այլ ժամանակահատված: Չեմ կարող մտաբերել: Որտե՞ղ փնտրել մեզ պատուհասած չարիքի արմատները: Գուցե «ազատություն» ու «անկախություն» գաղափարների թյուրըմբռնման մե՞ջ: Թվացյալ ազատություն «շնորհելով» մշակույթի գործիչներին, կոնկրետ` թատրոններին, այդպիսով պետությունը չդարձա՞վ պաշտոնական կնքահայրը ներկայիս ամենաթողության, քաղքենիացնող գռեհիկ անճաշակության` ազատելով ինքն իրեն դրանց մասին հավուր պատշաճի հոգալու, ըստ այդմ` պահանջելու «տհաճ» պարտականությունից: - Արեք` ինչ ուզում եք: Կմնան նրանք, որոնք հաջողությամբ կխուսանավեն շուկայական անցումային խառնաշփոթի դժվարություններից: Ձերբազատվե°ք անցյալի կաղապարներից` ինքներդ տնօրինեք ձեր լինել-չլինելու հարցը: Անկախ ու ազատ, ժողովրդավարական ներկայիս պետությունը, Եվրախորհուրդ մտնելով, չի° կարող հանդուրժել խորհրդային բռնապետության որդեգրած գաղափարաքաղաքական կենսակերպը, ոտնահարել մարդ անհատի «բնական» իրավունքները: Արվեստը հեռո°ւ պետք է մնա քաղաքականությունից: Նո°ր ժամանակները նո°ր պայմաններ են թելադրում:- Մոտավորապես այս մտայնությամբ է վճռվում գործող երկու տասնյակից ավելի պետական թատրոնների կարգավիճակը «վերևներում»: Նույնիսկ շատ է համարվում դրանց քանակը` աղքատիկ ռեսուրսներով ու բյուջեով, պարտքերի տակ կքած, աշխարհագրական-քաղաքական անապահով դիրքում գտնվող մեր փոքրիկ երկրի համար: Մինչդեռ մենք աշխարհին ներկայանալու, հետաքրքրելու ավելի արժեքավոր ոչինչ չունենք ազգային ուրույն դիմագծով առանձնացող մեր բարձրարվեստ մշակույթից զատ, ինչպես մյուս բոլոր փոքր ագզերը: Ուստի և մեր միտքը, հնարավորությունները պետք է կենտրոնացնենք մշակութային Պառնասում գտնվելու, հաստատվելու վրա: Պետականորեն: Մեր անմիջական հարևանների` Վրաստանի, Իրանի, մյուսների ընդօրինակման արժանի խորագետ հեռաթափանցությամբ: Առաջին հերթին հաղթահարենք օտարամոլությունը: Սիրենք, պահպանենք ու կարևորենք մե°րը: Մայրենի լեզվի անաղարտության, արժանապատվության վերականգնման նախանձախնդրությամբ` բեմահարթակներին, հեռուստաէկրանին, ռադիոեթերում, մամուլում... ամենուր: Եվ հասկանանք, վերջապես, որ անգնահատելի է այս առումով թատրոնի` գաղափարախոսական այդ հզոր, փորձարկված ամենաազդեցիկ զենքի դերն ու նշանակությունը: Տանք գործող թատրոններին արժանապատիվ ստեղծագործության լծակներ: Խստագույնս հետևենք նրանց գործունեությանը ու պահանջենք միմիայն բա°րձր արվեստ: Խոտանի գերակայությունից թոթափվելու համար նախևառաջ բարենպաստ ստեղծագործական մթնոլորտ ստեղծենք, աչալուրջ հսկենք ու հղկենք մշակութային կրթօջախների (նաև` մասնավոր) գործունեությունը` սահմանափակելով «գործարար» դիլետանտներին ընձեռված արտոնությունները: Ապահովենք նվազագույն մարդավայել կեցությունը արվեստի մշակների, որպեսզի նրանք ստիպված չլինեն իրենց մտավոր-կենսական էներգիան վատնել արարչական ներուժը կաշկանդող զբաղմունքներով սեփական գոյությունը պահպանելու վրա, անմնացորդ նվիրվեն արվեստին: Միմիայն արվեստին: Ամենօրյա տքնանքով, ժամանակի քննությունը բռնած համարժեք աշխատաոճով համակողմանիորեն կրթեն իրենց միտքը, մարմինը, հոգին, բացահայտեն ու զարգացնեն բնատուր շնորհները: Արվեստի նոր գործեր ստեղծելու պատվին պետք է արժանանան արարչական կարողություններով աչքի ընկնող անվանիներն ու իրենց ցուցաբերած ունակություններով նույնիսկ սխալվելու իրավունք վաստակած նորահայտ արվեստագետները: Լրջորեն անհանգստանանք ազգային դրամատուրգիայի ներկա անմխիթար, հուսահատեցնող վիճակով: Մեղմենք քիչ թե շատ հույսեր ներշնչող ստեղծագործողների կործանարար սիրահարվածությունը, ըստ էության հակամշակույթ արմատավորող ժամկետանց կամ մոդեռն արևմտյան կուռքերին: Օգնենք նոր ձևավորվող, իրենց ունեցած շնորհները բացահայտող արվեստագետներին չխոտորվելու ճշմարիտ արվեստի բարձունքին հասցնող զառիվերից, չհուսահատվելու, անվհատ տրվելու ստեղծագործական տառապանքին և, ի վերջո, դառնալու մեր հոգու ու մտքի խորաթափանց, սթափեցնող, կրթող, վեհացնող ու մաքրագործող թարգմանը` սնվելու Մայր հողի զուլալ ակունքներից, հիմնովին հաստատվելու հենց նրա վրա` երևակայության հորիզոններն ընդարձակելով համամարդկային մնայուն արժեքներով, միջազգային փոխշփումներով: Տանք ամենաանհրաժեշտը, ապա միայն իրավունք վերապահենք պահանջելու, առավել ևս անփույթ քամահրանքով հրաժարվելու այս կամ այն տեսակից, ժանրից, նույնիսկ շենքից (ինչպես «Փոսի»...) Նաև` կայացած անհատ ստեղծագործողից: Կատարելության ձգտող մեր ինքնահատուկ արվեստով կարևորենք մեզ միջազգային թատերաբեմում (մշակութային շուկայում` առհասարակ): Հապաղելով` անզոր կլինենք այլևս կասեցնել վաղուց նկատվող հետընթացը: Գուցեև նոր անդառնալի կորուստներ ունենանք. չգոյության դամոկլյան սուրը վստահաբար ու անգթորեն ճոճվում է ազգային ակադեմիական օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի թատրոնների գլխին: Չէ՞ որ նկատում ենք: Բայց այս մասին` առանձին... Առայժմ խանդավառվենք իրականացման ձգտող հույսով, որ Արմավիրի մարզում, կոնկրետ հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում, չի բացառվում նոր թատրոն ստեղծելու հեռանկարը: Գուցե դեռ ամեն ինչ կշտկվի՞...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ