Դպրոցը` պետության կայացման պատվար


Գյումրու Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 31 դպրոցի տնօրեն Արթուր ՂԱԶԱՐՅԱՆԸ թեև երիտասարդ է, սակայն դպրոց է մտել մանկավարժական վաստակով «ծանրաբեռ»: Դա նրա մանկավարժական ուղին է` ջոկատավարից մինչև փոխտնօրեն: Արդեն մեկ տասնամյակ է, ինչ ստանձնել է այս դպրոցի ղեկը: Ճանապարհ անցած և մանկավարժության բովում թրծված փորձառությունն արդեն տարիներով չի չափվում և ձեռք է բերվել հանրակրթությանը բաժին հասած փորձությամբ: Աղետի խորշակը սուրացել է նաև այս դպրոցի վրայով, և 88-ից մինչև 2002 թ. ստիպված էին հանգրվանել տնակում: Գնան ու հետ չգան, անհիշելի դառնան աղետն ու դրա աղետալի հետևանքները, իսկ իրենց քաշածն իրենք գիտեն: Իրավ է ասված և տեղին` հիշել աֆորիզմը. «Հեշտ է լոկ այն, ինչ արդեն անցել է: Այն, ինչ արդեն անցել է, հեշտ չէր»: Հեշտ չի եղել նաև բյուջեի միջոցներով կառուցված շենքը դպրոց դարձնելը, բայց դա էլ գլուխ բերվեց: Թեև դեռ բա՜կ ունեն բարեկարգելու, ֆիզկուլտ դահլի՜ճ ունեն կառուցելու ու կահավորելու... Իսկ մինչ այդ կար ավելի կարևոր լրացվելիք: Ուսման որակի անկումը տնակային պայմաններում գրեթե անշրջանցելի էր, և եկել էր կորուստները հետ բերելու, վայրընթացը վերելքի փոխելու ժամանակը: Տնօրենի դիտարկմամբ, մանկավարժական համակազմին հաջողվել է հետընթացի հախից գալ, և որակական ցուցանիշները տարեցտարի ավելի նկատելի ու ներկայանալի են դառնում: Ամենօրյա համառ և հետևողական աշխատանքը ցանկալի արդյունք է տվել. շրջանավարտների 70-80 տոկոսը բուհ է ընդունվում: Վերջին 2 տարում դպրոցը մշտական մասնակցություն ունի առարկայական օլիմպիադայի բոլոր փուլերում: Անցած տարի սաներից մեկը` Մարինե Մուրադյանը, ռուսաց լեզվի օլիմպիադայից գովասանագրով վերադարձավ: Այս տարի ևս մի մասնակից ունեցան` Լուսինե Գրիգորյանը: Մեկ անգամ չէ, որ «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ ակումբի քաղաքի առաջնությունում դպրոցը մրցանակային տեղեր է գրավել: Իսկ բանավեճի ակումբում երեխան սովորում է կարծիք հայտնել, պաշտպանել այն, սովորում է լսել մյուսների կարծիքը: Եվ ի՜նչ թեմաներ են քննարկվում. կոռուպցիա, ինտեգրում: Թող այժմվանից ճանաչեն իրողությունները, կարողանան տարբերել ընդունելին ու մերժելին, վերաբերմունք դրսևորել: Երկրին այսօր լավագույնս տեղեկացված, քաղաքացիական բարձր գիտակցությամբ մարդիկ են պետք: Բազմատարր է իրականացվող կրթադաստիարակչական գործընթացը: Մեթոդմիավորումների ուշադրությունից դուրս չի մնում ոչ մի տոն ու նշանակալի իրադարձություն: Այս ամենն իրենց անդրադարձն են գտնում այնպես ջանադրությամբ ու սիրով կազմակերպվող հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառումներում: Որքան էլ մանկավարժի նվիրումն ու պատասխանատվությունը դիտենք որպես կարևոր գործոն, հարկ է ունենալ նաև ծնողի աջակցությունը: «Տնակներում ապրող չարքաշ գյումրեցիներ են մեր ծնողները, որոնց հետ աշխատելու ձևը, ի պատիվ մեր մանկավարժների, հաջողվել է գտնել,- ասում է տնօրենը:- Ունենք խոնարհ, հարգանքի գինը հասկացող երեխաներ, ունենք իրենց երեխայի դաստիարակությամբ մտահոգ ծնողներ: Հսկողությունը, մանավանդ բարձր դասարաններում, ամենօրյա է: Որքանո՞վ է դա մեզ հաջողվում, Տերը` դատավոր»: Դպրոցում հատուկ շեշտադրում ունի ազգային դաստիարակությունը, որ տնօրենի ազգապաշտությամբ և ավանդապաշտությամբ յուրօրինակ դրսևորումներ է ստացել: Դպրոց գալուն պես կրոնի պատմություն է մտցրել` դա համարելով աղանդների դեմ պայքարի միջոց: Ազգային դաստիարակությունը կարևոր է մինչև իսկ ուսուցչի կերպարում` կեցվածքից մինչև հագուկապը: Ոչ մի ուսուցչուհի տաբատով դպրոց չի մտնում: Դիտված է նրբորեն` ուսուցչի օրինակը դաստիարակող է, և ահա թե ինչու կարևոր է, որ նա աշակերտին ներկայանա ուսուցչավայել, հայ կնոջը, հայ մարդուն հարիր տեսքով: Այսպես` նաև աշակերտները: Պրն Ղազարյանը հպարտությամբ է նշում, որ իրենց դպրոցը նշված առումներով քաղաքում առանձնանում է: Դատելով զրույցից և ըստ ամենայնի, տնօրենն ու իր մանկավարժական թիմը գործում են համախոհության և ընկալումների համադրելիության սկզբունքով: «Հրաշալի մանկավարժներ ունենք: Բոլորս հասկացել ենք մեր գործի էությունը, և ամեն մեկիս աշխատանքը յուրովի դպրոցանպաստ է»,- համոզված է պրն Ղազարյանը: Փոխտնօրեն Սուսաննա Խաչատրյան. ինքը դպրոցով է շնչում, դպրոցն` իրենով, Կարինե Գևորգյանն ու Մարինե Հովհաննիսյանը հայերենի հրաշալի ուսուցիչներ են: Տարրական դպրոցն ամուր է դասվարներ Կիմա Էմինյանով և Տանյա Մաթևոսյանով: Երիտասարդ ուսուցչուհիներ Հերմինե Վարդանյանն ու Կարինե Մարտիրոսյանն իրենց դպրոցասիրությամբ պատրաստ են համալրելու նվիրյալների շարքերը: Աշխարհագրության ուսուցիչ Հրաչյա Սիմոնյանին չմոռանանք, մաթեմատիկայի ուսուցիչ Վարդան Աճեմյանին` նույնպես: «Նրա դասը երբեք չոր ուսումնական պլանով չի սկսվում: Է°լ Նապոլեոն ու Մակեդոնացի, է°լ Անանիա Շիրակացի, ապա գեղեցիկ շրջադարձ մաթեմատիկային»,- ներկայացնում է մեր զրուցակիցը: Ո՞վ չի տարվի այսպիսի դասով, այսպիսի մատուցմամբ ո՞վ չի սիրի մաթեմատիկան: Ամփոփենք տնօրենի` նշանաբանի հավակնող խորհրդածությամբ, որ հնչում է նաև նվիրական երազանքի պես. երկրի վաղվա նախագահը, նախարարներ ու կառավարիչներ, լավ հացթուխ ու երկիր շենացնող հողագործ գուցե հենց մեր դպրոցի՞ց են դուրս գալու: Տա Աստված, և թող կատարվեն Ձեր իղձերը բոլոր:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ