ԳՈՐԾԵՐՆ ԵՆ ՀԱՎԱՏԸՆԾԱ


Այցեքարտ: Զոհրաբ Սենիկի Զոհրաբյան. Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում: Այնուհետև Երևանի «Նաիրի» կոշիկի ֆաբրիկայում աշխատել է որպես արտադրամասի պետ: 1998 թ. հիմնադրել է «Արաբկիր-սպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: 2001-ին ավարտել է ՀՀ Գյուղատնտեսական ակադեմիան` ստանալով գինեգործի որակավորում: 2005 թվականից ղեկավարում է Արաբկիր համայնքի թիվ 1 մարզադպրոցը: Ամուսնացած է, երկու դուստրերի հայր: Հատկապես քաղաքականացված մեր օրերում հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, որոնց կեցության չափանիշը ոչ թե լոկ խոսք ու խոստումներն են, այլ լիարժեք ապրած ամեն օրն ու կոնկրետ գործերը: Սրանք են վստահության այն հենքերը, որոնք կարող են պարարտ հող դառնալ` ժողովրդի հավատի վերականգնման: Մեզանում հիրավի դժվար է բոլոր ծրագրերն իրականություն դարձնելը: Այդուհանդերձ ժողովուրդն առանց հավատի, առանց այդ հավատի արժևորման ապրել չի կարող: Եվ այդ հավատի վերականգնմանը նպաստելուն են միտված Զոհրաբ Զոհրաբյանի բոլոր ձեռնարկումները և° աշխատանքում, և° հասարակական գործունեության մեջ: Հատկապես այդ մտայնությամբ է Զոհրաբ Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրվել Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով: Հաջողություններ արձանագրած գործարարի և մարզադպրոցի տնօրենի նրա գործունեությունն ինքնին խոսում է արդյունավետ և նպատակասլաց ընթացքի մասին: Մարզադպրոցի արտաքին տեսքն արդեն իսկ փաստում է խնամքոտ ձեռքի առկայությունը: Բարեկարգ շենքի ներսում թե° կահավորանքը, թե° հարմարավետությունը` աչք շոյող մաքրությամբ լավագույն վկայությունն են այն սրտացավ վերաբերմունքի, որ ցուցաբերում է տնօրենն իր պատասխանատվությամբ գործող կրթօջախի նկատմամբ: Այստեղ մոտ 700 սաներ անվճար կոփվում են 7 մարզաձևերով, որոնց շուտով կավելանա ևս 2-ը: Մարզադպրոցում դասավանդում են իրենց գործի իսկական նվիրյալներ, սպորտի փորձառու վարպետներ: Եվ պատահական չէ, որ հատկապես նրանց սաներն են համալրում Հայաստանի պատանեկան հավաքականների թիմերը` հաղթանակներ արձանագրելով ոչ միայն Հանրապետությունում, այլև մրցանակային պատվավոր տեղեր գրավելով միջազգային մրցասպարեզներում: Մարզադպրոցում ուսումնական տարին ամփոփվում է յուրատեսակ հաշվետվությամբ, որտեղ սաները ներկայացնում են իրենց ունակություններն ու հմտությունները: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանը համոզված է. - Յուրաքանչյուր գործի հաջողության գրավականը աշխատանքն է: Աշխատանքով, ժողովրդի հոգսուցավը կիսելով միայն կարելի է արժանանալ նրա վստահությանը: - Հատկապես ո՞ր ծրագրի իրագործումն է Ձեզ մղել դառնալ պատգամավոր, և ո՞րն եք համարելու Ձեր թիվ 1 անելիքը խորհրդարանում: - Ընտրվելու դեպքում անելիքները շատ են: Բայց առաջնահերթը կարևորում եմ երեք հիմնախնդիրների` գործազրկության, կոռուպցիայի և անպատժելիության վերացումը: Այս պարագայում շատ հարցեր կկարգավորվեն, այդ թվում և սոցիալական: - Ձեր կարծիքով, ի՞նչ նկարագիր պետք է ունենա խորհրդարանականը: Մարդկային հատկապես ի՞նչ արժեքների կրողը պետք է լինի ժողովրդի ճշմարիտ ընտրյալը: - Բազմաթիվ քաղաքական գործիչներ նշում են, որ մարդկային հատկանիշները քաղաքական կատեգորիա չեն: Սակայն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահը փաստեց, և նշանավոր շատ քաղաքական գործիչներ էլ ընդգծեցին, որ մարդկային հատկանիշները ամենակարևոր գործոնն են: Մարդկանց հանդեպ ուշադրություն, նրանց հոգսերով ապրելու ունակություն և այդ հոգսերը մեղմելու պատրաստակամություն. ահա ինչով պետք է առաջնորդվի պետական այրը, քաղաքական գործիչը: - Ձեր վերաբերմունքը Օրենսդիր մարմնի հանդեպ: - Ըստ իս, Ազգային ժողովը ոչ թե հարցեր պարզելու տարածք է կամ մրցակցային ռինգ, և կամ նեղ-անձնական խնդիրներ լուծելու արենա: Դա պետք է հստակորեն գիտակցի և° ժողովուրդը, և° նրա ընտրյալը համարվող թեկնածուն: Հատկապես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորից ժողովուրդն ավելի շատ սպասելիքներ ունի: Կարծում եմ` օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է մշտական կապի մեջ լինի իր ընտրողների հետ, լավագույնս տեղեկացված լինի նրան հուզող խնդիրների մասին, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն շռայլ խոստումներով նրանց շլացնելու փորձեր կատարի: Եթե էությամբ ժողովրդի բարօրությամբ մտահոգված քաղաքացի ես` օգնիր նրան: Օգնիր ոչ թե այն ժամանակ, երբ նրա քվեների կարիքն ես զգում, այլ երբ նա է քո սատարումին և աջակցությանն ապավինում: Ճշմարիտ քրիստոնյան չպետք է թմբկահարի իր բարեգործությունների մասին, այլ վարվի բարեմիտ հավատացյալի նման: Հետաքրքիր ու հավատընծա են Զոհրաբ Զոհրաբյանի մտորումները Ազգային ժողովի դերի և պատգամավորի կերպարի մասին: Չէ՞ որ ժողովուրդը գործին է հավատում, իր հոգսերին ականջալուր լինողի մարդկային նկարագրին, որն ամբողջանում է տարիների ընթացքում և կոնկրետ գործերով: Իրենց ընտրատարածքում գրանցված թեկնածուի մասին սիրով են խոսում նրան անձամբ ճանաչողներն ու անգամ հեռակա կարգով նրա մասին հետաքրքրված արաբկիրաբնակները: Լիլիթ ԹԱՐԽԱՆՅԱՆ- Զոհրաբ Զոհրաբյանի շնորհիվ մարզադպրոցում ստեղծվել են ամենահարմարավետ պայմաններ: Իսկ որ ամենակարևորն է` երեխաները մարզվում են հմուտ մասնագետների ղեկավարությամբ և շրջապատված են պահանջկոտ հոգատարությամբ: Գոհար ՂԱԶԱՐՅԱՆ- Մեր երեխաները մարզվում են անվճար: Դպրոցի բարի համբավն է բարձր վարկանիշը, ինչը, անշուշտ, նախևառաջ, տնօրենի արդյունավետ աշխատանքի արդյունք է: Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ- Զոհրաբ Զոհրաբյանի ջանքերով վերանորոգված մարզադպրոցը ընդօրինակելի կարող է համարվել շատ կրթօջախների համար: Մենք երկար տարիներ ապրել ենք Ռուսաստանի Դաշնությունում, և նույնը չեմ կարող ասել այնտեղի մարզադպրոցի մասին: Հասմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- Հաճելիորեն կարելի է զարմանալ թե° մարզասրահների բարեկարգ ու նորոգ տեսքից, թե° մեզ` ծնողներիս համար նախատեսված հարմարավետ պայմանների առկայությունից:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ