Ընկերներս իմ հարստությունն են և ուժը


Արտաշատի տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով` մարդը չի կարող երջանիկ լինել, եթե հոգում նախանձ կա, եթե սեփական կյանքը չի ջերմացնում բարության ու կարեկցանքի լույսով: - Երբ իմացա, որ Դուք ալափարսցի եք, հիշեցի Ձեր համագյուղացիներին վերաբերող թևավոր արտահայտությունը` մեռել ծեծող ալափարսցի: - Ալափարսցիները արդարացի, միևնույն ժամանակ վրիժառու ժողովուրդ են: Եթե մարդը սխալ է գործել, նույնիսկ մեռած ժամանակ պիտի հատուցի, ալափարսցիները նույնիսկ մահացածին անպատիժ չեն թողնի. սա է Ձեր ասած արտահայտության իմաստը: Ճիշտ է, այն մի քիչ խիստ է, ծայրահեղացված, բայց էությունը, կարծում եմ, հասկանալի և ընդունելի է: Իմ արմատները Մակու քաղաքում են, ալափարսցիների մեծ մասը վերաբնակներ են` կամ մակվեցի են, կամ խոյեցի: Ես շատ ազնիվ, մեծահոգի և աշխատասեր պապ ունեի, 83 տարեկանում էնքան պինդ ու առողջ էր, որ չորս-հինգ տղամարդու գործ էր անում: Ձյան հաստ շերտով պատված խոտի հսկայական դեզը պատահաբար շուռ եկավ ու տակով արեց պապիս: Եթե այդ պատահարը չլիներ, պապս դեռ շատ երկար կապրեր: Ես շատ եմ կապված եղել իմ Արուս տատի հետ: Տատս կրթություն չուներ, բայց շատ ուսումնականներից գրագետ էր, խելացի ու իմաստուն: Ինձ Հենդրիկ էր ասում: Մի օր ասաց. «Հենդրիկ, բալա, մահից չեմ վախենում, վախենում եմ տարիներ անցնի, ու իմ ժառանգները գերեզմանս մոռանան»: Հիմա ինքս թոռնիկներ ունեմ, բայց տատիս խոսքը դեռ ականջներումս է. մարդը նույնիսկ մեռած ժամանակ է միայնությունից, մոռացվելուց վախենում, նույնիսկ մեռած ժամանակ սիրո և ջերմության կարիք ունի: Ես միշտ ծաղիկներ եմ տանում տատիս: Ես մանկավարժների ընտանիքում եմ ծնվել: Հայրս բնավորությամբ ավելի մեղմ էր, փափուկ, քան մայրս: Ե°վ ավագ եղբայրս, և° ես, և° քույրս մամայից վախենում էինք, շատ ազդեցիկ կին էր, երկար տարիներ դպրոցի տնօրեն էր աշխատել, նույնիսկ ձայնը բարձրացնելու առիթ չէր լինում, բայց և° համագյուղացիները, և° ուսուցիչները, և° աշակերտները քաշվում էին մորիցս: Մայրս ինձ մեկ անգամ ապտակել է, մատների տեղը մնացել էր դեմքիս: - Ենթադրում եմ, որ այդքան խիստ մայր ունենալով` շատ խելոք ու հնազանդ երեխա եք եղել: - Ինձ համար մորիցս բացի մեծ հեղինակություն էր նաև ավագ եղբայրս` Գագիկը, Հանրապետության զինվորական կոմիսարի առաջին տեղակալ, գնդապետ Գագիկ Կարապետյանը: Եղբայրս սրբություն է ինձ համար, ես 52 տարեկան եմ, բայց մինչև այսօր եղբորս մոտ չեմ ծխում: Այդուամենայնիվ, ես երբեք խելոք ու հնազանդ չեմ եղել: Մոտ ընկերներ եմ ունեցել, սիրել եմ դրսի կյանքը, կերուխումը, զվարճությունները, սիրել եմ կանանց, արկածախնդրություն, լավ հագնվել, մեքենաներ: Երազում էի տաքսու վարորդ դառնալ: Դպրոցում լավ էի սովորում, բայց չէի ցանկանում բուհ դիմել: Ծնողներս չկարողացան ինձ համոզել, ստիպված ապավինեցին եղբորս հեղինակությանը, նա պարտադրաբար գործերս տարավ պոլիտեխնիկական ինստիտուտ, քննություններին մեկ օր էր մնացել: Ստիպված գնացի քննության և ընդունվեցի: Իմ կյանքում շատ ուրախ ու երջանիկ շրջան սկսվեց: Ես էությամբ քաղաքաբնակ եմ, սիրում եմ մեծ քաղաքի ռիթմը, շարժումը: Ընկերներիս հետ օրնիբուն զվարճանում էի, հաճույք էի ստանում կյանքից: - Ուսանողական շրջանից եք խոսում, բայց սովորելու մասին ոչինչ չասացիք: - Ես շատ ընդունակ էի, շուտ էի յուրացնում, բարձր գնահատականներ էի ստանում, սակայն երբեք պարտաճանաչ ու կարգապահ չեմ եղել: Միշտ փախել եմ դասերից: Իմ ժամանակի մեծ մասը նվիրում էի ընկերներիս: - Ոնց որ հասկացա` ընկերները մեծ տեղ են գրավում Ձեր կյանքում, ովքե՞ր են նրանք, ո՞ւմ հետ եք ընկերանում, ի՞նչ եք հասկանում ընկեր ասելով: - Ընկերը նա է, ով դժվար պահին կանգնում է թիկունքիդ, երբ ընկնում ես, օգնում է, որ բարձրանաս: Ինձ համար ուրիշ չափանիշ չկա: Ես շատ ընկերներ ունեմ, հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր: Ցանկացած լավ մարդ կարող է իմ ընկերը լինել: - Ձեր հազարավոր ընկերները բոլորն էլ լա՞վ մարդիկ են: - Ես խղճում եմ այն մարդկանց, ովքեր կարծում են, թե աշխարհում չարն ավելի շատ է, քան բարին, աշխարհում այնքան լավ մարդիկ կան, հենց մեր քաղաքում` Երևանում, այնքան ազնիվ, պարկեշտ, կարգին տղամարդիկ կան, իսկական ընկերներ: - Իսկ ընկերուհինե՞ր... - Չէ, կինը ինձ ընկեր չի կարող լինել: Կինը տատիկ է, մայր է, քույր է, ազգականուհի է, կողակից է, սիրուհի է... բայց ընկե՜ր չեմ պատկերացնում: Ես տարբեր կարգի, խավի, սոցիալական վիճակի, մտավոր կարողության, դիրքի, պաշտոնի ընկերներ ունեմ, բանվորից սկսած մինչև նախարար ու գեներալ, նրանք իմ ուժն են, իմ հարստությունը, առանց նրանց կյանքս չեմ պատկերաց նում, յուրաքանչյուրի համար պատրաստ եմ մեծ զոհողությունների: - Ինչպե՞ս զինվորական դարձաք: - Պոլիտեխնիկն ավարտելուց հետո սկսեցի աշխատել արտադրությունում, ես լավ մասնագետ էի, անմիջապես նշանակեցին հերթափոխի պետ: Գործից շատ լավ գլուխ էի հանում, ջահել տղա էի, բայց էնքան էի վաստակում, որ մեքենա առա: Եղբայրս զինծառայությունն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ, զինվորական կրթություն ստացավ: Ես միշտ էլ անվերապահորեն ընդունել եմ Գագիկի հեղինակությունը, ու երբ նա առաջարկեց ծառայության անցնել խորհրդային բանակում, առանց երկար-բարակ մտածելու համաձայնեցի: Ծառայությունս սկսեցի 1980 թ. Նոր Նորքի զինկոմիսարիատում, որպես բաժնի պետի տեղակալ: Հետո ավարտեցի Բաքվի համազորային բարձրագույն ուսումնարանը: - Փաստորեն, 80 թվականից մինչ օրս զինկոմիսարիատի համակարգում եք` 27 տարի: Ե՞րբ է եղել ամենածանր շրջանը: - Ես երբեք չեմ բողոքել զորակոչային ռեսուրսների սակավությունից, զորակոչիկին բանակ հասցնելը խնդիր չի եղել ինձ համար, մեր տղաները, փառք Աստծո, հայրենասեր են, թասիբով, գիտեն իրենց հողն ու տունը պաշտպանել: Ամենասոսկալին ինձ համար զոհված զինվորի դին հարազատին հանձնելն է: Ես, ընդհանրապես, պինդ տղամարդ եմ, ինձ հեշտ չէ խուճապի մեջ գցել, բայց մի անգամ իսկապես կորցրել էի ինձ: Ռազմադաշտից 26 դիակ բերեցին, պառկեցրին զինկոմիսարիատի մուտքի մոտ ու գնացին: Ես այդ ժամանակ Հրազդանի զինվորական կոմիսարն էի: Ինձ կորցրեցի, խուճապի մեջ ընկա, նույնիսկ հիշելիս հուզվում եմ: Ինչքան դագաղագործ կար հավաքեցի, փայտ ճարեցի, ու նրանք ամբողջ գիշեր դագաղ պատրաստեցին, որ լուսաբացին զոհված տղաներին հանձնենք հարազատներին: Կոտայքի մարզպետը իմ քրոջ ամուսինն է, պատերազմի տարիներին կամուֆլյաժ էի նվիրել, զանգեցի հետ ուզեցի, որ հագցնեմ զոհվածներից մեկին, որը առանց հագուստի էր, մեկին էլ սեփական համազգեստս հագցրի: Էդ օրը երբեք չեմ մոռանա, իմ կյանքի ամենածանր օրերից մեկն էր: Մենք պետք է միշտ հիշենք, թե ինչ ծանր գին վճարեցինք Արցախի ազատագրության համար ու պիտի պատրաստ լինենք պաշտպանելու ազատագրված ամեն թիզ հողը: - Երիտասարդ սերունդը պատրա՞ստ է պաշտպանել հայրենիքը ավագների ինքնազոհությամբ, նվիրումով: - Չէի ասի, թե երիտասարդ սերունդը շատ զարգացած է, կարդացած, սովորող, բայց ոգին կա, Հայրենիքի հանդեպ սերն ու քաջությունը մեր արյան մեջ է: Իհարկե, դա չի նշանակում, որ պիտի անտեսենք կրթության ու դաստիարակության դերը, բայց չպիտի հոռետես լինենք, պիտի հավատանք, որ երկրորդ սերունդը ոչ միայն պաշտպանելու է Արցախյան պատերազմի նվաճում ները, այլ նոր հաղթանակներ է տոնելու: - Դժվա՞ր է զինկոմիսարի աշխատանքը: - Զինկոմիսարը պիտի բազմակողմանի զարգացած լինի, պիտի հոգեբան լինի, մանկավարժ, մարդկանց հետ շփվել կարողանա, հարգանք ու վստահություն ներշնչի: Պիտի այնպես անի, որ իր տարածքում կշիռ ու հեղինակություն ունենա ու երբեք չպետք է հուսախաբ անի զինակոչիկին ու նրա ծնողներին: - Ինչպե՞ս եք ապրում ծառայությունից դուրս, ինչո՞վ եք ապրում: - Ես շատ երջանիկ էի, ինձ շրջապատել էի ազնիվ, սիրելի մարդկանցով, լավ ընտանիք ունեի, լավ բարեկամներ, սիրած աշխատանք: Բայց դժբախտություն պատահեց. մահացավ երիտասարդ կինս, իմ հրաշալի, գեղեցկուհի, բարի, քնքուշ Ալլան: Ու մի տեսակ ամեն ինչ գունազրկվեց: Լավ տղաներ ունեմ, երկուսն էլ բարձրագույն կրթություն են ստացել, աշխատում են, երկու թոռնիկ ունեմ, մեկը իմ անունն է կրում, մյուսի անունը Գևորգ է, հորս անունն ենք դրել: Երբ ազատ ժամանակ եմ գտնում, շախմատ եմ խաղում (սիրում եմ ինտելեկտուալ խաղեր): Շատ եմ սիրում ճանապարհորդել:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ