«Մեր չափորոշիչները ճշտված են»


- Մենք դժգոհ ենք նրանից, որ որոշ խնդիրներ են առաջացել թե° տնտեսական դաշտում, թե° քաղաքական: Սա հետևանք է այն բանի, որ մի շարք գործիչներ, քողարկվելով քաղաքական տարբեր պիտակների տակ, կարողանում են օրենքից դուրս գործունեություն ծավալել: Ես երկու-երեք օր առաջ ելույթ եմ ունեցել «Խորհրդարանական ժամով» ու ասել եմ, որ այսօր հարկահավաքները պետք է հարկերը հավաքեն ոչ միայն փոքր ու միջին բիզնեսից, այլ նաև խոշոր գործարարներից, ովքեր օրը ցերեկով խուսափում են հարկեր տալուց և ինչ-որ տեղ էլ հպարտանում են դրանով, ու առոք-փառոք ընտրությունների են մասնակցում` մի բան էլ օրենքից դուրս մեթոդներ կիրառելով: Նամակով, հարյուր տասնյոթ ստորագրությամբ, այս հարցով ինձ են դիմել Արաբկիրի խանութպանները, պատմելով, թե ինչպես են իրենց նեղում: Օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն: Մենք դժգոհ ենք, որ սոցիալական արդարության սկզբունքները քիչ չափով են կիրառվում: Դժգոհ ենք, որ կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին օրենքը չի կիրառվել մինչև այսօր կառավարության կողմից, կարգը չի մշակվել և չեն սահմանվել այն նվազագույն աշխատավարձերն ու թոշակները, որոնք պետք է տրվեն ժողովրդին: Օրենքի պահանջները չեն կատարվել, այսինքն, յուրաքանչյուր տարի, տնտեսական աճին զուգահեռ, այս սահմանը պետք է աճեցվի: Ես չեմ կարծում, որ նշված հարցերը միայն սոցիալիստական կուսակցությունների մտահոգության առարկան պետք է լինեն: Բոլոր քաղաքական ուժերը պետք է մտածեն այս մասին: Դժգոհության շատ ու շատ այլ հարցեր կան` կադրային քաղաքականություն և այլն, և այլն: Սա մի առանձին ասուլիսի թեմա է: Սրանք ԱԺ պատգամավոր, ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի «կյանքից» դժգոհելու շարժառիթներն են, որոնց զուգահեռ կան նաև այլ մտահոգություններ. - Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս ընտրությունները նախորդին չնմանվեն: Այն հարցին, թե «ՀՅԴ-ն երբեք կասկած չի հայտնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ և չի դատապարտել դրանց ընթացքը, ինչո՞ւ հիմա սկսեց խոսել այդ մասին», նա պատասխանում է. - Վերջին ընտրություններին դուք հիշում եք, որ ԿԸՀ-ի մեր ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը վերապահումներով է ստորագրել վերջնական արձանագրությունը: Այնպես որ, մենք հույս ունենք, որ այս ընտրությունները, լավ իմաստով, կտարբերվեն նախորդից: Քիչ անց, նորից անդրադառնալով նույն թեմային, ասում է. - Աշխարհի ոչ մի երկրում իդեալական, մաքուր ընտրություններ չեն լինում: Հիշեք թեկուզ Բուշի ընտրությունները, Իտալիայի և այլն: Ստացվում է պարադոքսալ պատկեր` իշխանական կուսակցությունը փոթորիկ է բարձրացնում մի բաժակ ջրում: Եթե նախորդ ընտրությունները անցել են այնպես, որ կարելի էր բավարարվել սոսկ վերապահումներով, ուրեմն ինչո՞ւ են հիմա խոսում այդ մասին: Ավելին, եթե ընտրախախտումները օրինաչափ են բոլոր երկրների համար, ուրեմն ինչո՞ւ է այդ անխուսափելիությունը ասուլիսի թեմա դառնում: Իսկ եթե խախտումները եղել են ավելին, քան ընդունված շեղումներն են, ուրեմն ՀՅԴն ինչո՞ւ է ճանաչել դրանց արդյունքները: Հետագա թյուրըմբռնումներից խուսափելու համար մենք հարցրեցինք. - Դաշնակցությունը ընտրախախտումների ո՞ր քանակի ու որակի դեպքում չի ընդունի արդյունքները: Արդյոք ունե՞ք այդ չափորոշիչները: - Մենք ունենք այդ չափանիշները: Եթե ընտրակաշառքներն ու ընտրակեղծիքները համատարած լինեն, և մեզ մոտ բավականաչափ կուտակված փաստեր ունենանք, մենք կհայտարարենք, որ ընդհանուր առմամբ ընտրությունների պատկերը չի համապատասխանում ժողովրդի կամքին: Կգա ընտրության օրը, կտեսնենք, թե ի՞նչ է կատարվում, նոր մեր եզրակացությունը կանենք:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ