Բարեգործադուլ


- Կուսակցությունների ու թեկնածուների միջև որտեղի՞ց է բարիդրացիական վերաբերմունքը, եթե ոչ մեկը ձայն չունի, գրեթե ոչ մեկը ձայն չունի: Հույս ունեն գումարով ձայներ գնել կամ ուժայինով ձեռք բերել, կամ ռեսուրսին համապատասխան... Այս առումով մեր կուսակցությունը հինգ տարի աշխատել է և ունի արդեն համախոհներ: Եթե նրանք հույսները դրել են գաղափարախոսության վրա, ապա ես չեմ տեսնում նաև գաղափարախոսությունը: Ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերին այս գնահատականն է տվել ԱԼՄ հոլդինգի ղեկավար, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Եվ ընդհանրապես, նա դժգոհում է, որ շատերը կրկնում են իրեն` ակնոցներ են բաժանում, որ ինքը վաղուց արդեն բաժանել է. ինքը ավտոմեքենաներով կանանց տանում էր ստուգման, հիմա բուժսարքավորումներով մեքենան են ուղարկում գյուղերը: Իրեն մեղադրել են, ծիծաղել են, բայց հիմա բոլորն են երգում ու պարում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ անցած ընտրություններին կոնյակ էր բաժանում, բայց այսօր խոսում է ժողովրդավարությունից ու արդար ընտրություններից: Իսկ ամենից շատ նրան զայրացնում է այն փաստը, որ բոլորը հայտնվել են կենտրոնամետ դաշտում: - Հիմա բոլորը կենտրոնում են: Ի դեպ` Տիգրան Կարապետյանն այսուհետ բարեգործություն չի անելու, քանի որ հիմա բոլորն են դրանով զբաղված: Բացի այդ օրենքը թույլ չի տալիս: - Եթե իմանաք, որ նախընտրական շրջանում ես մեկին գումար եմ տվել, եկեք, ասեք ամոթ քեզ: Որովհետև, եթե հիմա տամ, կնշանակի, որ ես նրանից ակնկալիք ունեմ: Այդ նրանք ակնկալիք ունեն, իսկ ես ամեն ինչ արել եմ հենց այնպես: Վկա է Աստված: ...Աստվածաշունչն ասում է` հունդդ պարարտ հողի մեջ գցիր: Հիմա մենք պարարտ հողում ցան ենք արել և մեկին` հազար կստանանք: Ի՞նչ եք ուզում: Ես, իհարկե, ոչինչ. նույնիսկ` հեռուստացույց չեմ ուզում:

Գ. ԱԲԳԱՐՅԱՆ