«Անառակ որդու» վերադարձը


«Իմ թեկնածությունը պաշտպանում է ՀԺԿ-ն, ԱԺՄ-ն և այլն: Ինչի՞ մասին է խոսքը, ես միամիտ չեմ» - Ընդդիմադիր դաշտը ներկայացնող բազմաթիվ լուրջ քաղաքական ուժեր և գործիչներ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում կպաշտպանեն իմ թեկնածությունը: Այս մասին նրանք համապատասխան հայտարարություններով հանդես կգան: Այս ձևով է իշխանական մատույցներում երկար և անպտուղ դեգերելուց նորից հարազատ «օջախ» վերադառնալու հայտ ներկայացնում նախկին ԱԺ պատգամավոր, պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանը և որպեսզի դույզն ինչ պատկերացում տա իր և ընդդիմադիր դաշտի փոխհարաբերության մասին, ավելացնում է. - Այսինքն` տվյալ պարագայում ես կոչ եմ անելու իմ ընտրողներին, որ իրենց ձայնը տան ընդդիմությանը, իսկ թե ընդդիմության ո՞ր հատվածին` կորոշեմ նախընտրական քարոզչության ընթացքում: Ես իմ համակրանքներն ունեմ: Վ. Դալլաքյանի պատկերավոր բնորոշմամբ` - Նախագահ Քոչարյանը հեռանում է, իսկ Սերժ Սարգսյանը չի կարողանում գալ: Թե ինչո՞ւ չի կարողանում գալ կամ ինչպե՞ս պետք է այդ գալուստը նկատելի դառնար բանախոսին, նա չմանրամասնեց, սակայն նկատեց, որ Ռ. Քոչարյանին բացառիկ շանս է տրված` որպես ռեֆորմատոր հեռանալու համար: Իր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխհարաբերությունները Վ. Դալլաքյանը ներկայացնում է իբրև կաթվածի առիթ` ոմանց համար. - Ես հասկանում եմ ձեր հետաքրքրությունը իմ և «ԲՀ»-ի միջև, ուստի պատասխանեմ. եթե նա հանդես գա, որպես ինքնուրույն քաղաքական ուժ, ապա ես համոզված եմ` նա խորհրդարանում կունենա ծանրակշիռ ներկայություն: Կրկնում եմ, եթե հանդես գա իրոք որպես լուրջ քաղաքական ուժ: Ինչ վերաբերում է ինձ, ապա կասեմ, որ այն քաղաքական ծրագիրը, որը ես դրել եմ իմ առջև, միանգամայն տեղավորվում է բոլոր այն գործընթացների շրջանակներում, որ տեղի են ունենում քաղաքական տարբեր ուժերի հարաբերություն ների միջև: Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ավելացնեմ նաև, որ իմ և «ԲՀ» նախագահ Գագիկ Ծառուկյանի փոխհարաբերությունները գտնվում են փոխադարձ հարգանքի տիրույթում` ինչը կարող է կաթվածի հասցնել որոշ մարդկանց: