ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ լավագույն գնահատականն է


Բալզակի հերոսներից մեկը` Վոտռենն ասում էր.«Ուժեղ մարդը նա է, ով դեպքերն ու հանգամանքներն իրար միացնելով առաջ է մղում»: Սա կարծես քաղաքական գործչի հագով ձևված բնորոշում է, թեև տիպիկ է նաև հաջողակ գործարարին: Ինչպիսի՞ խոչընդոտներ ու խութեր է հաղթահարում քաղաքական գործիչն իր ճանապարհին և ի՞նչ հարթությունում է ձևավորվում նրա իմիջը: Այս հարցերի շուրջ «Ավանգարդի» հետ իր մտորումներն է կիսում ԱԺ պատգամավոր Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ: - Սովորաբար 22-23 տարեկան հասակում մարդն արդեն ընդունակ է իր համար պարզել, թե որքանով է հետաքրքրվում քաղաքականությամբ, քանի որ երիտասարդներից շատերն այդ պայքարում գերադասում են բիզնեսը: Կարևոր է, թե երիտասարդը քաղաքական ո՞ր կերպարով է հրապուրված, չէ՞ որ անձի դերը մեծ նշանակություն ունի, նրա ծրագրերը, գաղափարախոսությունն ու վերը նշված կարևորագույն մի քանի հատկանիշներն են, որ իրենց պարզությամբ, հստակությամբ կարողանում են գրավել և իրենց շուրջ համախմբել երիտասարդ մարդկանց: Խարիզմատիկ լիդերներին առավել հեշտ է նվաճել երիտասարդությանը: Կարծում եմ, 30 տարեկանից հետո միայն հաշվենկատութ յունն է մարդուն ուղղում քաղաքականություն: Կնոջ հարցում այլ է, նրա մուտքը քաղաքականություն պետք է լինի 30 տարեկանից հետո, քանի որ անձնական կյանքը, ընտանիքը նրան ստիպում են մոր, ամուսնու, տնային տնտեսուհու պարտականությունները կատարել: Իսկ հանուն քաղաքականության կինը չպետք է զոհաբերի իր գլխավոր առաքելությունը: Այստեղ է, որ ընտանիքը, ամուսինը, հարազատները պետք է սատարեն կին քաղաքական գործչին: Հասարակությունն անհանդուրժող է կնոջ անգամ ամենափոքր սխալի նկատմամբ, մինչդեռ, ներողամիտ է տղամարդկանց հանդեպ: Սրանք կարծրատիպեր են, որոնք պետք է կոտրել: Քաղաքական դաշտում կնոջ յուրաքանչյուր քայլ գնահատվում է տղամարդկանց հետ համադրելու միջոցով: Սա ինքնին սխալ է: Մենք պետք է քայլ առ քայլ փոխենք ավանդույթի ուժը, ազդենք հասարակական կարծիքի վրա, որպեսզի կինն ու տղամարդը դիտարկենք հավասար, չէ՞ որ նրանք հայոց նույն արգանդից են սերվում, կրթվում նույն հասարակության մեջ: Համոզված եմ, որ երբ կինն ու տղամարդը ավելի խորացած են արարելու, ստեղծելու գործընթացում, ապա կնոջ համար փակ դռներն այլևս բացառվում են, և լիարժեք հասարակություն ստեղծելու, ձևավորելու գործում կինն ու տղամարդը կարժևորվեն հավասարապես:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ