Արյունահեղությունների «ընտրված պահի» տրամաբանությունը


ԱԺ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկման շեմին Հայաստանում արձանագրվեցին հրազենի օգտագործմամբ մահափորձեր և այլ կարգի բռնություններ: Դրանց արդյունքում ծանր վիրավորվեցին Գյումրիի քաղաքապետը և փոխքաղաքապետը, զոհվեցին երեք երիտասարդ թիկնապահներ, վարորդը: Մեկ շաբաթ անց, կիրակի օրը ավտոմատային կրակահերթեր արձակվեցին թիվ 19 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, էջմիածինցի Հակոբ Հակոբյանի և նրա ավտոմեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, վնասվեց միայն ավտոմեքենան, իսկ թեկնածուն պատահակա նորեն փրկվեց: Նույն օրը, մի քանի ժամ անց, հրդեհվեց նույն ընտրատարածքի պատգամավորության մեկ այլ թեկնածուի` Սուսաննա Հարությունյանի նախընտրական շտաբը: Այսքանը` միայն չոր փաստեր` ինչպես ընդունված է ասել տեղեկատվություն` խորհրդածության համար: Իսկ խորհրդածությունների արդյունքում անխուսափելիորեն հանգում ես այն եզրակացության, որ Հայաստանում որոշ ուժեր խիստ շահագրգռված են Հանրապետության քաղաքական կյանքի ապակայունացմամբ: Ինչպես նաև առաջիկա ընտրությունների վրա ստվեր գցելու ուղղությամբ` վերոնշյալ ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում, չեն խորշում նույնիսկ ամենաստոր ու գարշելի միջոցներ կիրառելուց: Այստեղ անհրաժեշտաբար պետք է տալ դասական հարցը. ո՞ւմ է դա ձեռնտու: Ցավոք, այնքան շատ կուսակցությունների և առանձին անհատների է ձեռնտու, որ անհնարին է կողմնորոշվել և մատնացույց անել արյունալի ոճիրների հնարավոր պատվիրատուներին: Առավել ևս, եթե այս պահի դրությամբ դեռևս ոչ մի կոնկրետ փաստարկ չկա: Այնուամենայնիվ, մեկ այլ` «ում այդ բոլորը ձեռնտու չէ» հարցին հստակ կարելի է պատասխանել: Բնականաբար, իշխանական ուժերին` առաջին հերթին ՀՀԿ-ին: Այսինքն, պարզ է ոճրագործությունների «սլաքի» ուղղությունը: Նույնքան հստակ է, որ պետք է արագ կանխել արյունալի նախճիրը, քանզի այն հաստատ շարունակման միտում ունի: