Նախընտրական քարոզարշավը և «ընտրաշուկան»


Ընտրական գործընթացների թռուցիկ դիտարկումն անգամ վկայում է, որ հայաստանյան «ընտրաշուկայում» առաջարկի ու պահանջարկի առումով շատ բան չի փոխվել` որոշակի վերապահումով: Պահանջարկն ու առաջարկը ձևավորողն ու թելադրողը հիմնականում մնում է նույնը, ինչ նախորդ ընտրություններում` սոցիալականը: Սա քաղաքացիական հասարակության մակարդակի թելադրանքն է: Այսօր Հայաստանի շարքային ընտրողի մոտ (մեջ) գերակայում է եսակենտրոնությունը, երբ մարդն իր և ընտանիքի բարօրությունը տեսնում է ընդհանուրից անջատ, երբ թույլ է գիտակցումը, որ սեփական բարօրությունը բխում է ընդհանուրի բարօրությունից: Այստեղ էլ` «ընտրաշուկայում» գերիշխող` սոցիալական պահանջարկն ու առաջարկը, ընտրակաշառքը. բարեգործություն, «տելեվիզր» կարտոֆիլ ու տուկի թել, ինչը պաշտոնականից շատ շուտ սկսած իր քարոզարշավում կիրառեց մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Մայրաքաղաքում այսօր առկա է, այսպես կոչված, ասֆալտային մտածողությունը: «Ով կասֆալտի, կբարեկարգի մեր բակն ու ճանապարհները, նրան էլ կընտրեմ»,- այս արտահայտությունը կարելի է լսել ընտրական թեմաներով բակային զրույցներում: Իսկ «ընտրաշուկայում» առաջարկ - պահանջարկի մեջ վերոհիշյալ` վերապահումները տեղավորվում են, այնուամենայնիվ, գոյություն ունեցող գաղափարական պայքարի շրջանակներում: Ըստ քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանի, մեր օրերում կենսունակ են հատկապես աղքատության հաղթահարման, կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական արդարության և նման այլ գաղափարները: Սրանք գաղափարներ են, որոնք նախորդ ընտրություններում դիվիդենտներ են բերել ընդդիմադիր ուժերին ու գործիչներին: Սակայն, նկատենք` այս ամենը հաշվետու ժամանակաշրջանում արտահայտվել են կոալիցիոն կառավարության գործունեության մեջ, և գործադիրում հիմնական մաս կազմող Հանրապետականը հայտարարել է, որ պատասխանատու է տնտեսական կայունության, պաշտոնական երկնիշ տնտեսական աճի համար: Գաղափարական առումով նորություն մտցնելու փորձ է, թերևս, ՀՀՇ-ի առաջարկած կարգախոսը`. «Հանուն Հայաստանի շահի», որի հապավումը նույնանում է կուսակցության անվան հետ` ՀՀՇ: Մեր օրերում, երբ սրվում է միջազգային լարվածությունը, հատկապես Հայաստանի անմիջական հարևանի` Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, ընտրություններում կարող են որոշիչ լինել նաև աշխարհաքաղաքական կողմնորոշումները: Եվ որքան էլ ՀՀՇ-ն շեշտի, որ ինքը հայաստանամետ է, այնուամենայնիվ, հայ իրականության մեջ այդ կուսակցությունն ընդունվում է որպես արևմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժ, որի քաղաքական վեկտորն ուղղված է դեպի ՆԱՏՕ: Իսկ ի՞նչ կլինի, եթե մի օր Հայաստանի ռազմակայաններում ռուսականի փոխարեն տեսնենք մեզ համար օտար ամերիկյան զորքեր: Այս տագնապալի հարցը կա, թերևս, շատերի գլխում: Անցած շաբաթ Երևանում էր ՌԴ արգործնախարար Լավրովը: Ընտրությունների նախաշեմին ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը, թե Ռուսաստանը կցանկանար ՀՀ նախագահի պաշտոնում տեսնել Սերժ Սարգսյանին, աննախադեպ էր: Ռուսաստանը Հայաստանում նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ երբեք պաշտոնապես չէր հայտնել ՀՀ նախագահի պաշտոնում որևէ մեկին տեսնելու իր ցանկության մասին: Սրան գումարած` ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, թե ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, կարծում ենք, առանց այդ էլ ռուսական կողմնորոշում ունեցող հայաստանցու գիտակցության մեջ շատ բան որոշեց հօգուտ ներկայիս իշխանությունում գերիշխող դեր ունեցող ՀՀԿ-ի օգտին: Այս ամենի համապատկերում, թերևս, չի կարելի չհամաձայնել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի` Արամ Կարապետյանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ՀՀ նախագահական ընտրությունների նախերգանքն են: Այդ նախերգանքում պակաս կարևոր ակորդ չէր վերջերս Արմավիրում կայացած քաղաքապետի ընտրությունը: Այստեղ ՀՀԿ-ն հաղթեց նորելուկ, քաղաքական կենսագրություն չունեցող, բայց հատկապես խոշոր ֆինանսական կարողության տեր քաղաքական ուժին: Իսկ այս իրողությունը վկայում է, որ հայաստանյան «ընտրաշուկայում» սոցիալական պահանջարկը քայլ առ քայլ իր տեղը զիջում է գաղափարականին, ինչին նպաստում են նաև քաղաքական տեխնոլոգիաները, որոնց ականատեսը կլինենք առաջիկա օրերին արդեն պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի ընթացքում: