ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆ ՋՐԱՂԱՑԸ` ՆՈՒՅՆ ՋՐՈՎ


Կարգախոսները, որոնցով քաղաքական ուժերը պետք է մասնակցեն մայիսի 12-ի ընտրություններին, արդեն հայտնի են: Դատելով այն հավաստիացումներից, թե լավ կարգախոսն ամփոփում է ոչ միայն տվյալ կուսակցության ապագայի մասին պատկերացումները, այլ նաև այդ ապագայի կերտման գործում իր բաժին դերակատարությունը, կարելի է ենթադրել, որ քարոզարշավում ներգրավվածների գերակշիռ մասն այնքան էլ լավ չի պատկերացնում այդ հեռանկարը: Հենց այս պատճառով էլ նշված կարգախոսներում, որպես կանոն, բացակայում է իրատեսությունը: Բացի այդ, այս անգամ ևս քաղգործիչներն ավելի շատ նախապատվություն են տվել հայրենիք, ժողովուրդ, արդարություն, սկզբունք բառակապակցություններով կազմված հակիրճ, սակայն միանման լինելու պատճառով խիստ շփոթելի կարգախոսներին: Անտեսվել է, որ նախորդ մի քանի ընտրություններում արդեն փորձարկված այս մոտեցումը վաղուց դադարել է ազդեցիկ լինել և հազիվ թե ընտրազանգվածին վերստին հրապուրելու հնարավորություն կարողանա ընձեռել: Կարգախոսների առատությունը ևս չի կարող փոխել իրադրությունը: Ասենք, եթե ամեն ինչից շատ-շատ ունենալու կողմնակից «Բարգավաճ Հայաստանը» արդեն մոտ տասը կարգախոս է հրապարակել, ապա դա բոլորովին էլ չի երաշխավորում, թե դրանով ԲՀԿ-ի ստանալիք քվեները բազմապատկվելու են: Ավելի հավանական է, որ դևիզների առատությունը ընդհուպ մինչև նախնական որոշումը վերանայելու աստիճան մոլորեցնի ու հիասթափեցնի նշված քաղաքական ուժի ներկայիս պոտենցիալ ընտրողներին: Իր հերթին ՀՅԴ-ն փորձել է գործը հեշտացնել` դարձյալ ապավինելով ընկերականությանը: Սակայն դատելով դրա քառամյա փորձից` ընկերության շարունակությունն այնքան էլ մեծ արդյունավետությամբ աչքի չի ընկնելու: Իշխանական մյուս քաղաքական ուժը` Հանրապետականը, թերևս ավելի իրատես է գտնվել. «Քեզ համար, Հայաստա°ն» կարգախոսը ընկալվում է որպես անցնող տարիների կայուն, խոստումնալից և հեռանկարային զարգացումների քաղաքականության հետևողական շարունակման նորացված երաշխիք: Այս առումով որևէ այլ արտառոց ուղենիշ ՀՀԿ-ից սպասելն անպատկերացնելի էր, քանի որ նույնիսկ վերջին իրադարձություններից հետո ակնհայտ էր, որ նորացվելիք Կառավարությու նում և Խորհրդարանում Հանրապետականը շարունակելու է իրացնել իր ավանդական քաղաքականությունը: Ուստիև քաղաքական-գաղափարական խաչմերուկը ուրվագծվում է հենց այստեղ, երբ ընտրողին առաջարկվում է քվեարկել կամ հօգուտ կայունության ու աստիճանական բարեփոխումների, կամ է°լ ապավինել միանգամից դրա բազմապատիկը խոստացող արմատականների ծրագրերին` ավելացնելով չնախատեսված ցնցումների ու առայժմ միայն խոստումներով նախագծվող ապագա ունենալու հավանականությունը: Այսպիսով, նոր ձևավորվելիք խորհրդարանում ներկայանալ պատրաստվող ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերի կարգախոսների նմանությունն էլ իր հերթին է վկայում, որ ԱԺ նախորդ ընտրությունների օրինակով կուսակցությունները գաղափարական-ծրագրային լուրջ հակասություններ չունեն: Ավելին, 2003-ի նման պայքարը հիմնականում ընթանալու է ինքնամեծարման, ամենակարող ներկայանալու ու զուգահեռաբար սև քարոզչության և վերջին հաշվով իշխանամետներ-ընդդիմադիրներ դաշտում: Ահա հենց այստեղ էլ աստիճանաբար ավելի են նույնանալու քաղաքական ուժերի գերակշիռ մասի թե° կարգախոսները և թե° հետապնդած նպատակները: