ՌԵՊԼԻԿ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄՈՌԱՑԵԼԵՆ


 

Թերթերից մեկում կարդացի այն մասին, որ Սոս Սարգսյանի գլխավորած Համազգային թատրոնը բեմադրության է պատրաստում Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի բեմականացման բեմադրությունը: Բեմադրության ստեղծագործական կազմը ներկայացվել էր այսպես. «Բեմադրության գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է, բեմականացնող ռեժիսորը` Վիգեն Ստեփանյանը, կոմպոզիտորը` Մարտին Վարդազարյանը, բեմադրող-նկարիչը` Դավիթ Մինասյանը...»:

Նախ` չգիտես ինչու, հատկապես մեր շատ լրագրողներ, ինչպես տպագիր մամուլում, այնպես էլ հեռուստաեթերում խուսափում են հիշատակել «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ» պատվավոր կոչումը: Ցավոք, այս բարձրագույն կոչումն այսօր Հայաստանում ունեցողների թիվը չափազանց քիչ է. Վարդուհի Վարդերեսյան, Սոս Սարգսյան, Էդվարդ Միրզոյան, Հովհաննես Չեքիջյան: Ուրեմն, չպետք է մոռացության տալ այդ կոչումը, նշել անպայման, որովհետև մարդիկ այդ կոչմանն են արժանացել արվեստում ունեցած իրենց մեծագույն ծառայությունների և տաղանդի համար:

Մի հանգամանք ևս. ինչպես Սոս Սարգսյանը, այնպես էլ մինչև 1991 թվականը պատվավոր կոչումներ ստացած անձինք չեն կարող լինել ՀՀ վաստակա-վոր կամ ժողովրդական արտիստներ, որովհետև նրանց այդ կոչումները հստակորեն կոչվել են ՀԽՍՀ:

Իսկ հիմա մի չափազանց կարևոր, միևնույն ժամանակ` վիրավորական տեղեկատվության մասին: Ինչպես արդեն տեսանք, նշվել է, թե բեմականացնող ռեժիսորը Վիգեն Ստեփանյանն է: Բեմականացնող` այսինքն, վեպի բեմավորող, դրամատիկական երկ ստեղծող: Իսկ «Հացի խնդրի» բեմականացնողը հայ ժամանակակից արձակի ամենանշանավոր դեմքերից մեկն է` Ռուբեն Հովսեփյանը, ով ստեղծել է չափազանց հետաքրքիր ու խորքային դրամատիկական երկ` յուրովի բացելով Պռոշյանի ստեղծագործության ենթաշերտերը: Նրա անվանն առհասարակ չենք հանդիպում այս թերթային տեղեկատվության մեջ, իսկ Վիգեն Ստեփանյանն էլ, ով ընդամենը բեմադրիչն է, ներկայացվել է որպես բեմականացնող: Սա չափազանց կարևոր վրիպում է, որը նաև ի չիք է դարձնում նշանավոր արձակագրի աշխատանքը:

Լ.Մ.