Դիպվածնե՞րն են կանխորոշում, թե՞ մարդիկ


 

Թեև ընդունված է ասել, որ դիպվածներն են կանխորոշում մարդկանց ապագան, և այդ իմաստով էլ անիմանալի են մարդկային ճակատագրերը, սակայն փորձը ցույց է տալիս, որ հստակ ու անբեկանելի է մեկ բան` յուրաքանչյուր մարդ ինքն է ուրվագծում իր ապագան: Եվ դա անում է ներկայում` իր արարքներով: Եվ մի՞թե այդ մասին չի վկայում նաև ներկայացվող պատմությունը:

Մարտի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել, որ Արաբկիրի վարչական տարածքում գտնվող մի բնակարանից արծաթյա իրեր և կտավե հնաոճ սրբապատկերներ են գողացել:

Գողությունը «տաք հետքերով» բացահայտելուն նպատակաուղղված ոստիկանների ձեռնարկումներն արդյունք տվեցին հանցագործությունից 9 օր անց` ապրիլի 7-ին:

Այդ օրը գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեցին ոչ թե նախկինում դատապարտված բազմափորձ հանցագործներ, այլ... երևանյան պատկառելի բուհերի ուսանողներ` 1991 թ. ծնված Արթուր Պ.-ն (ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ, 1-ին կուրս), 1990 թ. ծնված Արմեն Հ.-ն (ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, 2-րդ կուրս) և 1990 թ. ծնված Իշխան Մ.-ն (ՀՀ Ագրարային համալսարան, 2-րդ կուրս):

Մի քանի խաչաձև հարցերից հետո երիտասարդները ստիպված էին խոստովանել, որ գողությունը կատարել են իրենք:

Գողոնը մասամբ առգրավված է, իսկ ապագա տնտեսագետի, փիլիսոփա-հոգեբանի և գյուղատնտեսի ապագան` բուհերը ավարտելու առումով, վտանգված է, քանի որ նրանք երեքն էլ ձերբակալված են: