ԽՈՇՈՐ ՀՈՍՔԵՐ


 

Կենտրոնական դրամատան տվյալներով` Հայաստան եկող տրանսֆերտների ծավալն այս տարի կտրուկ ավելացել է: Միայն հունվար-փետրվար ամիսներին արտերկրում ապրող մեր հայրենակիցները 170 միլիոն դրամ են ուղարկել իրենց հայաստանաբնակ հարազատներին, ինչը 13 տոկոսի աճով է արտահայտվում: Տնտեսական շրջանակների գնահատմամբ երկնիշ թվով արտահայտվող ֆինանսական հոսքերի ավելացումը բավական նշանակալի է համարվում, իսկ վերջին շրջանում արձանագրված գնողունակության աճը, ինչպես նաև գնաճային հաղթարշավին սոցիալական տարբեր շերտերի դիմակայումը հենց գումարային հոսքերի ավելացմամբ է պայմանավորվում:

Ուշագրավ է, որ մեր ամենամեծ ֆինանսական «դոնորը» Ռուսաստանն է համարվում, և ստացված գումարից 137 միլիոնը կամ 80 տոկոսը բաժին է ընկնում հենց այս երկրին: Համեմատաբար քիչ, բայց դարձյալ միլիոնավոր դրամներով արտահայտվող գումարներ են ստացվել նաև Միացյալ Նահանգներից, Ուկրաինայից: Ենթադրվում է, որ Կենտրոնա կան բանկի կողմից ավելի ուշ հրապարակվելիք վերլուծություններում տրանսֆերտների ծավալներն ավելի մեծ տոկոսներով կարտահայտվեն, քանի որ եթե համեմատաբար պասիվ համարվող հունվար-փետրվար ամիսներին է նման ցուցանիշ ստացվել, ապա հաջորդող շրջանում, ինչպես ամեն տարի, շատ ավելի մեծ հոսքեր են լինելու: