Ադրբեջանական հերթական քարոզչական հիստերիան


Վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սաբիրօղլուն և որոշ, այսպես կոչված «քաղաքագետներ», կրկին հանդես են եկել հայտարարություն ներով, որոնք դժվար է այլ կերպ որակել, քան վայրահաչություն և քարոզչական հիստերիա: Ադրբեջանի քարոզչամեքենայի այս հերթական «ոգևորության» առիթը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հայտարարությունն էր այն մասին, որ հայկական զինված ուժերը պետք է հասնեն աշխարհի ուժեղագույն բանակների մակարդակին: Ադրբեջանի ՊՆ «ագիտպրոպի» աշխատակիցներին և նրանց հրահանգիչներին այս արտահայտությունը տարօրինակ է թվացել, թերևս այն պատճառով, որ սեփական բանակի մարտունակության մասին ադրբեջանցիները կարողանում են դատել միմիայն ռազմական բյուջեի մեծությամբ, ձեռք բերված հնամաշ սպառազինությամբ և սեփական բանակում տիրող ամենաթողությամբ: Ադրբեջանական բանակում պարբերաբար տեղի ունեցող զանգվածային սպանություններից, ինքնասպանություններից, ինքնախեղումներից ու բռնաբարություններից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակով, Ադրբեջանի քարոզչության «բանակային կոմիսարները» սփոփվում են հայկական ԶՈՒ ստորաբաժանումներից մեկում տեղի ունեցած դեպքը օրեր շարունակ շահարկելով: Դա ինքնին հասկանալի է. Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը չի կարողանում ձերբազատվել պարտվածի բարդույթից: Պատերազմի տարիներին, առնվազն երեք անգամ գերազանցելով սպառազինությամբ ու մարդկային ռեսուրսով, օգտագործելով թուրք, ուկրաինացի, աֆղան, չեչեն և այլ վարձկանների, ադրբեջանական բանակը ծանր պարտություն կրեց և ստիպված եղավ ստորագրել պարտադրված հրադադարը: Արագորեն միմյանց հաջորդող Ադրբեջանի նախագահները այն ժամանակ ևս ամպագոռգոռ հայտարարություններ էին անում և իրենց ժողովրդին խոստանում գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանի մի շարք շրջաններ: Անցյալից դասեր քաղելու փոխարեն` Ադրբեջանը շարունակում է խոսել սպառնալիքների, վիրավորանքների և զրպարտության լեզվով: Մեկ անգամ ևս հայտարարում ենք. հայկական բանակը ամուր կանգնած է մեր պետության սահմաններին և պատրաստ է ցանկացած պահի դիմագրավելու և արժանի հակահարված տալու հակառակորդին: Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բեռլին է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվելու են Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում իրականացվող գործողություններին առնչվող հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն