«Կեղտոտ» կամ` թրքավայել քաղաքականության համատեքստում


Մեր երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու արևմտյան պարտադրանքը Թուրքիայի նկատմամբ, ինչպես և ակնկալվում էր, ոչ միայն շարունակվում, այլ նաև ահագնանում է: Անցած երեք շաբաթներին թուրքական դիվանագիտության ու քաղաքական կողմնորոշումներում շատ բան է փոխվել, թեև ամեն ինչ չէ, որ նախագահ Էրդողանն ու արտգործնախարար Դավութօղլուն ցանկանում են նախորդ փուլի նման հրապարակային դարձնել: Միանգամայն ակներև է, որ Թուրքիան այլևս որևէ զիջում կամ անգամ համընթաց քայլ չի անի` Եվրամիության անդամ դառնալու համար, բայց ո°չ այն պատճառով, որ այլևս չի ցանկանում լինել Եվրոպայի ամենաազդեցիկ պետությունը: Պարզապես, զարգացումներն անմնացորդ բացահայտեցին, որ միացյալ Եվրոպան Թուրքիային ուղղակիորեն խաբել է, և ժողովրդավարական իրավունքներից լիիրավ օգտվելու, քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու Թուրքիայի հերթը ո°չ միայն 15 տարի հետո, այլ երբեք այլևս չի հասնելու: Անգամ խոսքն այն մասին չէ` Եվրամիությունն ինքը 2020-ին կլինի՞, թե՞ այդ կառույցի մասին հուշեր գրված կլինեն: Խնդիրն այն է, որ Թուրքիան արդեն աշխարհին ապացուցել ու հաստատել է, որ մուսուլմանական հենքի վրա անկարելի է արևմտյան արժեքային համակարգ ու դեմոկրատիա կառուցել: Հակառակը պնդելը նույնն է, թե Աբդուլ Համիդը կամ Ջեմալը ֆեսի փոխարեն եթե ցիլինդր կրեին, մարդասպան չէին դառնա: Այս տեսակի գեները` էությունն է այդպիսին: Թուրքիան այսօր հենց այս գենետիկ թելադրանքով էլ վերսկսում է դեպի Արևելք իր կիսատ թողած արշավը: Արագ բազմացող մոլեռանդ թյուրքերը այլևս առանձնակի ջանք չեն էլ թափելու` Եվրոպան գրավելու համար: Դա կստացվի ինքնաբերաբար, եթե միայն ժողովրդավար եվրոպացիները չկարողանան սահմանափակել իրենց անձնագրերից ունեցող թյուրքերի իրավունքները, սրանք էլ կարողանան ապահովված-բարենպաստ պայմաններում մրցակցել ուրիշի հողի վրա սրընթաց բազմացող մյուս արևելքցիների` քրդերի, աֆղանցիների, պակիստանցիների, չինացիների հետ: Թուրքիայի իսլամացումն այլևս անթաքույց է, անխուսափելի ու անշրջելի, և այս ճանապարհին թյուրքերի վաղվա գլխավոր հահառակորդը հենց նույն արևելքցիներն են: Վաղաժամ սրանց ու հատկապես Ռուսաստանը, Արաբական աշխարհը, Իրանը, իրաքցիներին իր դեմ չհանելու համար, հաշվենկատ թուրք դիվանագետներն ու քաղաքական առաջնորդները երկրի տարածքը չտրամադրեցին` Իրաքը ռմբակոծելու, նաև թույլ չտվեցին իրենց նեղուցներով մտնել Սև ծով` վրացիներին օգնության հասնելու համար: Սակայն այս ամենը բոլորովին էլ չի նշանակում, թե Թուրքիան կարող է քամահրել Արևմուտքի բոլոր պահանջներն ու խնդրանքները: Մեր հարավային հարևանը, բարեբախտաբար, այդքան հզոր չէ և հիմա կանգնած է Հայաստանի հետ սահմանը «սեփական նախաձեռնությամբ» ու առանց որևէ պայմանի բացելու պարտադրանքի առաջ: Համոզվելու համար բավական է հետևել վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած զարգացումներին: Դավութօղլուն, օրինակ, հիմա էլ ջանք ու եռանդ չի խնայում` աշխարհին հավաստիացնելու համար, թե հայ-թուրքական արձանագրությունները դեռ հնարավոր է վերակենդանացնել: Մինչդեռ, նման անբարենպաստ իրավիճակում Թուրքիան հայտնվեց այն պարզ պատճառով, որ ցանկանում էր հասնել առավելագունին, բայց կորցրեց հնարավորը: Իրավիճակը փրկելու համար հիմա նույնիսկ նոր հնարք են հնարել ու առաջարկում են բանակցել հայ-ադրբեջանական սահմանը բացելու շուրջ: Բայց գնացքը արդեն գնացել է ու այն, ինչ Թուրքիան ցանկանում էր անել ամենաթանկ գնով` անելու է անվճար ու ստիպված, այլապես կարող է կորցնել ունեցածն ու ապագայի հեռանկարը: Աշխարհաքաղաքական կենտրոնների ճնշումներին դիմակայելու անկարող Անկարան առայժմ փորձում է լուծել ներքաղաքական խնդիրները: Գլխավոր անելիքն այս ճանապարհին` Աթաթուրքի գաղափարների ու աշխարհիկ Թուրքիայի պատվար գեներալիտետի հզորությունը հաղթահարելն է: Այս ուղղությամբ ճակատագրական քայլն արդեն արված է, քանի որ մայիսի 6-ին թուրքական պառլամենտը 336 քվեով հավանություն տվեց իշխող կուսակցության օրինագծին, ըստ որի 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո ընդունված ու առայսօր անփոփոխ գործող Սահմանադրության երկու տասնյակ հոդվածներ «բարեփոխվելու» են: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի լիազորություները կսահմանափակվեն, իսկ Ազգային մեծ ժողովի իրավասությունները կընդլայնվեն: Այս համապատկերում բոլորովին էլ տարօրինակ չէ, որ Էրդողանը անմիջապես էլ, սեքս-սկանդալի միջոցով իր ճանապարհից հեռացրեց գլխավոր ընդդիմադիր` Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալին: Կասկածից վեր է, որ սա հաշվեհարդար է քաղաքական հակառակորդի նկատմամբ, քանզի ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների քողի տակ Էրդողանը վերացնում է աշխարհիկ պետության հիմքերը և մեծացնում է իսլամիստների քաղաքական ազդեցությունը: Սահմանադրական հանրաքվեն հավանաբար կնշանակվի հուլիսին: Իսկ մինչ այդ, Դենիզ Բայքալը կանխատեսում է, որ «կեղտոտ» քաղաքականություն վարող Էրդողանը կկազմակերպի նոր սադրանքներ, շանտաժ, նույնիսկ` սպառնալիքներ ու ոտնձգություններ:

ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ