ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԾԱՓԱՀԱՐԻ


Զավեշտ

Տերերը դևին հրավիրեցին խորհրդի:

- Մենք այն հետևության ենք եկել,- ասացին,- որ գրողները դարձյալ մեզ համար աղբյուր են մնում չարիքի:

- Նրա´նք են կրկին ժողովուրդներին հանում բողոքի:

- Նրա´նց կոչերով ճորտերը մեր դեմ սուր բարձրացրին:

- Նրա´նց գաղափարներով ծառաները զինվեցին:

- Մեր ժամանակում նրանք վերստին նույն չարագործն են:

- Եվ պատմությունն էլ ցույց է տալիս, որ նրանց կախելը օգուտ չի տալիս:

- Աքսոր քշելը, խարույկ հանելը չի տալիս արդյունք:

- Ասա´, մեծն դև,- խոսքը ամփոփեց գլխավոր տերը,- ինչպե՞ս վերացնենք մենք այդ իժերին: Այնպես վերացնենք, որ ժողովուրդը դժգոհ չլինի, և, դեռ ավելին, մեզ ծափահարի:

Դևը մտածեց, մտքի մեջ հարցը քննեց, տնտղեց ու ամենագետ իմաստունի պես դանդաղ սկսեց.

- Անհոգ մնացեք, ո˜վ մեծավորներ, այդ հարցը ունի հասարակ լուծում: Մի´ մտածեք դուք ո´չ կախաղանի, ո´չ աքսորի ու խարույկի մասին: Այդպես դատելիս հայտնի է դառնում անունը նրանց, կշիռ է առնում ամեն բառն ասած, իսկ ժողովուրդը ըմբոստանում է...

Դևը մի պահ տվեց դադար: Հայացքով շոշափեց տերերին...

- Հապա՞:- Հնչեց սպասված հարցը:

- Փոքր ու աղքատ ոչ մի երկրի մեջ և ոչ մի գրող չի կարող հացն իր վաստակել գրչով:

Խոսքին իմաստնություն հաղորդելու համար դևը կրկին դադար առավ ու շարունակեց.

- Առայսօր ապրած ձեր գրողներից ամեն մեկը մի գործ ունեցել է: Լոկ մի քանիսն են եղել բացառություն: Համոզված եղեք, որ նրանք իրենց այդ գործն արել են չափազանց թերի: Եղել են նրանք խիստ անկարգապահ: Ասել է,` գործի գնացել են ուշ, վերադարձել, շուտ: Հաճախ փախել են. ժամ են «գողացել»... Եվ այս ամենը թույլատրվել է:

Դևը կրկին լռեց, և տերերը իրենց անհասկացողության վրա սկսեցին զայրանալ, կռահելով, թե խոսքը դեպի ուր է տանելու նա...

- Ճիշտ է. թույլատրվել է...,- ասես մտքերի մեջ, ատամները սեղմած, դևի խոսքերը կրկնեց տերերից մեկը:

- Հեքիաթ է, ով մեծ իշխանավորներ,- շարունակեց դև իմաստունը,- թե մարդ կարող էր օրենքով, կարգով օրվա մեջ ութ ժամ աշխատել, դիցուք, բաժնի պետ, վարիչ, խմբագիր, ցրիչ, ապա գիշերը` հոգնած ու քնատ, գրել հատորներ: Այստեղ է, ահա, հարցի լուծումը:

Տերերը, որոնց համար դևի ասելիքն այլևս նորություն չէր լինելու, շարունակությունը լսեցին հետագա անելիքի քաջ գիտակցումով:

- Եթե ուզում եք,- ավարտեց դևը,- ձեր երկրի մեջ գրող չլինի, չլինի արդի գրականություն, արեք հասարակ, շատ հասարակ բան. դուք ընդամենը... խստացրեք աշխատանքային կարգապահությունը: Ո´չ մի բացառություն... Եվ ժողովուրդը կծափահարի:

Եվ սրահում մի պահ տիրեց լռություն: Իմաստո´ւն լռություն: