ՆՐԱՆՑ ԷԼ ԱՅՍՊԵՍ ԵՆ ՀԻՇՈՒՄ


ՄԱՏԱ ՀԱՐԻ.Այս կուրտիզանուհին էկզոտիկ պարերով ապրուստի միջոց էր վաստակում, բայց նրանով հիացած էր ամբողջ Փարիզը: Նրա սիրեկաններն էին դարձել Ֆրանսիայի և Գերմանիայի բազմաթիվ բարձրաստիճան տղամարդիկ: Մարդիկ լեգենդի նման պատմում էին, թե Առաջին աշխարհամարտի տարիներին Մատան լրտեսուհի էր ու այնքան ճարպիկ, որ միաժամանակ համագործակցում էր իրար հետ մարտնչող երկու կողմերի հետ էլ: Հայտնի չէ, թե արդյո՞ք նա բավարար չափով արժեքավոր տեղեկություններ էր հաղորդում կողմերին, բայց 1917 թ. ֆրանսիացիները գնդակահարեցին նրան` Գերմանիայի օգտին լրտեսելու փաստով: Այդուհանդերձ, նա լեգենդ դարձավ` մարմնավորելով ճակատագրական կնոջ և հետախուզության անահ գործակալի կերպարները:

ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ.Նա պատմության մեջ ամենահանելուկային սիրուհիներից է: 20-րդ դարի սեքս-խորհրդանիշը մտերիմ հարաբերություններ ուներ ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի հետ: Բայց այդ կապը, ինչպես և արտիստուհու մահը շարունակում են գաղտնիք մնալ: Անհասկանալի է` Մոնրոյի մահն իսկապե՞ս ինքնասպանություն էր. կամ գուցե Քենեդու հանդեպ նրա սերը խանգարում էր ինչ-որ մեկին...

Նա հասցրել էր փչացնել գերազանց ընտանեսեր և Ամերիկայի հպարտություն Ջոն Քենեդու վարկանիշը: Ինչ-որ մեկին կամ ոմանց մինչ օրս ձեռնտու չէ բացահայտել այդ իրադարձությունների գաղտնիքը: Բայց հստակ է մեկ այլ փաստ. կրքոտ գեղեցկուհի Մերիլին Մոնրոն խորապես դժբախտ էր անձնական կյանքում: Կես դարից ավելի է անցել նրա առեղծվածային մահից, բայց նա շարունակում է մնալ կանացիության և կրքոտության չափանիշ: Նա դարձել է ամենապահանջված և հանրահռչակ բրենդը: Նրա անվան շնորհիվ աշխարհում տարեկան միլիարդավոր դոլարներ են վաստակվում:

Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ