ՄԵԾ ՍԻՐՈ ԵՎ ՄԵԾԵՐԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Գլխապտույտ ու ողբերգական է եղել Ժակլին և Ջոն Քենեդիների սերը: Չնայած կեղծ հարաբերություններին, ատելությանը և իր անվան շուրջ բամբասանքներին այս զարմանալի կինը կարողացավ ոչ միայն գերտերության նախագահի համար իդեալական կին լինել, այլև ամերիկացիների հիշողության մեջ մնալ Առաջին տիկնոջ չափանիշ: Քենեդու սպանությունից հետո նրա հայացքը, «Շանելից» նրա վարդագույն կոստյումը` ամուսնու արյան շիթերով պարուրված և հուսահատ խոսքը, որ ուզում է, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ են արել իրենց հետ` 1963-ին դարձել էր Ամերիկայի խորհրդանիշը:

Սերը` հանց գիսավոր աստղ

Ժակլին Լի Բուվյեն ծնվել է 1929-ին, տոհմիկ արիստոկրատների ընտանիքում: Նախնիները ֆրանսիացիներ են եղել: «Սև շեյխ» մականունը կրող հոր` Ջեկի դավաճանությունները չներելով, Ժակլինի մայրը` լեդի Ջենեթ Լի Բուվյեն ամուսնալուծվել էր: Հպարտ և ազնվատես Ժակլինը ստիպված էր վաստակել` ապրելու համար: Ամուսնութ յունից հետո Քենեդիների տանը նրա կյանքն անտանելի էր: Մշտապես կողմնակի անձանց ներկայությունը (նախընտրական քարզչության ընթացքում Ջոնը գրեթե չէր բաժանվում իր օգնականներից), ընտանիքի անդամների կրակոտ խառնվածքը, իր հանդեպ ամուսնու ուշադրության պակասը ջղայնացնում էին Ժակլինին: Բայց նա հաղթահարեց, արագ համակերպվեց և Ջոնի համար կատարյալ կին դարձավ:

Ջոնը հաջողությամբ քաղաքական բարձունքներ էր նվաճում: 1954-ին նա ընտրվեց Կոնգրեսում, բայց ամուսնու հաջողությամբ Ժակլինը չցնծաց, որովհետև նրանց երկար սպասված առաջնեկը ծնվեց մեռած: 1957-ին ճակատագիրը վերջապես ուրախացրեց այս կնոջը` նրան դուստր պարգևելով: 1961-ին, երբ Քենեդին արդեն ընտրվել էր ԱՄՆ-ի 35-րդ նախագահ, ծնվեց նրանց որդին, ում կոչեցին հոր անունով:

Ջեկին (փաղաքշաբար Ժակլինին այդպես էին կոչում) ամբողջովին նվիրվեց ընտանիքին` խուսափելով հրապարակայնությունից, հարցազրույցներից: Բայց իր հմայքով նա նվաճում էր բոլորին ու շուտով դարձավ նորաձևության «օրենսդիր» և ոճի, նրբագեղության չափանիշ: Նրա շնորհիվ է, որ նորաձև դարձան «Շանելի» խիստ, գործնական կոստյումները: Նրան հրապուրում էր նաև շինությունների ներսակողմյա ձևավորումները, և հենց նրա ղեկավարությամբ էլ վերանորոգվեց Սպիտակ տունը:

Ամեն ինչ շրջվեց 1963-ի նոյեմբերի 22-ին, երբ Քենեդի զույգը մեկնեց Դալաս:

Ջոն Քենեդու սպանությունը ոչ միայն Ամերիկայի պատմության մեջ դարձավ նշանակալի իրադարձություն, այլ նաև Ժակլինի կյանքում: Կյանքը չար երազ էր դարձել, ինչի գագաթնակետը եղավ երկրորդ Քենեդու սպանությունը: Կամքն ու զսպվածությունն այլևս չէին օգնում` պահպանել նախկին հանդարտությունը: Լրագրողներն ու կենսագիրները սկսեցին Ժակլինին մեղադրել Մառլոն Բրանդոյի և Քենեդի-կրտսերի հետ սիրային կապերի մեջ: Նրան հարբեցող, թմրամոլ, վատնող, պատանիների հետևից վազող էին անվանում: Իսկ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` Արիստոտել Օնասիսի հետ ամուսնությունը մեկնաբանվեց որպես Ջոն Քենեդիի երկրորդ մահ և ԱՄՆ-ի առաջին տիկնոջ կոչումից Ժակլինին զրկելու առիթ: Մինչդեռ Ժակլինի համար դա հուսահատ վերջին քայլն էր` հոգու անդորրը վերագտնելու:

Վեց տարի նա ապրեց Օնասիսին պատկանող Սկորպիոնս կղզում` խույս տալով բարձրաշխարհիկ հրավերքներից ու լրագրողների ուշադրությունից: Իսկ Օնասիսի մահից հետո նորից իր մեջ ուժ գտավ` ամեն ինչ նորից սկսելու. աշխատանքի անցավ «Վիքինգ պրես»-ի, հետո` «Դաբլդեյ»-ի խմբագրություններում` դառնալով վերջինի գլխավոր խմբագրի տեղակալը:

Ժ. Քենեդին իր մահկանացուն կնքեց 65 տարեկանում: Կյանքի վերջին 6 տարիներին ճակատագիրը խիստ բարեհաճ գտնվեց նրա նկատմամբ` թույլ տալով Միացյալ Նահանգների թերևս ամենագեղեցիկ կնոջը ի տես դարձնել իր բնածին տաղանդը և բոլոր իրավիճակներում իսկապես Առաջին տիկին լինելու արժանավորությունը: