Սթրեսահան բանտը


Փաստորեն ազատության մեջ հոգեկան լարվածությունը թոթափելն ավելի դժվար է, քան կալանավայրում: Հազիվ թե այս կարծիքը կիսեն հասարակությունից պարտադրաբար մեկուսացվող հանցագործները, բայց Սեուլում օրինավոր մարդկանց համար հատուկ բանտ, ավելին, բանտային համալիր է կառուցվել, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հյուրընկալվել մի քանի օր` սթրեսները իրենցից վանելու:

Համալիրը ստեղծելու գաղափարը 47-ամյա իրավաբան Քվոն Էն-Սոկուինն է, ով փաստաբանական պրակտիկայի ընթացքում նկատել է, որ աշխատանքն իրենից շատ ժամանակ է խլում, ու այդ պատճառով ինքը կորցրել է անձնական կյանքը վերահսկելու կարողությունը: Օգտագործելով գործնական կապերը, նա թույլտվություն էր խնդրել` մի քանի օր մենախցում անցկացնելու: Մերժել էին: Էն-Սովն էլ սեփական բանտ է կառուցել, որտեղ անցկացնելու 2 օրն արժե 150 դոլար:

«Աշխարհաթող» հյուրերն այստեղ հայտնվելուն պես, ինչպես իրական բանտում, պարտավոր են հանձնել հեռախոսներն ու անձնական մյուս իրերը: Հետո նրանց տեղավորում են մենախցերում, որտեղ կա միայն սեղան, արտաքնոց և լվացարան:

Հետաքրքիր է, վճարովի այս բանտի այցելուները իսկապե՞ս սթրեսաթափ կլինեն, եթե իրական` անվճար բանտում հայտնվեն: