Հմուտ բժիշկներ`Զինված ուժերին


Անցյալ շաբաթ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում հանդիսավորությամբ նշվեց ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձը:

Հանդիսությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի», համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, պաշտպանության և առողջապահության ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Երևանի պետական բժշկական համալսարանի` 1994 թվականին կազմավորված ռազմաբժշկական ֆակուլտետը տարիների հոլովույթում հաջողությամբ է կատարել իր առջև դրված խնդիրը` Զինված ուժերի համար պատրաստելով գիտակ ու հմուտ ռազմական բժիշկներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում ևս մեկ անգամ արժևորեց բուժծառայողների դերն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղ պայմաններում:

Ռազմական բժիշկների աշխատանքը կրկնակի պատասխանատու է, քանի որ նրանց վիճակված է բուժօգնություն ցույց տալ Հայոց բանակի զինվորին, բարձր պահել նրա մարտական ոգին:

Դիմելով ռազմաբժշկական ֆակուլտետի սաներին, Սեյրան Օհանյանը հորդորեց, որ նրանք առավել արդյունավետ օգտագործեն ուսման տարիների ընձեռած հնարավորությունները, յուրացնեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է լինելու գործունեության հետագա տարիներին:

Ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ոլորտի մի խումբ ներկայացուցիչների պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրեց գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

 

«Ֆրեսկոյի» հատուկ մրցանակները` առանձնահատուկ ձեռքերով «Ֆրեսկո» միջազգային փառատոնի մրցանակները պատրաստում են ոչ թե միջազգային վարկանիշով մասնագետները, այլ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:

Կազմակերպիչներն արդեն չեն էլ հիշում, թե ինչպես ծնվեց Խարբերդի մանկատան հետ համագործակցության միտքը: Այսօր աշխատանքները թեժ փուլում են. մանկատան կավագործության խմբակի սաներն արդեն մրցանակի պատրաստի օրինակներ ունեն:

- Ես չոր կավը բերում եմ, իրենք մաղում, մշակում, տրորում են ու ստանում այն նյութը, որով կարող են աշխատել: Դրանից պատրաստում ենք ձկները, որոնք մնում, չորանում են այն աստիճանի, որ խոնավությունը չնչին է լինում, թրծում ենք հատուկ վառարանում 900´C ջերմաստիճանի տակ: Դրանից հետո նորից մշակում ենք, թրծում արդեն 920´C ջերաստիճանում և ներկում ենք,- արձանիկ-ձկնիկների պատրաստման ընթացքն է ներկայացնում մանկատան կավագործության ուսուցիչ Սասուն Քոսակյանը:

Կավագործության խմբակ այցելող շուրջ 40 երեխաներից արձանիկների պատրաստմանը մասնակցում են 5-6-ը: Փառատոնի խորհրդանիշ ձկան արձանիկները պատրաստվում են կավից, իսկ որպես պատվանդան` ծառայում են հասարակ քարերը, որոնք ևս մշակում են երեխաները: Մանկատան սաներից մեկը` Համլետը պատրաստա կամությամբ բացատրում է, թե ինչպես է աշխատում: Նա նշում է, որ ամեն ինչ անում են, որպեսզի «կարևոր արձանիկները լավ ստացվեն»:

«Ֆրեսկո» փառատոնի մրցանակաբաշխության օրն այդ արձանիկները կստանան շուրջ 10 անվանակարգերում հաղթող ճանաչված ֆիլմերի հեղինակները: Թե ո՞ւմ բաժին կհասնի արձանիկը` կորոշի փառատոնի ժյուրին: Իսկ մինչ այդ` փառատոնի հերոսները շուրջ 40 հաշմանդամ մանուկներն են, ովքեր ստանձնել են փառատոնի ամենաներկայանալի աշխատանքներից մեկի իրականացումը:

- Սահմանափակ կարողություններով երեխաների հետ աշխատանքը «Ֆրեսկոյի» համար ոչ միայն հաճելի, այլև սկզբունքային մոտեցում է: Սա մի կողմից փառատոնի եռուզեռին նրանց մասնակից դարձնելու ձև է, մյուս կողմից այսօր մեր երկրում խիստ արդիական խնդիրներին ոչ միայն խոսքով, այլև գործով մոտենալու հնարավորութ յուն,- ասում են փառատոնի կազմակերպիչները:

Արձանիկների հեղինակները խոստանում են, որ յուրաքանչյուր մրցանակ լինելու է եզակի:

-       Արդեն 15-20 օր է` աշխատում են: Կոտրում են` նորից են սարքում: Ճաքում է` նորերն են պատրաստում, ու այդպես շարունակ: Չեմ կարծում, որ երկու արձանիկ իրար նման ստացվեն: Թեման նույնն է, բայց բոլոր աշխատանքներն իրարից տարբեր են, որովհետև նույնիսկ մեկ դետալի վրա մի քանի հոգի են աշխատում,- ասում է Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը: