Դեղին Լենինը միզում է Կրակովում


Տեսնես այս նախագծի հեղինակը Լենինո՞վ է տարված, դեղին գույնո՞վ, թե՞ բնական կարիքը բավարարելու «գործընթացով»: Հայտնի է միայն, որ լեհական Կրակով քաղաքի կենտրոնական հրապարակում հայտնված արձանը բրյուսելյան «Միզող տղա»-ի նմանօրինակն է: Իրականում այն հուշարձան է Լենինին ու չգիտես` նրա՞ հիշատակն է ծանակում, թե՞ կրակովցիներին:

Ինչպես հաղորդել է RΖdio KrΖkow-ը` հուշաղբյուր-արձանը պատճենն է միջազգային պրոլետարիատի առաջնորդի նախկին արձանի, որը հանվել էր 1980-ական թվականների վերջին: Հիմա այն «վերադարձել» է` փոքր-ինչ ձևափոխված:

«Ապագայի շատրվան» անվանյալ այս նախագիծը ոչ միանշանակ արձագանք է գտել լեհերի շրջանում: Ոմանց դա զվարճացնում է, ոմանց` հիացնում, ոմանք էլ գտնում են, որ ոչ մի պարագայում չարժեր Լենինին վերադարձնել հրապարակ: Կան նաև մարդիկ, ովքեր գտնում են, որ Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի հանդեպ անթույլատրելի է այդպիսի ծաղրը: