Պուտինի հետ` Ռեյգանի օրինակով


Ամերիկյան նախագահ Ռոնալդ Ռեյգանի մահվան տարելիցն առիթ է դարձել, որպեսզի լրագրողները հիշեն ու հիշեցնեն, թե իրենց երկրի նախկին ղեկավարն ինչպես էր հարաբերվում Խորհրդային Միության հետ: Նրա մահից հետո անցած 10 տարիների ընթացքում աշխարհն ավելի շատ բան է իմացել Ռեյգանի մեթոդների մասին. հիմա դրանք կարող են օգտակար լինել Ռուսաստանի հետ առնչություններում` պնդում է The WΖll Street JournΖl պարբերականը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի երբեմնի ներկայացուցիչ Քեն Ադելմանի կարծիքով` եթե Բարաք Օբաման յուրացնի «Ռեյգանի դասերը», ավելի արդյունավետորեն կընդդիմանա ռուսական պետությանը, որը Վլ. Պուտինի գլխավորությամբ ագրեսիվ գործողությունների հակում է ցուցաբերում:

Եթե հակիրճ ձևակերպենք` Օբամային օգտակար են Ռեյգանի ա´յս դասերը. նվազագույն զիջումներ, ռազմական հզորություն և «գաղափարների պատերազմ»:

Պարբերականը Ռեյգանի մեծագույն վաստակն է համարում այն, որ նա հստակ նպատակ էր դրել ավարտին հասցնել սառը պատերազմը: Ու դրա իրագործման պարզ բանաձև էր շարադրել.

- Մենք հաղթում ենք, նրանք պարտվում են:

1986 թ. Ռեյկյավիկում Մ. Գորբաչովի հետ բանակցություններում Ռեյգանը ոչ մի զիջում չկատարեց. որպես ապացույց, հիմա հիշատակվում են գաղտնազերծված փաստաթղթերը:

Հրապարակման հեղինակները հիմա դժվարանում են պատկերացնել, թե Օբաման կարող է հենվել «մենք հաղթում ենք, նրանք պարտվում են» սկզբունքին` Ուկրաինայի և Սիրիայի առնչությամբ Պուտինի հետ պայքարում:

- Ներկայիս վարչախումբն ասես թե պատրաստ է համաձայնել ոչ-ոքիի,- ենթադրում է պարբերականը:

Այսօր այժմեական է համարվում նաև Ռեյգանի «խաղաղություն»` զենքի շնորհիվ» քաղաքական ուսմունքը, որը նախևառաջ Միացյալ Նահանգների ռազմական հզորացումը նկատի ուներ: Իսկ իր վարած «գաղափարների պատերազմով» Ռեյգանը դիպուկ հարվածում էր խորհրդային համակարգին` հմտորեն նկատելով ու տեսանելի դարձնելով այդ հակառակորդ պետության խոցելի կողմերը: Մինչդեռ այսօր Ամերիկան չի էլ փորձում «հարվածել Մոսկվայի նույնիսկ ամենաթույլ տեղին»:

Հրապարակման հեղինակի եզրահանգումը մեկն է. ԽՍՀՄ փլուզումը Ռեյգանի լիակատար հաղթանակն էր` սառը պատերազմն իր պայմաններով ավարտելու (գրել է InoPressΖ-ն):

Հիշեցնենք, որ 25 տարի առաջ Ռոնալդ Ռեյգանը հեռացավ Սպիտակ տնից: Նա վախճանվեց 2004 թ.` 93 տարեկան հասակում` ալցգեյմերյան հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո: