«ԲԵՐՄՈՒՆԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ»


ԱՄՆ. Ռուսաստան. ԵՄ

Տարօրինակ, արտառոց, խելահեղ աշխարհում ենք ապրում: Հակասական, իրարամերժ, արյունարբու խոշոր խաղի մեջ են այսօրվա գերհզորները: Այդ խաղի զոհերի թիվը գնալով աճում է:

Երեկ` Լիբիան, Սուդանը, Եգիպտոսը: Այսօր արյան մեջ խեղդում են Սիրիան, զուգահեռաբար գումարեցին ուկրաինական ժողովրդին: Որքան շատ արյուն, այնքան արյան միջից ավելի շատ շահեր կորզելու հնարավորություն: Ուկրաինայի նախորդ կառավարությունը, երբ շատ լավ զինված ծայրահեղ ազգայնական ուժերին զուտ ոստիկանության միջոցով քիչ թե շատ կոշտ պատասխան էր տալիս, Արևմուտքը դա համարում էր մարդու իրավունքների, ազատ կողմնորոշման կամքի ոտնահարում:

Այսօր արդեն նոր կառավարությունը արևելյան Ուկրաինայի ապստամբների դեմ ոչ թե ոստիկանությունը, այլ բանակն է օգտագործում, ռազմական ինքնաթիռներով հրթիռակոծում նաև խաղաղ բնակչությանը, հարյուրավոր տանկեր մտցնում Դոնեցկի և Սլավյանսկի մարզ: Դա ոչ մի լուրջ արձագանքի չի արժանանում: Երկակի ստանդարտների կիրառումը, որը ոչ այլ ինչ է, քան արդարության, ճշմարտության բացահայտ բռնաբարում, այսօր արդեն ներկայանում է իր ամբողջ պոռնկական մերկությամբ` բացահայտ ցինիզմով ու լկտիությամբ: Մի՞թե կարելի է հանուն ազդեցության ոլորտների ընդլայնման, այսքան երկրներ ներքաշել քաղաքացիական պատերազմների մեջ: Այսքան ժողովուրդների արյան ծովում սադիստի անտարբերությամբ և հումանիզմի լպրծուն դիմակով սեփական շահերը «որսալ»: Բայց քաղաքականությունը «լիրիկական զեղումների» ոլորտից անսահման հեռու է: Ուստի փորձենք իրատեսության տեսանկյունից հասկանալ, թե ինչ է կատարվում քաոսի վերածված աշխարհում:

Այսպես. մի կողմից Արևմուտքը սպառնալիքներ է տեղում, պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի նկատմամբ, մյուս կողմից Ֆրանսիան Վ. Պուտինին հրավիրում է մասնակցելու ֆաշիստական օկուպացիայից Նորմանդիայի ազատագրման 70-ամյա տարելիցին: ԱՄՆ-ը խռովածի կեցվածք է ընդունում Օլանդի նկատմամբ այդ հրավերի պատճառով:

Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը սիրով հարցազրույցի մեջ է մտնում Վ. Պուտինի հետ, ավելին, հաջողեցնում է ՌԴ և Ուկրաինայի նախագահներին ներքաշել այդ զրույցի մեջ: Արդեն որերորդ անգամ ի հայտ են գալիս դիվանագիտական հակասություններն ու քաղաքական դիրքորոշումների տարբերությունները մի կողմից` ԱՄՆ-ի, մյուս կողմից` ԵՄ առանցքային երկրներ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև: Մինչ Ուկրաինային զոհասեղանին պառկեցնողները հակասական ու իրարամերժ դիվանագիտական շոու են բեմականացնում, նույն այդ ժամանակ Դոնեցկում և Սլավյանսկում ուժգնանում է քաղաքացիական պատերազմը, և ամեն օր խաղաղ բնակչության զոհերի թիվն է կրկնապատկվում-եռապատկվում:

Տարօրինակ զուգադիպությամբ նախագահական ընտրություններ տեղի ունեցան քաղաքացիական պատերազմի մեջ ընկղմված երկու երկրներում` Սիրիայում և Ուկրաինայում: Բնական է, որ պատերազմի ժամանակ տեղի ունեցող ընտրությունները չեն կարող անցնել լիարժեք արդար և արտացոլել ժողովրդի կամքի, ցանկության իրական պատկերը: Անմիջապես Արևմուտքը արտահայտեց իր գնահատականը երկու երկրներում տեղի ունեցած ընտրությունների նկատմամբ: Տարրական տրամաբանութ յան տեսանկյունից` հնչեցված գնահատականները արդեն ոչ թե երկակի ստանդարտների տիրույթում էին, այլ պարզապես հատում էին զավեշտի և անհեթեթության սահմանները:

Բնականաբար, ողջունվեց Ուկրաինայում կայա-ցած ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունները ու դա այն պարագայում, որ, գրեթե ամբողջ արևելյան Ուկրաինայի ժողովուրդը` մոտավոր հաշվով 7-8 միլիոն մարդ, չէր մասնակցել ընտրություններին: Բայց դե, Արևմուտքի «լեզուն», ինչպես ընդունված է ասել, «ոսկոր» չունի: Իսկ ահա Սիրիայի ընտրությունները որակվեցին որպես խայտառակություն: Ինչո՞ւ: Որովհետև «չարիքի առանցք» հորջորջված Սիրիայում գործող նախագահ Ասադը 70 տոկոս քվե ստացավ: Ինչպես երևում է` ԱՄՆ-Ռուսաստան-Եվրոպա եռաչափը վաղուց վերածվել է «Բերմունդյան եռանկյունու» և դեռ շատ երկրներ ու ժողովուրդներ կուլ են գնալու այդտեղ: