Բեմադրում ենք «Կիկոսի մահը»


Վերջին շաբաթում տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք է´լ ավելի սրեցին «ուղեղի մորմոքը» հայաստանյան քաղաքական դաշտում և հասարակության քաղաքականապես ակտիվ շրջանակներում: Ամենամեծ աղմուկը բարձրացրեց Ղազախստանի նախագահի հայտարարությունը` Աստանայում ՄՄ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ: Անդրադառնալով մի շարք ընթացիկ խնդիրների, Նազարբաևը առաջին հայացքից անսպասելի տեղեկացրեց, որ Ի. Ալիևից ստացվել է նամակ, որում մատնանշվում է, թե Հայաստանը ՄՄ անդամ կարող է դառնալ միջազգայնորեն ընդունված տարածքի շրջանակներում: Ակնարկը առավել քան պարզ էր: Միջազգային հանրության կողմից դե յուրե չընդունված ԼՂՀ մուտքը ՄՄ պետք է արգելվի: Սակայն, հիսթերիկ պոռթկումները ձնագնդի «էֆեկտով» մեծացան ոչ այնքան Նազարբաևի հայտարարության, որքան ՀՀ նախագահի` նույն պահին չարձագանքելու պատճառով: Բոլորը նկատել էին, որ ՀՀ նախագահի հայացքում ինչ-որ չափով զարմանքի և վրդովմունքի արտահայտություն կար, բայց զարմանալիորեն, իսկ ավելի ճիշտ միտումնավոր չէին «նկատել», որ նա բերանը բացեց արձագանքելու համար, բայց Նազարբաևը շատ արագ անցում կատարեց այլ հարցերի թվարկմանը:

Եվ սկսվեց հայերիս անսահման երևակայության թռիչքներն առ այն, թե ՀՀ նախագահը «մանթրաժի» մեջ էր, որ նա վախից և հնազանդվողականությունից միայն չարձագանքեց: Իսկ հետո այնքան «խորացան», որ հայտնվեցին «վա´յ, Կիկոս ջան» մակարդակի` ՀՀ-ի երևակայական կորուստները մատնանշելու, վերլուծելու և դրանից եզրահանգումներ կատարելու «պարտադրանքի» առջև: Մեջտեղ բերվեց, վերջին տասնամյակում ծայրահեղորեն մաշված, քրքրված «բայղուշական» կիկոսությունը. Օգնեցե˜ք, փրկեցե˜ք. Ղարաբաղը ծախում են: Եվ, որովհետև հայերս դառն անցյալի պատճառով վարժվել ենք չորս կողմից դավադրություններ փնտրելու և «գտնելու» մեր իսկ բնավորության առանձնահատկություններին, շատ սովորական համարեցինք, որ հերթական միջազգային դավադրություն է կազմակերպվում. այս անգամ էլ ՄՄ անդամ երկրների` Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի կողմից:

Մեկ առ մեկ թվարկենք, թե ինչ եզրահանգումների են եկել դավադրության տեսության հիմնադիրները:

Ա) Կայսերապաշտ և ավտորիտար Պուտինը գաղտնի համաձայնության է եկել Ադրբեջանի հետ, որ եթե Ալիևը որոշում կայացնի մտնել ՄՄ, ապա Հայաստանից կխլի Ղարաբաղը և կհանձնի նրանց: Ի՞նչ ձևով: Խաղաղարար ուժեր կմտցնի տարածաշրջան, որոնց միջոցով տրամաբանական ավարտին կհասցնի այս սցենարը: Իհարկե տասնյակ հակափաստարկներով կարելի է ապացուցել դրա անհնարինությունը: Բայց ակնհայտ անհեթեթությունների հակափաստարկումը նույնպես անհեթեթություն է:

Բ) ՀՀ նախագահը համաձայնել է հանձնելու Ղարաբաղը, որ Ռուսաստանի աջակցությունը ստանալով երկարաձգի իր իշխանությունը: Աբսո´ւրդ: Այն իշխանությունը, որ բացահայտ կհայտարարի թեկուզ մեկ շրջան Ադրբեջանին հանձնելու մտադրության մասին, անմիջապես գահընկեց կարվի: Ի դեպ, այսօրվա դրությամբ հենց դա է իշխանափոխության իրագործման միակ ռեալ տարբերակը: ՌԴ-ում դա հիանալի հասկանում են և չեն կարող փորել այն նախագահի տակը, որը համաձայնել է մտնել ՄՄ:

Գ) Իբր` ՀՀ նախագահի կողմից Նազարբաևի հայտարարությունն արձագանքի չարժանանալու պատճառով նվաստացած իրավիճակում հայտնվեց ոչ միայն ինքը` նախագահը, այլև պետությունը և ողջ ազգը: Սա ավելին է, քան լուն ուղտ դարձնելը: Ուրեմն. նո´ քոմենտ:

Դ) Ամենազավեշտալին և անհեթեթը: Մաքսակետեր են դրվելու ՀՀ և ԼՂՀ սահմանակետերում: Ամենապարզունակ տրամաբանությամբ, այս պարագայում միջազգային մակարդակով ընդունվում է ԼՂՀ անկախ պետություն լինելու փաստը: Այդ նույնն է, որ մաքսակետեր տեղադրվեն Աբխազիայի և Օսիայի սահմանին, որոնք նույնպես միջազգային հանրության կողմից չճանաչված պետություններ են:

Ե) Նազարբարևի հայտարարությունից բխում է, որ ՄՄ անդամները լիարժեք, հավասար գործընկերներ են, իսկ Հայաստանը կրտսեր գործընկերոջ, ավելին, վասալային կարգավիճակում է: Այստեղ են ասում` գիժը, իմա Ալիևը, մի քար գցեց և հայաստանյան խելոքները փորձում են այդ քարը հանել:

Միով բանիվ, ՀՀ ընդդիմադիր քաղաքական դաշտը և նրան հարող հասարակական շերտը իշխանությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ այդպես էլ չգտնելով, հերթական անգամ շահարկման առարկա է դարձնում ՀՀ հարցը: Եվ բոլորովին անտեսվում է, որ դա արդեն վաղուց խփված, պիտանելիության ժամկետը կորցրած խաղաքարտ է: Մի շատ պարզ, մատչելի ու հասկանալի իրողություն, չգիտես ինչու` անտեսվում է: Եթե ՀՀ շահերը այս կամ այն պատճառով անտեսվեն, ապա մենք հանգիստ կարող ենք հրաժարվել ՄՄ պայմանագիրը ստորագրելուց: Եվ դա կարող ենք անել կա´մ կոշտ ձևով, կա´մ դիվանագիտական նրբությամբ: Այսինքն, ստորագրում ենք, բայց... խորհրդարանը չի վավերացնում այն: Եվ ամենակարևորը` մտնել ՄՄ, բոլորովին էլ չի նշանակում, թե մենք զրկվում ենք յուրաքանչյուր պահի այնտեղից դուրս գալու հնարավորությունից: Եթե տեսնենք, որ մեր շահերը դրանից տուժում են, կարող ենք դուրս գալ ցանկացած պատրվակով: Իսկ այլընտրանքը, փառք Աստծո, կա ու կա: Ստորագրում ենք Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը: Եվրոպան դռները բաց է պահում Հայաստանի առջև և գրկաբաց կընդունի մեզ: Իսկ դա հիանալի հասկանում է «դիկտատոր» և կայսերապաշտ Պուտինը...

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ