ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ- Շախմատի օլիմպիական չեմպիոն, միջազգային գրոսմայստեր, «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճանի» շքանշանակիր «Բոլոր մեծահասակներն էլ մանկություն վերադառնալու ցանկություն ունենում են» Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Կարծում եմ` դպրոցն ավարտելու ժամանակահատվածը, որովհետև պետք է որոշում կայացնեի` շարունա կե՞լ շախմատով զբաղվել, թե՞ այլ մասնագիտություն ընտրել: 5 տարեկանից պարապելով` որոշակի հաջողություններ գրանցել էի, բայց կարող էի նաև համալսարան կամ այլ կրթօջախ ընդունվել: Այդ երկընտրանքի առջև կողմնորոշվելը` վերջնական վճիռ կայացնելն էր դժվար, քանի որ ապագայիս հարցն էր որոշվում: Սխալվելու դեպքում ինքդ ես պատասխանատու և ողջ կյանքիդ ընթացքում քեզ պետք է մեղադրես: Այնպես ստացվեց, որ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ ընդունվելս իր դրական արդյունքները տվեց. հստակեցվեց անցնելիք ճանապարհս: Թեև, այդ ժամանակ չէի մտածում, որ անպայման բարձրակարգ շախմատիստ կդառնամ, միջազգային մրցահարթակներում Հայաստանի հաղթանակին կնպաստեմ: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Հետաքրքիր, անսովոր հարց է: Ճիշտն ասած` հասցրել եմ մոտավորապես 5 տասնյակ ազգերի ներկայացուցիչների հետ շփվել, և առիթ չի եղել մտածել անգամ, որ եթե հայ չլինեի, օրինակ` ֆրանսիացի կամ ռուս կուզենայի՞ լինել: Ընդհանուր առմամբ` եվրոպացի կուզենայի լինել, որովհետև սիրում եմ եվրոպական քաղաքակրթությունը: Ոչ թե որոշակի եվրոպական ազգի ներկայացուցիչ, այլ ինձ համար ուշագրավ առանձնահատկություններ ունեցող ժողովուրդների դրական հատկանիշների հավաքականության կրող: Օրինակ, իտալացիները կամ իսպանացիները շատ հետաքրքիր են. իսպանացիների ակտիվ ապրելակերպը, իտալացիների գուցեև, ինչ-որ չափ մեզ նմանությունը… - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Նախորդ հարցին պատասխանելիս ասացի, որ սիրում եմ եվրոպական կյանքը: Առիթ չի եղել այս մասին խոսելու: Շատ կուզենայի, որ Հայաստանում էլ կյանքը այդպիսին դառնար, թե° քաղաքակրթության, թե° օրենքների անվերապահ պահպանման տեսանկյունից: Ճիշտ է, մենք էլ ենք այդ ուղու վրա, բայց բավական դանդաղ ենք առաջ ընթանում, և երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի Երևանը նմանվի Փարիզին կամ Լոնդոնին: Ինքս էլ այստեղ ապրում եմ այնպես, ինչպես որ կապրեի Եվրոպայում: Եթե ամեն ոք իրապես մտահոգված լինի երկրի բարեկեցությամբ, մենք ավելի շուտ կհասնենք այդ մակարդակին: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Քանի որ ամուսնացած չեմ, երևի` սեփական ընտանիք կազմելը: Չգիտես, թե ով՞ կլինի ընտրյալդ: Կյանքի ամենակարևոր այդ հարցը, մինչև նրան հանդիպելը, միշտ քեզ հուզում է, որի պատասխանը, միևնույն է, չես ստանում` որքան էլ երևակայությունդ կնոջ իդեալի պատկերացումներիդ հետ համադրես: Մինչև կին, երեխա չունենաս` կյանքդ լիարժեքորեն չի իմաստավորվի: Կարելի է ասել, կիսով չափ կամ շատ քիչ ես ապրել, եթե չես ճաշակել ընտանիքի բերկրանքը: Ու տվյալ անձնավորությունից է կախված նաև, թե հետագա կյանքդ որքանով իմաստավորված կլինի: Սա միակ հարցն է, որի պատասխանը դեռևս անորոշ է: Մնացած առումնե րով` ծագող հարցերի պատասխաններն ինչ-որ չափով կարողանում եմ գտնել: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Գրեթե 10 տարի առաջ էր. մրցումների էինք մասնակցում: Մի տարեց մարդ մոտեցավ ինձ, զարմացած նայեց երեսիս և ամենայն լրջությամբ ասաց. «Ինձ թվում էր, թե դու տարիքով ավելի մեծ պետք է լինես»: Իհարկե, գլխի ընկա, որ ինձ շփոթել է Հայաստանի շախմատի լեգենդ անվանակցիս հետ: Պարզապես անկեղծորեն` ապշելու աստիճան էր զարմացել, ինչի պատճառով մինչև այժմ վառ տպավորվել է այդ պահը` նաև որպես զավեշտ: Արտասահմանում էլ հաճախ ինձ Տիգրան Պետրոսյանի որդին կամ թոռն են համարում: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Ողջ մանկությունս է ինձ համար սիրելի հուշ: Լուսավոր, գեղեցիկ դրվագներով հագեցած տարիներ էին և ինչ որ մի մաս չէի ուզենա առանձնացնել: Ես բավական ակտիվ երեխա եմ եղել` աշխույժ, չարաճճի… Եթե հնարավորություն ընձեռվեր` մեծ հաճույքով կվերապրեի այդ հեքիաթը: Ինձ թվում է` բոլոր մեծահասակներն էլ մանկություն վերադառնալու ցանկություն ունենում են:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ