Թատրոնի աստվածատուր մոդելը


- Ինչպե՞ս հայտնվեցիք Թատրոն տաճարի սպասավորների խմբում, ի՞նչ ճանապարհով հասաք մատույց ներին: - Ծնված լինելով Թբիլիսիից 60 կմ հեռու, Դաղեթ Խաչեն (թարգմանաբար` Սարագյուղ) չնաշխարհիկ գյուղում` թատրոնի աստվածատուր մոդելը գտել եմ փարթամ բուսականության գրկում բացվող բանաստեղծա կան պատկերներում, որոնցով պարզ ու չարքաշ կենցաղի յուրաքանչյուր մանրամասն այսօր էլ ինձ համար իրապատում անզուգական մի հեքիաթ է: Ծնողներս էին թատրոն սարքում ինձ համար մանկական հարցասիրությանս պատասխանները: Մորս արածը լավ գրականություն էր, հորս արածը` թատրոն: Ծնողներիս, տատիկ-պապիկներիս հետ շփելով եմ զգացել կյանքի թատրոնի բանաստեղծությունը: Այդ օրերից է մեջս ձևավորվել տաճարի մոդելի կմախքը. առանց երեք սերունդների գեղեցիկ միասնության հնարավոր չէ որևէ թատերաընտանիքի գոյությունը: Չեմ ասում, թե տրամվայն ու ասֆալտը վատ են, բայց ներկայացում անելիս գյուղական պարզ կյանքից, այսինքն բնությունից պիտի գտնես կապը տրամվայի ու ասֆալտի հետ: Պիտի կարողանանք մեր լավաշ հացը, խնոցին, չորաթանը ընդունել որպես ստեղծագործության նախասկիզբ, ազգային խորհրդանշան: Սրանով էր հզոր Հրանտ Մաթևոսյանը: Մեր ունեցվածով, նախ, ներկայացում ծնենք, ապա Շեքսպիրին ձեռք մեկնենք: - Մյուս թատերագործիչների նման «թատրոն-թատրոն» էի՞ք խաղում մանկուց: - Թատրոն էր մանկությունս, հետո հասկացա: Հինգ թե վեցերորդ դասարանում էի դպրոցի, երբ գրականութ յան ուսուցչուհուս նախաձեռնած ներկայացումներում դերեր էի խաղում գյուղի ակումբում, որի վարիչը դառնալով ակումբագրադարանային տեխնիկումն ավարտելուն պես` ինքս էի «Գիքոր» կամ «Քաջ Նազար» բեմադրում: Միաժամանակ Թբիլիսիի թատրոն էի ընդունվել հանրաճանաչ հայ ռեժիսոր Հովհաննես Կարապետյանի բարի կամքով: Մինչ այդ ամեն երեկո ներկայացում էի նայում: Այն երեխաներից էի, ովքեր դերասանի ստվերն էին: Առաջին աշխատավարձս ստանալով փորձաշրջան անցնելիս` զարմացա, որ թատրոնում աշխատելու դիմաց վարձատրվում են նաև: 20 տարեկանում պիես գրեցի մեր դատարկվող գյուղի մասին` «Դատարկ օրորոցը», որը տարիներ անց բեմադրեց այդ ժամանակվա գեղարվեստական ղեկավար Միքայել Գրիգորյանը: Հայաստանում էլ խաղացինք, լավ արձագանքներ եղան: Հետո պահանջ զգացի իմ խումբն ունենալու և «Հավլաբար» թատրոն-ստուդիան ստեղծեցի: 1983-84 թվականներն էին: Հինգ համախոհներով թատրոնին կից աշխատում էինք, ներկայացումներով շրջաններում հանդես գալիս` միաժամանակ խաղալով թատրոնում: Շուտով մեր խումբը փակվեց: Ես ընտանիքով տեղափոխվեցի Երևան` այն ժամանակվա ՀԹԳՄ նախագահ Խորեն Աբրահամյանից թույլտվություն ստանալով «Լուսաշխի տանը» կից «Հավլաբարը» վերաբացելու: Երկու ամսում հանձնեցինք «Ինքնանկար» պիեսիս բեմադրությունը հանրաճանաչ Վալերի Բոյախչյանի նկարչական ձևավորմամբ, որով հրավիրվեցինք Ավստրիա, որտեղ մի բեմադրություն էլ տեղի ուսանողներով արեցի: Հաջորդ` «Կանչեցին» պիեսիս բեմադրությամբ դրամական խոշոր պարգևի (10 հազար ռուբլի) արժանացանք Աճեմյանի անվան թատերական փառատոնում, որի նախագահը Ռուբեն Զարյանն էր: Այդ ժամանակ պայթյուն եղավ Թբիլիսիի հայկական (այն օրերին` Շահումյանի անվան) թատրոնում: Երբ իմացանք գլխավոր ռեժիսորի հայտարարության մասին` իբր հայկական թատրոն պետք չէ Թբիլիսիում, «Հավլաբարի» կորիզով վերադարձանք այնտեղ` Վեներա Թարզյանը, Գագիկ Ադիլխանյանը, Աիդա Բաբաջանյա նը, Ալբերտ Սաֆարյանը, Ռոբերտ Եղյանը, Լաուրա Փիրումյանը, Ռոբերտ Հակոբյանը… Թատրոնը, փաստորեն, կազմալուծված էր. ստեղծագործական խմբից 16 հոգի էր մնացել, ռեժիսոր չկար: Մինչ այդ «Հավլաբա ր»-ով գալիս-գնում էինք հյուրախաղերի: Այն ժամանակ գեղխորհրդի անդամ էի թատրոնի: Թատրոնի տնօրեն Մյասնիկովի առաջարկությամբ 4 հոգանոց գեղխորհրդի նիստում դարձա նախագահ: Վեց ամսում հավաքեցի հեռացածների մեծ մասին: Վանաձորից վերադարձած Միրոն Չուլակյանը «Ցիլինդրը» սկսեց բեմադրել, Գրիբոյեդովի թատրոնից Ռոբերտ Մանուկյանը` «Խանումը»: Էջմիածնից վերադարձան Ռոման Մատիաշվիլին ու Մելանյա Բարսեղյանը: Երեխաներ հավաքեցինք մեր բակերից թատերական ստուդիայում: Մի խոսքով, նոր էջ բացվեց Թբիլիսիի հայկական թատրոնի կյանքում: Խումբը ամրացավ, վստահութ յունն ու հավատը իմ կազմակերպչական կարողությունների հանդեպ մեծացավ: Եվ մի օր էլ խումբն ինձ առաջարկեց իր գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել: Ընտրվեցի փակ գաղտնի քվեարկությամբ 2 առաջադրված թեկնածուներից, հարյուրից իննսունիննի ձայներով: Իմ խորին համոզմամբ` գեղարվեստա կան ղեկավարին ոչ թե մշակույթի նախարարը պետք է նշանակի (եթե նա ֆիզիկոս է կամ մարզիկ, կենսաբան կամ մեկ այլ մասնագետ, ինչպե՞ս կարող է խառնվել ստեղծագործական կյանքին, ճիշտ ընտրություն անել), այլ կոլեկտիվը: Ժամանակ առ ժամանակ ես փակ գաղտնի քվեարկությամբ ինձ համար պարզում եմ վստահության քվեիս հաստատունությունը: Չեմ միջամտում մյուս բեմադրիչների արդեն արված ներկայացումներին: Հերթական ռեժիսորները դերասանին սպանելու հատկություն ունեն: Գեղարվեստական ղեկավարը պետք է վերահսկի դերաբաշխումը, սիրած-չսիրած դերասան չունենա, որպեսզի ընտանեկան համերաշխություն տիրի թատրոնում, խաղաղ ստեղծագործական մթնոլորտ: Զուգահեռ անհատական ուսուցում ստացա Վահե Շահվերդյանի ռեժիսորական արվեստանոցում` վարպետիս բարյացակամությամբ համատեղելով ուսումս թատրոնը ղեկավարելու հետ: Կուրսային (Նար-Դոս, «Սպանված աղավնին») և դիպլոմային (Շեքսպիր, «Օթելլո») աշխատանքներս մտան թատրոնի խաղացանկ: Հետո կուրս բացեցինք Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում: Ճանապարհը, որն ինձ հետ անցավ թատրոնը, շատ դժվար էր, բայց կայուն: Հիմա գիտենք, որ վաղվա օր ունի վիրահայոց թատրոնը: Նորերից շատերին ինձնից ծածուկ աշխատանքի են հրավիրում Երևանի պետական թատրոնները, նկարահան վում են վրացական ֆիլմերում: Հիմա գործող ստուդիայում 18 հոգի են սովորում, որոնց մի մասը լավ հանդիսական կդառնա (այս նկատառումով` ստուդիա ենք ընդունում նույնիսկ քննություններում ձախողվածնե րին): Հայաստանի մշակույթի գործիչներն իմ բարեկամներն են, ես` նրանց: Հուսալի ձեռքերում է մեր թատրոնը և երբեք վերջակետ չի ունենա: - Որքանո՞վ եք ծանոթ հայաստանյան թատրոնների ստեղծագործական նկարագրին, հասցնո՞ւմ եք տեսնել նոր ներկայացումները: - Գրեթե ամբողջությամբ նայել եմ բոլորի խաղացանկը: Ուրախացել եմ 70-ականների նոր շնչով, որ բերեց Հրաչյա Ղափլանյանը: Նրանից հետո Արմեն Խանդիկյանը փայլուն պահպանեց ու զարգացրեց նորահաստատումների գեղագիտությունը: Վարպետիս` Վահե Շահվերադյանի բոլոր աշխատանքներն եմ տեսել և շատ բարձր եմ գնահատում Մայր թատրոնում նրա 12-ամյա գործունեությունը նույնպես: Երվանդ Ղազանչյանի «աճեմյանական» ձեռագիրն է ինձ դուր գալիս, չծերացող բեմադրական միտքը: Քանիցս առաջարկել եմ որևէ գործ ձեռնարկել մեզ մոտ: Եվ ոչ միայն նրանց, այլև գործող բոլոր բեմադրիչներին: Սիրահոժար խոստանում են, բայց ոչ մեկը խոստումը չի պահում: Համեմատաբար երիտասարդներից Նարինե Մալյանն է առանձնանում: Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիան», իմ կարծիքով, իմաստուն ներկայացում է: Ցավոք, ավելի երիտասարդներին այնքան էլ լավ չեմ ճանաչում: Առիթ եմ ունեցել Սուրեն Շահվերդյանի ռեժիսորա կան հմտություններում միայն համոզվելու: Ազգային արժանապատվությունս շոյվեց, երբ Հակոբ Ղազանչյանը Կարինե Խոդիկյանի «Տրակտատը» բեմադրեց Վրաստանի ակադեմիական թատրոնում: Կրկին ուզում եմ շնորհակալությունս հայտնել ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարություններին, հատկապես տիկին Հրանուշ Հակոբյանին, ով անձամբ հետևում էր մեզ հուզող խնդիրների լուծմանը: Տիկին Պողոսյանի հետ չեմ հանդիպել, բայց, կարծում եմ, նրա կամքով էր մեզ աջակցում մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյա նը: Մայր թատրոնի և Եպհթ ղեկավարներին եմ նաև երախտապարտ, որ մեզ անհատույց տրամադրեցին շենքերը: Մեր թատրոնը, բանակում ծառայող տղայի նման, լավ ծանրոցներ է միշտ ստանում մորից` պատմական հայրենիքից:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ