«Սիրո ծաղիկներ»


Վերջերս Մոսկվայում մասնակցում էի գրողների միությունների միջազգային ընկերակցության համագումա րին, որին ներկա էին շուրջ հիսուն գրական կազմակերպությունների ներկայացուցիչներ` ԱՊՀ բոլոր երկրներից, Բուլղարիայից, Թուրքիայից, Իսրայելից, Լեհաստանից... - Լինել միասին` սա է մեր ընկերակցության և ուրեմն նաև այս համաժողովի գլխավոր նշանաբանը,- իր ելույթում նշեց ընկերակցության նախագահ, ռուս գրականության նահապետ Սերգեյ Միխալկովը,- իսկ լինել միասին, նշանակում է օգնել իրար, նպաստել, որ տարբեր երկրների գրողների տաղանդավոր խոսքը որքան հնարավոր է լայնորեն հնչի: Եվ մենք բոլորս, իհարկե, հասկանում ենք,որ կարևոր այդ խնդրի լուծման նախապայմաններից մեկը միմյանց թարգմանելն է... Եվ այդ տրամադրությունը, այդ մղումը կար համագումարի բոլոր մասնակիցների մոտ` վերականգնել, ամրապնդել հասարակական,անձնական, մասնագիտական այն սերտ կապերը, որ գոյություն ունեին նախկինում և մեծապես նպաստում էին ազգային գրականությունների զարգացմանն ու տարածմանը, փոխհարստացմա նը: Ռուս իմ մի քանի գրչընկերներից այդ օրերին նվեր ստացա նրանց գրքերը, որոնք Երևանում աչքի անցկացրի, բնականաբար, նաև թարգմանչի հայացքով: Ինձ իսկույն գրավեց Իվան Պերեվերզինը, ով ժամանակակից ռուսական պոեզիայի միջին սերնդի ներկայացուցիչներից է, այսօրվա ճանաչված դեմքերից մեկը: Նրա ստեղծագործությանը բնորոշ է նուրբ քնարականությունը, զգացմունքների անկեղծությունը, թեթև, անկաշկանդ ռիթմը: Բանաստեղծին հաջողվում է որսալ, մտերմիկ, անմիջական խոսքով ներկայացնել առօրեականի, սովորականի մեջ միշտ ներկա առեղծվածայինը, վեհն ու գեղեցիկը: Սիրով , «Ավանգարդի» ընթերցողներին եմ ներկայացնում թարգմանություններ նրա «Սիրո ծաղիկներ» ժողովածուից :

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ