Հերթական սեքս-աղմկարարության թիրախը


Սիլվիո Բեռլուսկոնիի ինտիմ կյանքի մասին աղմուկն, ինչպես ասում են` նոր փուլ է թևակոխում: Իտալիայի վարչապետին հիմա արդեն ոչ միայն էլիտար պոռնիկները, այլ նաև «գործընկերներն» են ամբաստանում: Երկրում ճանաչված քաղգործիչ և լրագրող Պաոլո Գուցցանտին նրան մեղադրել է բարձրաստիճան անձանց հետ կապերի համար: Իր կայքում նա նյութեր է տեղադրել Բեռլուսկոնիի անձնական կյանքի մասին` նշելով, որ դրանք վերցված են հեռախոսազրույցների ձայնագրություններից: Ձայնագրել են, իհարկե, Իտալիայի քննչական մարմինների աշխատակիցներն ու հետո ոչնչացրել: Գուցցանտին անձամբ չի լսել այդ ամենը, բայց վստահեցնում է, որ դրանք մանրամասնորեն իրեն պատմել են «լրջագույն մարդիկ` աջ կենտրոնամետ շրջանակներից»: Ավելին, լրագրողը պատրաստակամություն է հայտնել` հետաքրքրվողներին առավել հանգամանալի ներկայացնել ցանկացած փաստ` նշելով տեղեկատվությունն իրեն տրամադրողների անունները: Երկրի Նախագահ Ջորջո Նապոլիտանոն լրատվամիջոցներին կոչ է արել վարչապետի մասին վարկաբեկիչ նյութեր չտպագրել, իսկ պետության ղեկավարի գրասենյակը հերքել է Գուցցանտիի հավաստիացումները` դրանք զրպարտանք որակելով: Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այս տարվա մայիսից, երբ նրա կինը` նախկին արտիստուհի Վերոնիկա Լարիոն, 19-ամյա համատեղ կյանքից հետո ապահարզան պահանջեց` ամուսնուն մեղադրելով երիտասարդ աղջկա հետ սիրային կապերի մեջ: Հետո հայտնվեցին մերկ աղջիկների լուսանկարները` վարչապետի հետ երեկույթում: Փոքր-ինչ ավելի ուշ քաղաքական արենայում հայտնվեց պոռնկուհի Պատրիցիա Դ°Ադդարիոն, ով հայտարարեց, որ Եվրախորհրդում աշխատանք ստանալու համար ինքը մի գիշեր է անցկացրել Սիլվիոյի հետ: Կնամեծար վարչապետն էլ, մեկնաբանելով իր անվան շուրջ պտտվող խոսակցությունները, նշել էր, որ շրջապատում շատ են գեղեցիկ կանայք, իսկ ինքն էլ սուրբ չէ: