Մեղադրանք կառաջադրվի՞


Իսրայելը կարծես քաղաքական նոր աղմուկի նախաշեմին է: Այդ երկրի քրեական պատմության մեջ ամենաերկարատև` 13-ամյա հետաքննությունից հետո, ոստիկանությունը դատախազությանն առաջարկել է մեղադրանք ներկայացնել ընդդեմ արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի: Ձեռք բերված վկայությունները, քննիչների կարծիքով, թույլ են տալիս «ռուսական» կուսակցության ղեկավարին մեղադրել ֆինանսական խախտումների մեջ` սկսած 2000 թվականից: Տարիներ առաջ նման մեղադրանք ներկայացվել է նախկին վարչապետ Արիել Շարոնին: Սակայն այն ժամանակ կառավարության իրավաբանական խորհրդական Մենի Մազուզը որոշեց մեծ աղմուկ չբարձրացնել: Ի դեպ, հիմա նույնպես` Լիբերմանի գործի ելքը վճռելու է նույն Մազուզը, և դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձություններն այս անգամ: Սակայն "ՀպՔպՑ ընՁ" պետական ռադիոկայանի հնչեցրած տվյալներով` գործի քննության ընթացքում հարկ կլինի լրացուցիչ քննություն անցկացնել` ապացույցների անհամոզիչ լինելու պատճառով: * * * Ընդդեմ Լիբերմանի գործն սկսվել է 1990-ականների վերջերին, երբ ոստիկանությունը նրան կասկածում էր «ռուսական մաֆիայի» հետ կապեր ունենալու մեջ: Հետագայում այդ կասկածանքին հավելվեց ևս մեկը` կուսակցական ֆինանսավորման մասին օրենքի ոտնահարում: 2007-ի գարնանը իսրայելական ԶԼՄ-ները լրատվություն տպագրեցին, որ Կիպրոսում կատարված քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը «ներկայիս արտգործնախարարի հանդեպ կասկածները խորացնող շատ նոր նյութեր է ստացել»: Դրանից հետո, սակայն, Ավիգդոր Լիբերմանի գործով այլ հրապարակում չի եղել: Ի պատասխան ոստիկանության մեղադրանքի, Լիբերմանի մամլո ծառայությունը տարածել է նրա հայտարարությունը` - Ոստիկանությունն արդեն 13 տարի հետապնդում է ինձ: Եվ որքան մեծանում է իմ քաղաքական ազդեցութ յունն ու «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության կշիռը, այնքան կատաղի են դառնում ինձ քաղաքական ասպարեզից հեռացնելու փորձերը: Քրեական գործ հարուցելու համար իրական հիմքեր չեն եղել, հակառակ դեպքում քննությունն այսքան չէր երկարաձգվի: Բարձրագույն դատարան ներկայացրած իմ հայցը միայն ոստիկանությանը ստիպեց ավարտել հետաքննությունը: Ոստիկանության առաջարկն անհիմն է, և մեղադրական եզրակացությունը չպետք է ներկայացվի, կամ էլ գործը կավարտվի արդարացմամբ: Իսրայելում հիմա քննարկվում է այն հարցը, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան քաղաքական թատերաբեմում` եթե քրգործն, այնուամենայնիվ, դատարան հանձնվի, և «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ արտգործնախարարը պաշտոնանկ արվի: Դեռևս կառավարության կազմավորման ընթացքում կոալիցիոն բանակցությունների ժամանակ խոսակցություններ էին շրջում, թե նախարարի պորտֆելը կհանձնվի այլ կուսակցության: Բայց «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը կտրականապես հերքեց իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը` հայտարարելով, որ իրենք անհապաղ կհամալրեն ընդդիմության շարքերը: Իսկ դա իշխող կոալիցիայի համար կնեսեթում ձայների մեծամասնության փաստացի կորուստ կլինի: Եվ, համապատասխանաբար` ներկայիս կառավարության տապալումը կնախապատրաս տի: