ՋԵՐՄՈՒԿՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ


Հագեցած էր ՀՀ նախագահի աշխատանքային այցը Ջերմուկում: Մարզի և քաղաքի ղեկավարների հետ քննարկելով անցյալ տարի Ջերմուկի` որպես առողջարանային և զբոսաշրջական կենտրոնի զարգացման ծրագրերին նվիրված խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Ջերմուկի ճոպանուղու, տարածքի բարեկարգման աշխատանքներին և ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» միջազգային մրցաշարի բացման առիթով Ջերմուկում գտնվող ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ընկերակցությամբ փորձարկել է ճոպանուղու երթուղին: Երկրի ղեկավարը հանդիպել է և «Հայ ասպետ» հեռուստատեսային խաղի հաղթող Ջերմուկի թիվ 1 դպրոցի հավաքականի անդամներին: Շնորհավորելով երեխաներին նա նշել է, որ նման այսպիսի օրինակները կոգևորեն դպրոցականներին, կօգնեն գիտակցելու լավ սովորելու և կյանքում իրենց արժանի տեղը գտնելու համար գիտելիքին ապավինելու անհրաժեշտությունը: Երեխաները երկրի Նախագահի և «Փյունիկ» հիմնադրամի կողմից որպես պարգև ստացել են նոութբուք համակարգիչներ: Նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» «Ջերմուկ-2009» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: - Տիգրան Պետրոսյանն ապացուցեց, որ հայկական շախմատը կարող է և պետք է ունենա լուրջ նվաճում ներ: Նրա հաղթանակը, սպորտային հաջողությունները դաստիարակեցին մի քանի սերունդներ: Տիգրան Պետրոսյանի հաղթանակից հետո հայկական բոլոր ընտանիքներում շախմատ էին խաղում: Այս հետաքրքիր երևույթը չէր կարող արդյունք չտալ, որը մենք կարողացանք լիաթոք ըմբոշխնել շուրջ քառասունչորս տարի հետո, երբ Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Այսօր մենք հպարտությամբ ասում ենք, որ Հայաստանն օլիմպիական կրկնակի չեմպիոնների հայրենիքն է: Մեր շախմատիստ ները գրեթե յուրաքանչյուր ամիս հասնում են նոր հաջողությունների, որոնցից վերջինը Լևոն Արոնյանի հաղթանակն էր արագ շախմատում,- նշել է նա իր ողջույնի խոսքում: Շախմատային խաղերը մեկնարկել են ` Լևոն Արոնյան-Վասիլի Իվանչուկ խաղազույգի խաղատախտակի վրա` ՀՀ Նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի կատարած առաջին խորհրդանշական քայլերով: Մինչ բոլոր 7 խաղատախտակների վրա կատարվում էին առաջին քայլերը, 8-րդ խաղատախտակի վրա իրենց ուժերն են չափել ՀՀ Նախագահը և ՖԻԴԵ-ի նախագահը` գրանցելով ոչ-ոքի արդյունք: