ՀԱ՞ ՈՐ...


ՀԴՄ կտրոնային վիճակախաղը կոնկրետ նպատակի արդարացված միջոց դարձավ: Եռամսյա կտրոններ կուտակողների աշխույժ եռուզեռը հուշում է, որ հետագայում սպառողն ավելի նախանձախնդրորեն է իր գնումների վճարաչափի թղթիկներ պահանջելու: Դժվար չէ այս եզրակացությանը հանգել` հետևելով Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներին: Դրանց ուղղակի համադրումից պարզ է դառնում, որ ՀԴՄ կտրոնների դարձերեսներին տպագրված թվերը մեր 982 հայրենակիցների են ընդամենը երջանկացրել: Մինչդեռ չշահած կտրոնները կուտակած և հարկային տեսչություն ներկայացնելուց հետո բոնուսներ ստացած քաղաքացիների թիվը նախորդ շաբաթվա տվյալներով արդեն 20 հազարի էր մոտենում: Ընդ որում, առաջին դեպքում խոսքը 8-9 միլիոն դրամի շահումների մասին է, իսկ բանկերից ստացված պարգևավճար ների գումարն արդեն հատել է 360 միլիոն դրամի սահմանը: Նման վիճակագրության առկայության պարագայում, հիրավի, ավելի հեշտ է կողմնորոշվելը, թե միանգամից շահե՞լն է ավելի ձեռնտու, թե՞ չշահած կտրոններ կուտակելը: Ի դեպ` ծավալվող աշխույժն է°լ ավելի կակտիվանար, եթե կտրոնատերը շահեր ոչ թե 4, այլ 3 թվերով: ԻՍԿ կտրոններ կուտակելու բարենպաստ նախադրյալներն իրականում քիչ չեն: Եվ խոսքը միայն քաղաքացիներին բաշխված վերոնշյալ 360 միլիոն դրամը ըստ հայեցողության տնօրինելու և հատկապես մանրածախ առևտուրը խթանելու շրջանակներում չի սահմանափակվում… Նախորդ շաբաթ վարչապետ Տ. Սարգսյանը հայտարարեց, թե ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մանրածախ առևտրի և ծառայությունների արձանագրած շրջանառությունը ոչ միայն չի նվազել, այլ որոշակիորեն աճել է: Ըստ վարչապետի` այս գործին լրջորեն նպաստել է այն հանգամանքը, որ տարեսկզբից կենսաթոշակները` 14, իսկ մասնավոր և պետական հատվածում վճարվող աշխատավարձը 13 տոկոսով բարձրացվել է: Ասել է թե` ճգնաժամ լինի, թե նախանձելի չափի բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններ, գումար ունենալու դեպքում մարդիկ ժլատ գտնվելու առիթներ չեն որոնում: Այ եթե դրսից ստացվող դրամական փոխանցումներն էլ պահպանած լինեին նախկին ծավալները, իրավիճակը շատ ավելի լավատեսական կարելի կլիներ համարել: ՄԻՆՉԴԵՌ տրանսֆերտների վերաբերյալ Կենտրոնական բանկի հրապարակած նոր տվյալները հեռու են ոգևորիչ լինելուց: Այս տարվա առաջին կիսամյակում բանկային համակարգով ընդամենը 446,7 միլիոն դրամ է մեր հանրապետություն փոխանցվել, ինչը 32 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատ վածի համեմատ: Նշված գումարից 307, 2 միլիոնը, կամ, որ նույնն է, տրանսֆերտների 84 տոկոսը ստացվել է Ռուսաստանից: Եվ իրոք, զարմանալ կարելի է, թե տնտեսական ճգնաժամի հասցրած հարվածը որքա¯ն մեծ է մեր հյուսիսա յին հարևանի պարագայում, և, որ նույնքան զարմանալի է, փաստորեն անչափելի լինելու պես մեծ է նաև հայոց աշխարհի բնակիչներիս կախվածությունը դրսում գտնվող մեր հայրենակիցների վաստակած գումարներից: Ուստիև, եթե նվազել է Հայաստան եկող փողերի հոսքը, բնականաբար մեր երկրից, ասենք, ինչ-որ ներկրված ապրանքի դիմաց վճարվելիք գումարների դուրսբերումն էլ է պակասել: Այս թիվն էլ, ըստ ԿԲ տվյալների, 28 տոկոսով է նվազել: