Դա կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻ հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը Հուլիսի 18-21-ը Ձեր գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցեց հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններին, որոնց արդյունքում կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցության ոլորտները: Խնդրում եմ, ներկայացրեք այդ ոլորտները: - Խորհրդակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացրեցինք ՀՀ պաշտպանական բարեփոխումների և ՀՀ զինված ուժերի զարգացման հարցերի վրա` ձգտելով մեր ամերիկյան գործընկերների հետ հստակեցնել ԱՄՆ հնարավոր աջակցությունն այդ գործընթացներին: Մասնավորապես քննարկվել են` ՀՀ պաշտպանական քաղաքականությանը, ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա մշակված ՀՀ ԶՈՒ զարգացմանն ուղղված պլանների իրականացմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը, պրոֆեսիոնալ ռազմական կրթությանը, արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացմանը և ռազմական նշանակության արտադրանքի վերահսկողությանը, մարդասիրական ականազերծմանը վերաբերող, ինչպես նաև հասարակական-մշակութային ուղղվածություն ունեցող որոշ ծրագրեր: Բացի այդ, անդրադարձ ենք կատարել այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են` ԱՄՆ կողմից տրվող աջակցության արդյունավետ օգտագործումն ու ԱՄՆ հնարավորութ յունները ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացման հարցում աջակցություն ցուցաբերելու, այդ թվում` թե երկկողմ, այնպես էլ բազմակողմ համատեղ վարժանքներ կազմակերպելու առումով: - Ի՞նչ ձևաչափով, որտե՞ղ և ե՞րբ են կայանալու վարժանքները: - Հայ և ամերիկացի զինվորականներն արդեն մոտ 10 տարի է, ինչ համատեղ վարժանքներ են իրականացնում խաղաղապահության, կապի, ռազմական բժշկության և արտակարգ իրավիճակների արձագանքման զորավարժությունների միջոցով: Իրականացվել են նաև մի շարք փոքրամասշտաբ վարժական միջոցառումներ. չմոռանանք նշել նաև հայ և ամերիկացի զինվորականների շփումներն ու համատեղ աշխատանքը Իրաքում, Կոսովոյում և Աֆղանստանում իրականացված գործողությունների ընթացքում: Սակայն այս ամենն իրականացվել է հիմնականում բազմակողմ շրջանակներում, բազմազգ գործողությունների և զորավարժությունների միջոցով: Ինչ վերաբերում է երկկողմ հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու հնարավորությանը, ապա` այո, այս հարցը քննարկել ենք, սակայն հաշվի առնելով, որ այս տարվանից վերականգնվել են ՆԱՏՕ/ԳՀԽ դաշտային և հրամանատարաշտաբային զորավարժությունները, հայ խաղաղապահների վարժանքի առումով երկկողմ հայ-ամերիկյան զորավարժություն կազմակերպելու հրատապությունը նվազում է, իսկ հարցը շարունակում է մնալ հայ-ամերիկյան հետագա խորհրդակցությունների առարկա: ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի բազմակողմ զորավարժությունների կազմակերպման և իրականացման հարուստ փորձ և մտադիր է առավել ընդլայնել գործունեությունը այդ ոլորտում: - Կարո՞ղ ենք ասել, որ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը սաղմնային փուլից տեղափոխվում է լիարժեք գործնական համագործակ ցության փուլ: - Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը վերջին տարիներին իսկապես տպավորիչ աճ է արձանագրել: Որպես 2010-2011թ.թ. հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ձեռքբերումներ կարելի է նշել Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը և վերանայման արդյունքում մշակված զարգացման պլանի իրականացման սկիզբը, ինչպես նաև ISAF-ին մասնակցող հայկական զորախմբի եռապատկումը` հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ուսումնա վարժական աջակցության արդյունքում պատրաստված անձնակազմն է ընդգրկվում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայկական զորախմբե րում: - Թե´ ԱՄՆ-ում, թե´ Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել է ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ հնարավորությունների զարգացման հարցը: Կայացման ո՞ր փուլում են գտնվում այսօր մեր խաղաղապահ ուժերը, և որո՞նք են այն խնդիրները, որ դեռ պետք է լուծվեն: - Ներկայումս ՀՀ ԶՈՒ 12-րդ խաղաղապահ բրիգադն ունի ամբողջովին համալրված երկու հրաձգային գումարտակ և ի վիճակի է գործողությունների համար ապահովել մոտ երկու վաշտ` ռոտացիոն սկզբունքով: Այսօր բրիգադի անձնակազմից մշտապես բազմազգ գործողությունների թատերաբեմերում տեղակայված են ընդհանուր առմամբ 161 զինծառայողներ, որոնցից 126-ը Աֆղանստանում, իսկ 35-ը` Կոսովոյում: Ընթացքում է բրիգադի երրորդ գումարտակի համալրման գործընթացը: Բրիգադի կազմավորման գործընթացի շրջանակներում, որը պետք է ավարտվի 2015թ.-ին, հիմնական ջանքերը կենտրոնացվում են թիկունքային ապահովման համակարգի զարգացման ու բրիգադի նյութատեխնիկական ապահովման խնդիրների վրա: Այդ գործընթացում մեծ տեղ է հատկացվում նաև բրիգադի անձնակազմի շարունա կական պատրաստման, վերապատրաստման և գնահատման միջոցառումներին: ՀՀ խաղաղապահ կարողություններին վերջերս ավելացրել ենք նաև մեկ ինժեներական գումարտակ, որը հայտարարվել է նաև ԳՀԽ օպերատիվ կարողությունների հայեցակարգի ուժերի պահեստում և ապագայում նախատեսում ենք իրականացնել նաև այս ստորաբաժանման մարտական կարողությունների գնահատում: - Վերջերս Դուք հանդիպումներ անցկացրեցիք նաև ռուսաստանցի գործընկերների հետ: Ի տարբերություն հայ-ամերիկյան ռազմական կապերի, հայ-ռուսական ռազմական համագործակցությունը հարուստ պատմություն ունի և, կարծես, կողմերը միմյանց հասկանում են կեսբառից: Ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայում: - Իսկապես, հայ-ռուսական ռազմա-քաղաքական համագործակցությունը բավականին հարուստ պատմություն ու ձևավորված ավանդույթներ ունի և ընդգրկում է պաշտպանական ոլորտի հարաբերությունների շատ ավելի լայն սպեկտր, քան` այլ երկրների հետ: Մոսկվայում գտնվելու ժամանակ հանդիպումներ եմ ունեցել ինչպես ՀԱՊԿ-ի քարտուղարության ղեկավարության, այնպես էլ ՌԴ ՊՆ գործընկերների հետ: ՀԱՊԿ-ում հանդիպումների ժամանակ քննարկվել են համագործակցության մի շարք խնդիրներ, որոնցից են. Կազմակերպության ռազմական կոմիտեի ստեղծումը, միջազգային ռազմական շտաբի գործառույթների կատարելագործումը, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների և պետությունների դիտորդների ներգրավումը ՀԱՊԿ-ի և Օպերատիվ Արձագանքման Հավաքական Ուժերի ներգրավմամբ իրականացվող և այլ զորավարժություններին, որը կապահովի բավարար թափանցիկություն և կդիտարկվի տարածաշրջանում փոխվստահության բարձրացմանն ուղղված միջոցառում` ամրապնդելով նաև ՀԱՊԿ-ի, որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման կազմակերպության վարկանիշը: Ինչ վերաբերում է ՌԴ ՊՆ գործընկերների հետ ունեցած հանդիպումներին, ապա դրանք նպատակաուղղված էին այնպիսի հարցերի քննարկմանը, ինչպիսիք են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշման համաձայնեցումը` սպառազինությունների վերահսկման միջազգային փաստաթղթերի վերաբերյալ, տարածաշրջանային անվտանգությանը, ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի օպտիմալացմանը, վերջինիս որոշ ստորաբաժանումների վերատեղաբաշխմանը, ինչպես նաև արդիականացմանը վերաբերող հարցեր: - Երբեմն կարծիքներ են հնչում այն մասին, որ Ռուսաստանը ավելի շատ «խորհրդանշական», քան մարտական կարևորություն է տալիս Հայաստանում իր ռազմակայանին: Ինչ կասեք այս կապակցությամբ, ենթադրում եմ, որ ռազմակայանի հարցերը ևս քննարկման առարկա են եղել: - Կարծում եմ` սա այն դեպքն է, երբ պետք չէ ինչ-որ թաքնված կամ այլ իմաստներ փնտրել: ՌԴ ռազմակայանի առկայությունը Հայաստանում մշտապես պայմանավորված է եղել երկու երկրների ռազմաքաղաքական շահերով: Իսկ 2010թ. ամռանը ստորագրված ՌԴ ռազմակայանի ՀՀ տարածքում կայանման ժամկետի երկարաձգման պայմանագրի համաձայն, 102-րդ բազան ստանձնեց նաև ՀՀ անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելու խնդիրը: Այսպիսով, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի տարրերից է, ինչն արծարծված է ՀՀ մի շարք հայեցակար գային փաստաթղթերում (ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարություն, Ռազմական Դոկտրին): - Վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարարը այցելեց Ադրբեջան` քննարկելու Գաբալայի կայանի ապագայի հետ կապված հարցերը: Հայաստանը որևէ դիրքորոշում ունի՞ այս կայանի գործունեության և նրա կարգավիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ: - Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործումը որոշակի ռազմավարական նշանակություն ունի ՌԴ համար: Խորհրդային ժամանակաշրջանում այն հանդիսանում էր ԽՍՀՄ-ի հակահրթիռային ազդանշման համակարգի մի մասը, իսկ այժմ թույլ է տալիս ՌԴ զինված ուժերին լայն շառավղով տարածքի վրա հսկել իրավիճակը և նախազգուշացնել հրթիռային հարձակման մասին: Հաշվի առնելով հայ-ռուսական դաշնակցային կապերը, Գաբալայի կայանի շահագործումը ՌԴ կողմից մենք ոչ միայն չենք դիտարկում որպես ՀՀ անվտանգային շահերին հակասող գործողություն, այլ ընդհակառակը` կարծում եմ, որ որքան ընդլայնվի մեր ռազմավարական դաշնակցի և այլ գործընկեր երկրների ներգրավվածությունը հարևան երկրի անվտանգային և, ինչու ոչ, նաև ռազմական ոլորտներում, այնքան դա կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգությանը: