ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը զինված ուժերի 2-րդ բանակային զորամիավորում


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զինված ուժերի 2-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին: Ելույթ ունենալով զորամասի շարահրապարակում հավաքված զինծառայողների առջև` պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել սպա-զինվոր փոխհարաբերությունների մասին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Հայաստանի քաղաքական ղեկավարության այն մոտեցումը, ըստ որի Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ և բանակցային ճանապարհով, այդ ամենի համար պետք է ունենալ մարտունակ բանակ, որը կարող է լիարժեքորեն պաշտպանել մեր հայրենիքի սահմանները»: Այնուհետև Սեյրան Օհանյանը այցելել է զորամասի հրաձգարան, դիտել կրակային պատրաստության վարժանքներ: Պաշտպանության նախարարն այցելել է նաև հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Նախարար Օհանյանը հայրենիքի սահմանները պաշտպանողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով: