1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Պետեկամուտների կոմիտեի հրապարակած առաջատար հարկատուների ցանկը կարելի է աննախադեպ համարել: Խոշորները զանգվածաբար ավելացրել են պետությանը կատարվող «մասհանումները», և ընդհանուր առմամբ հազարյակի վճարումներն ավելացել են 34,1, հարյուրյակինը` 53,2 տոկոսով: Եթե մինչև վերջերս ցանկացած տնտեսվարողի արձանագրած 3-5 տոկոսի հարկային վճարումների աճը հաճելիորեն ուրախացնողներից էր համարվում, ապա այս տարվա առաջին կիսամյակի ամփոփումներով` 3¬5 անգամ վճարումներն ավելացրած բազմաթիվ տնտեսվարողների կարելի է հանդիպել ՊԵԿ ներկայացրած նոր ցուցակում: Տպավորությունն այնպիսին է, թե մեր երկիրը զարգացման ուղիով է ընթանում, թեև շարքային քաղաքացիներս միայն հարկայինի հրապարակումից ենք այդ մասին իմանում: Ամեն դեպքում, անսպասելի ու տարօրինակ է, թե ինչը նպաստեց անուղղելի թվացող տասնյակ տնտեսվարողների հարկային վճարների կտրուկ աճին: Ինչու դա հենց այս շրջանում տեղի ունեցավ, և, բացի պետության միջոցները բազմապատկվելուց, ի՞նչ է դա փոխելու շարքային քաղաքացիների կյանքում, ու առկա միտումների պահպանման ի՞նչ երաշխիքներ կան: Եթե, օրինակ, ռևանշը հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունենար, ապա երևույթը հնարավոր կլիներ, ասենք, պղնձի կամ այլ կիսաթանկարժեք մետաղների գների բարձրացմամբ և պահանջարկի աճով պայմանավորել: Բայց, ինչպես նշեցինք, թերացող ու դրանով իսկ բացառիկ ոլորտներ գրեթե չկան. եթե ասենք էլեկտրաէներգիայի սպառումը տարվա առաջին հատվածում մեծացել է, ապա գազինն էլ իր հերթին է աճել: Գազ շատ ենք սպառել, սակայն դա չի խանգարել, որպեսզի բենզինի շուկայի տիտանների գործերն էլ չնահանջեն: Տեղական ծխախոտի սպառումն ավելացել է, սակայն ներկրողներն էլ հայրենական արտադրողներից հետ չեն մնացել... Եվ` այսպես շարունակ: Արժե ավելացնել, որ Հայաստանում այս տարվա առաջին հատվածում բանկային գործը պարզապես ծաղկել է, ու խոշոր հարկատուների ցուցակում նախկինում դժվարությամբ հայտնաբերվող հայաստանյան բանկերը մինչև անգամ առաջատարների երկրորդ տասնյակում են տեղ զբաղեցրել: Սխալ կլինի ենթադրել, թե բոլորի գործերը սկսել են վերելք ապրել, ու հարկայինն ընդամենը տեղի ունեցածն է արձանագրել: Մանավանդ որ, ինչպես նշեցինք, վճարումների կտրուկ թռիչքի նախադրյալներ նախորդող ամիսներին չէին նկատվում: Իսկ թե ո՞վ և ինչո՞ւ է բոլորին միանգամից պատասխանատու դարձրել պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների առումով` դժվար է ասել: Ամենակարևորը, թերևս, հաջորդող ամփոփումներում առկա ցուցանիշների բազմապատկումն է կամ (վատագույն դեպքում) պահպանումը: Եվ նախօրեին ի հայտ եկած աննախադեպ տվյալները հիմքեր են ստեղծում ենթադրելու, որ հետագայում նույնպես վճարումների ավելացման նախադրյալներ կան: