ԻՐԱՎՈ՞ՒՆՔՆ Է ՈՒԺ ՏԱԼԻՍ


Ասում ենք` մենք հանդուրժող ժողովուրդ ենք: Բայց առիթը բաց չենք թողնում միմյանց բարոյապես ոչնչացնելու: Ինչո՞ւ միայն բարոյապես. ֆիզիկապես էլ դիմացինին ճնշելու ազատ ձեռքեր միշտ գտնվում են` «իրավունքն է ուժ տալիս» անարդար մղումով: Ամենաթարմ ապացույցը` շաբաթասկզբին մեր ավանդական «թատերահարթակ» դարձած օպերայի շրջակայքում տեղի ունեցած միջադեպն է, թերևս: Եվ, եթե ավելի լուրջ, այլ ոչ թերահավատորեն վերաբերվեինք մեր ոստիկանությանը, ապա ուշ երեկոյի այդ միջադեպը կարող էինք քաղաքական սադրանք համարել: Մայրաքաղաքիս կենտրոնում իրավապահների պահվածքը կասկածելի է թվացել մի խումբ երիտասարդների, ովքեր էլ փորձել են սեփական նախաձեռնությամբ կանխել իրենց համաքաղաքացիների իրավունքների ոտնահարումը: Էլ ի˜նչ ոստիկաններ` եթե ուժ չկիրառեին իրենց կարգի հրավիրողների նկատմամբ: Թարսի պես` էդ ջահելներն էլ իրավապահ ների պատկերացրած` համազգեստից ու բռունցքներից փախչողներ չեն եղել, այլ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ: Ծեծի ենթարկվելուց հետո ձերբակալված տղաներն արդեն հայտարարություն են տարածել, որ շարունակելու են պայքարել յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու ոտնահարված իրավունքների համար: Ավելին` - «Ընդդեմ ոստիկանական ապօրինությունների» նախաձեռնության անդամ, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները, բազմաթիվ անգամ նկատելով ՀՀ երիտասարդ քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կիրառվող ապօրինի գործողությունները, միջամտել են` փորձելով կանխել նմանատիպ երևույթները: Քաղաքացիական գիտակցության նմանատիպ դրսևորումը չէր կարող չգրգռել հայրենի «իրավապահների» զգայուն նյարդերը,¬ նշված է նրանց հայտարարության տեքստում: Գուցեև ոստիկանները ինչ¬որ քաղաքացու (կամ քաղաքացիների) դիտողություն անելու պատճառ ունեցել են: Գուցե նույնիսկ միջամտողներին ոստիկանության բաժանմունք տանելը հարկադրական քայլ է եղել: Բայց ծե՞ծը... Բա նրանց փաստաբաններին ողջ գիշեր առանձին սենյակում փակե՞լը... -Դիմադրության արդյունքում ոստիկանության ծառայողներից մեկը դեմքին վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց,- ասել է ոստիկանության պաշտոնյա ներից մեկը` շրջանցելով, թե ինչ աստիճանի վնասվածքներ են ստացել ծեծվածները: Ի դեպ, նրանք հիմա էլ չեն հրաժարվել իրենց սկզբունքներից. - Մենք չենք վախեցել ու չենք վախենում ո´չ օրինազանց իրավապահների մահակներից, ո´չ էլ` բանտերից: Մեր պայքարը հանուն օրինական պետության է, մենք պայքարում ենք հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի: Որ կատարվածը որևէ առնչություն չուներ իշխանություն-ՀԱԿ երկխոսության ընթացքում առկա անհամաձայնությունների հետ (ինչպես շտապել էին որակել որոշ ֆանտազյորներ)` ակնհայտ է: Ակնհայտ է նաև, որ ոչ մի քաղաքակրթություն չի ազդում հայ որոշ ոստիկանների վրա: Ի սկզբանե, նրանք իրենց «ժողովրդից դուրս» են դասում ու երբեք վատ չեն զգում իրենց հանդեպ ձևավորված անհարգալից (մեղմ ասած) վերաբերմունքից: Չեն խորշում «Աստված ոստիկանից հեռու պահի» մաղթանքից: Դե, բնականաբար, չեն էլ կարող գիտակցել, որ արգահատելի իրենց նկարագրով արատավորում են մարդկային առողջ նկարագիր ունեցող իրենց ծառայակիցների և համակարգի համբավը: