Վերամշակված մելանժը` խաղաղ նպատակով


2005 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը ստորագրեցին Իրականացման համաձայնագիր` մահացու վտանգավոր մելանժի պաշարները հողերի անվտանգ կերակրանյութի վերածելու համար հատուկ վերամշակման կայանքի կառուցման և շահագործման վերաբերյալ: ԵԱՀԿ գրասենյակի ստանձնած ծրագրի իրագործումը հնարավոր դարձավ ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Գերմանիայի և Կանադայի կառավարությունների կողմից տրամադրված արտաբյուջետային միջոցների շնորհիվ: Կոմունիստական համակարգի փլուզումից հետո Հայաստանին բաժին հասած ժառանգություններից էր խորհրդային Զինված ուժերի կողմից թողնված 872 տոննա մելանժ կոչվող հրթիռային վառելիքի բաղադրիչ` հեղուկ օքսիդացնող, խիստ թունավոր նյութի պաշարները` որոնք, բնականաբար, վտանգավոր էին թե° բնակչության, թե° շրջակա միջավայրի համար: ՀՀ ՊՆ պաշտոնական հարցմանն ի պատասխան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել տեխնիկապես և ֆինանսապես օգնել` վտանգավոր մելանժը վերամշակելու համար: 2006 թ. մայիսից սկսված վերամշակման գործընթացը 2007 թ. սեպտեմբերի 6-ի դրությամբ արդեն ավարտված էր. 872 տոննա մելանժի ամբողջ պաշարը վերամշակվել է 4972 տոննա պարարտանյութի, որն օգտագործվել է 1243 հեկտար հողերի վրա` տեղերում համաձայնեցնելով գյուղատնտեսության համակարգողի հետ: Աշխատանքներում ներգրավվել են 40-ից ավելի տեղաբնակներ: Օրերս մեկամյա ծրագրի ավարտը ազդարարվեց Լոռու մարզի Ղալթախչի գյուղում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի նախկին ղեկավար Վլադիմիր Պրյախինի և ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանի կողմից ստորագրված փաստաթղթով: Փոխնախարարը նշեց, որ. - ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացված ծրագիրը վկայում է, որ կառույցի գործունեությունը մեր տարածաշրջանում ներառում է անվտանգության ամենալայն շրջանակ` սկսած ռազմական անվտանգությունից, ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներից ու հակամարտության գոտում պարբերաբար անցկացվող մոնիտորինգներից մինչև նման բնապահպանական նախաձեռնություններ: Իրականացված նախագծի արդյունքները բարձր գնահատեց նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Ֆերինան. - Գերազանց աշխատանք է կատարվել, և ֆինանսական ներդրումները վերածվել են ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար կարևոր արդյունքի… Այս ձեռնարկը հայերի կողմից իրագործված ծրագիր էր` հայերի համար: Մելանժի վերամշակման կայանի տեղաբնակ աշխատակիցները հավաստիացրին, որ ստացված հանքային պարարտանյութն օգտակար է իրենց հողերի համար, որ նույն տարածքի վրա բերքի չափը ավելացել է 1,5 անգամ: Պարարտանյութը գյուղացիական համայնքներին տրամադրվել է անվճար:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ