ՀՀԿ-ն պատրաստվում է հերթական համագումարին


Անցած շաբաթ հրավիրված ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է ընթացիկ նոյեմբերի 10-ին հրավիրել ՀՀԿ 11-րդ հերթական համագումարը: Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով, հանձնարարվել է կազմակերպել և անցկացնել սկզբնական, տարածքային և մարզային կազմակերպությունների հաշվետու-ընտրական ժողովներ և ընտրել համագումարի պատվիրակներ: ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով ՀՀԿ խորհուրդը Գալուստ Սահակյանին միաձայն ընտրել է կուսակցության նախագահի ընդհանուր հարցերով տեղակալ: Ինչպես փաստում է Հանրապետականի մամլո պատասխանատու Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` - Օրակարգում ընդգրկված էին նաև կազմակերպչական այլ խնդիրներ: Հստակեցվեց պատվիրակների ընտրության կարգը: Արդեն տեղյակ եք` նիստում քննարկվել է նաև կուսակցության նոր փոխնախագահի ընտրության հարցը: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքական մեր կառույցի ընդլայնմամբ. նրան այսօր անդամակցում է 130 հազար մարդ: Հրատապ է նաև աշխատանքները նոր ձևերով, նոր մեթոդներով կազմակերպելու խնդիրը` ժամանակի պահանջներին համապատասխան: Էդ. Շարմազանովը ևս մեկ անգամ փաստում է, որ խորհրդարանական ընտրությունները հիմնավորել են կուսակցության հանդեպ ժողովրդի վստահությունը. Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե ՀՀԿ-ն այդ ընտրություններում հավաքի 10-15 տոկոս ձայն, ապա նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին խոսք լինել չի կարող: - ՀՀԿ-ն այդ ընտրություններում հավաքել է ավելի քան վստահելի ձայներ, ուստիեւ Հանրապետականը կունենա Նախագահի թեկնածու` ի դեմս Սերժ Սարգսյանի, քանի որ դրա համար կա հասարակական պահանջ, այն է` մեր ընտրողների վստահությունը»: Եվ ընդհանրապես, «Այս պահին ՀՀԿ-ն ունի բոլոր հիմքերը, իսկ այդ հիմքը տալիս են մայիսյան ընտրությունները, որոնցից հետո ՀՀԿ-ն չի զիջել իր դիրքերը, եւ ՀՀԿ-ի գործունեությունը գործադիրում եւ օրենսդիրում կօգնի, որպեսզի կուսակցության վարկանիշն ավելի աճի: Այս պահին ՀՀԿ-ն այն ուժն է, որն ունի հստակ քաղաքական թիմ, ծրագիր եւ անհատ թեկնածու»: Լավ նախապատրաստվելու, ժողովրդին սին խոստումների փոխարեն կոնկրետ գործերով ներկայանալու դեպքում հազիվ թե Նախագահի ընտրության երկրորդ փուլի անհրաժեշտություն ծագի: Բայց դա էլ էական չէ: Մեզ համար էական չէ, թե կհաղթենք 1 կամ 11 թեկնածուի... մեր նպատակն է ունենանք ժողովրդի վստահությունը, որպեսզի իշխանությունը լինի լեգիտիմ եւ լեգալ, որովհետեւ միայն այդ իշխանությունը կարող է լուծել մեր պետության առջեւ ծառացած խնդիրները եւ տանել դեպի զարգացում:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ