ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ՍՊՐԴԵԼԸ` ԳԵՐՆՊԱՏԱԿ


Քաղաքական դաշտի երևելիների անձնանպաստ գործունեության ենթագիտակցական թե նպատակային դրսևորումներն աստիճանաբար բարձրակետին են մոտենում: Այստեղ, թերևս առաջին անգամ, հավատընծա են դառնում խորհրդարանական ընտրությունները չկարևորող հավաստիացումները` զուգահեռաբար համոզելով, որ քաղգործիչները երբեմն նաև չեն ստում: Ինչ խոսք, օրացույցն անգամ հուշում է, որ ամեն ինչ դեռ առջևում է, բայց արդեն իսկ կատարվում են քաղաքական մերկացումներ, որոնք կողմերի նվազագույն արժանապատվության առկայության դեպքում արդեն ոչ թե մամուլում, այլ առնվազն դատարանում պետք է վիճարկվեն: Այսպես, ճշմարտանման հիմնավորմամբ ստաժավոր ընդդիմադիրներ Արշակ Սադոյանն ու Շավարշ Քոչարյանը օրերս մեղադրվեցին Կենտրոնական բանկից կանոնավորապես կլորիկ գումարներ ստանալու համար… Նման սենսացիաների դեպքում քաղգործիչները սիրում են հեգնել, թե ինֆորմացիան հայթայթվել է ընդամենը ինչ-որ մեկի դռան փալասի տակից: Իսկ եթե փալասն իր տեղում թողնենք, ապա մի բան պարզ է ու տեսանելի. առաջիկայում հակաքարոզչական զինանոց կոչվածը ամեն մեկը փորձելու է գործի դնել` օգտագործելով դրա բոլոր հնարավորությունները: Ընդ որում, անողոք մերկացումներից լավագույն դեպքում կարողանալու են խուսափել միայն նրանք, ովքեր վաղուց քաղաքական դաշտի լուսանցքում են և զրոյական հետաքրքրություն են ցուցաբերում Նախագահի ընտրությունների հանդեպ: Սրանով հանդերձ` չի բացառվում, որ նշված անզորների անտարբերությունը քարկոծվելուց խուսափելու երաշխիք չդառնա: Սա` իր հերթին, բայց ամենաառաջին ու գուցեև միակ հարցադրումը, որ ծնվում է թափ հավաքող հակաքարոզչական մենամարտերի արդյունքում, հենց այս ամենի նպատակին ու նպատակահարմարությանն է վերաբերում: Ու այս առումով ինչ էլ որ գրվի, քաղգործիչները, մեղմ ասած, կառարկեն: Սակայն խնդիրն այն է, որ իրենք են բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում` երևակայելու, թե Նախագահի ընտրություններում իրենք մեծ շանս ունեն իշխանության թեկնածուի հետ երկրորդ փուլում մրցելու: Նկատենք նաև, որ առանց բացառության չի նշվում, թե ինչ տեղի կունենա դրանից հետո: Ասել է թե` յուրաքանչյուր թեկնածուի մաքսիմում ծրագիրը Սերժ Սարգսյանի հետ երկրորդ փուլ անցնելն է: Երկրորդ փուլում պարտվելը: Ահա թե որն է թափ հավաքող հարայ-հրոցի միակ շարժառիթը: Եվ ի՞նչ գնով են մարդիկ ձգտելու երկրորդ փուլ սպրդել… Անդրադառնանք միայն թարմ օրինակներին: Նույն Ա. Սադոյանը նախատեսում է 6-7 բիլակավոր գործուղել ամեն մի ընտրատեղամաս, Ա. Կարապետյանը պատրաստվում է հեռուստաէկրանից վերաշարադրել Հոկտեմբերի 27-ի դատավարության հայտնի ու անհայտ մանրամասները, Ս. Դեմիրճյանն, ինչպես միշտ, մոլորված է, Ա. Գեղամյանի ծրագրերն էլ շարունակում են անմեկնելի մնալ: Հավակնորդների այսքան գունեղ խճանկար դեռ որևէ ընտրության նախօրեին չի եղել: Բազմիցս ենք ասել, որ Նախագահի 10-12 թեկնածու ունենալը մեզանում արդեն իսկի էլ մեծ թիվ չէ: Միևնույն է, հաղթողը (լինի դա առաջին, թե երկրորդ փուլում) խոշոր ու անվիճելի հաշվով է հաջողության հասնում: Արդեն իսկ կարելի է ասել, որ առաջիկա քվեարկությունը նույնպես այս առումով բացառություն չի լինելու: Այս գնահատականը հիմնավորում է ոչ միայն ընդդիմադիր դաշտում առկա ու թափ հավաքող խառնաշփոթը, այլ, որ պակաս կարևոր չէ, գործող Վարչապետի թեկնածության շուրջ իշխանական բոլոր շրջանակների համախմբման գործընթացի հաստատուն և խոստումնալից մեկնարկը: Իսկ այս ամենի առարկայական արդյունքը կարտացոլվի արդեն ոչ հեռու պարագայում` Նախագահի ընտրությունների քվեարկության ժամանակ: