ԹՈՒԹՔԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ


 

Հատկապես քաղաքագիտական հետազոտությունների և այլևայլ ռազմավարական կենտրոնների ղեկավարներ, վերլուծություններ ու կարծիքներ հայտնելով, երբեմն անցնում են չափավորության ու պարկեշտության սահմանները` այսպես նաև բացահայտելով իրենց ճշմարիտ էությունն ու հոգեբանություն դարձած դիրքորոշումները: Մենք էլ, կարծես կարևորություն չտալով, չենք սևեռվում մեր հասցեին հնչող վիրավորական արտահայտություններին: Մոտ 200 տարի է մենք բանավիճում ենք պուշկինյան բանաստեղծական մի տողի առթիվ, մինչդեռ մեր օրերում այնպիսի մտքեր են լույս աշխարհ գալիս, որոնք հարված են հասցնում մեր ազգային արժանապատվությանը:

Այսպես, օրերս Ռուսաստանի Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը, խոսելով Ադրբեջան-Հունգարիա խայտառակ գործարքի մասին, անդրադառնալով դրա հետևանքով հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման խնդրին, ասել է.

- Սա անհաշտ հակամարտություն է, երկու կողմերն են անհաշտություն ցուցաբերում, այդ պատճառով էլ անընդհատ փնտրում են, թե ով է մեղավոր: Ինչպե՞ս կարող է դա ձեռնտու լինել Ռուսաստանին, ես ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել: Եթե նորից Ղարաբաղի համար պատերազմ լինի, ի՞նչ կշահի դրանից Ռուսաստանը: Դրանից միայն խնդիրներ կառաջանան մեր հարավային սահմաններում, փախստականների մեծ հոսք կլինի, նրանք առաջին հերթին «կհոսեն» դեպի Ռուսաստան: Ռուսաստանին ընդհանրապես դա պետք չէ: Փախստականները միայն մեզ համար լրացուցիչ «թութք» կստեղծեն: Ես անընդհատ հանդիպում եմ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, անընդհատ հնչում է այդ հարցը, թե որ երկրին է դա ձեռնտու: Բայց իրականությունն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել: Սկզբունքորեն տարածաշրջանում ցանկացած լարվածություն, ինչպես այս դեպքում է, կարող էր ձեռնտու լինել ԱՄՆ-ին:

Ըստ այս «հեղինակավոր» վերլուծաբանի, հակամարտությունը միայն ու միայն վերաբերում է երկու երկրի: Միխեևը հավասարության նշան է դնում երկուսի միջև և անում մի ընդհանրացում, որը, ըստ էության անբարո է: Ըստ Միխեևի, չկա ճշմարտություն, չկան միջազգային իրավունքի խնդիրներ, այլ միայն` հայերն ու ադրբեջանցիները փնտրում են, թե ով է մեղավոր… Անկեղծ ասած, նման մեկնաբանություն մենք որևէ ռուսաստանցի վերլուծաբանի կողմից չէինք տեսել: Բայց սա դեռ ամբողջը չէ: Ռուսաստանցի վերլուծաբանը փախստականների հնարավոր հոսքը դիտարկում է որպես գեմարոյի հարուցիչ… Մի ամբողջ ժողովրդի ողբերգություն համեմատել թութքի հետ` նշանակում է լինել հոգով աղտեղված ու անբարո: Իհարկե, գիտենք, որ սա մեծապետականության արտահայտությունն է, սակայն ոչ ոք իրավունք չի տվել ինչ-որ կասկածելի կենտրոնի տնօրենի այդկերպ արտահայտվել մեր մասին