Գնում են հոգով մահանալու


 

«Սկզբում էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր: ...Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհաննես 1:1, 44)

 

«Որովհետև Աստված այնպես է սիրել աշխարհքը, որ Իր միածին Որդին տվավ. որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա: Որովհետև Աստված Իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ իր աշխարհքին դատե, այլ որ աշխարհքը Նորանով փրկվի» (Հովհաննես 3:16-17):

Անկախության առաջին տարիներին էր: Բոլորս գիտակցում էինք ազատության, անկախության, ինքնարտահայտման անհրաժեշտությունը: Հեշտորեն ձեռք էինք բերում Աստվածաշունչ, ու շատերի պես` ես էլ անհագ ծարավով մխրճվեցի Աստվա-ծաշնչի ընթերցանության մեջ: Ծնողներիս պատմածից և տարին երկու-երեք անգամ եկեղեցի այցելելով` գիտեի, որ պետք է Աստծուց վախենալ: Բայց, երբ իմացա Աստծո առաջին և գլխավոր պատվիրանը` «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զորությունիցը և քո բոլոր մտքիցը. և քո ընկերին` քո անձի պես» Ղուկասի 10:27: Ուզում էի հասկանալ, ճանաչել և բնականաբար սիրել Աստծուն: Օրվա ընթացքում բավական ժամանակ տրամադրելով Աստվածաշնչի ընթերցանությանը` հասցնում էի նաև երեխաներիս խնամքը, լրագրողի աշխատանքս: Զուգահեռ նաև արտասահմանից ժամանած այս կամ այն քարոզչին լսել, ովքեր անընդհատ ներշնչում էին, թե մենք շա˜տ մեղավոր ենք:

Կարճ ժամանակում մտա սգավորի և ճգնավորի կերպարի մեջ: Գործընկերներիս դա ցնցել էր: Մի օր էլ իմ շատ սիրելի, մի քիչ խենթ ու կենսախինդ մեքենագրուհին ընդհատելով աշխատանքը, կլոր աչքերը հառելով դեմքիս` հուզված ասաց.

- Աստծուն պաշտում են հոգով ու ճշմարտությամբ: Փրկությունը օրենքները կատարելով չէ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել, այլ Աստծո շնորհն է մարդկանց, որը մեզ տրվեց իր Որդու միջոցով` որպես պարգև:

Սա մի շառաչուն ապտակ էր ինձ: Փլվեց իմ կառուցած «փրկության ամրոցը»: Ես, որ չգայթակղեցնելու նպատակով սգավորի կերպար էի ընդունել, փաստորեն գայթակղություն էի դարձել գրեթե բոլոր ընկերներիս համար: Կարծում էի, թե Աստծուն պաշտել նշանակում է ճգնավոր լինել: Կարծում էի, թե Աստծուն սիրելը կամ սիրելի լինելը, նրա բարեհաճությանը, փրկությանը արժանանալու համար գերմարդկային ջանքեր են պահանջվում, ու դա տառապանք է:

Մինչդեռ, Աստված Սեր է. Նա մեր մեջ է և մենք ու ամեն բան Սիրո մեջ:

Հետո մենք մի քանի ընկերներով սկսեցինք հաճախակի հավաքվել մեր տանը` աղոթելու, քննարկելու, ընկալելու աստվածաշնչյան ճշմարտությունները, հոգևոր սնունդ ճաշակելու: Մենք պարզաբանում էինք Հիսուսի շնորհը, Խաչի վրա կատարվածը, Հարությունը և մարդու վերստին ծնունդը:

Մեր «Վերնատուն» նորանոր մարդիկ էին գալիս ու գնում, իսկ իմ մեքենագրուհի ընկերուհին միշտ ներկա էր և չէր մոռանում ամեն անգամ մեր հավաքույթի վերջում ասել. «Ինչ լավ է ամեն ինչ»:

Մի օր էլ նա չեկավ: Նա էլ գնաց օտար ափեր: Չարքաշ աշխատանքով վաստակած գումարը ամեն ամիս ուղարկում էր հարազատներին` իրեն պահելով այնքան չնչին գումար, որ չէր բավարարում նույնիսկ հեռախոսազանգերին:

Օրերս մեր եռյակի երրորդ անձի հետ նրա անակնկալ այցելությունը նույնպիսի շառաչուն ապտակ էր ինձ, ինչպիսին 15 տարի առաջ էր:

Իմ առջև կանգնել էր ճարպակալած և ոսկյա զարդերով պճնված սիրելի ընկերուհիս: Վերջին 5 տարիներին նա ամուսնացել էր օտարազգի քրիստոնյա ու բարի մարդու հետ: Չէր աշխատում: Նրա կայտառ ու բարձր ծիծաղը վերածվել էր օտար ու սառը ժպիտի: Բացակա տարիների մասին մեկ-երկու հարց ու պատասխանից հետո, մենք անցանք հոգևոր ձեռքբերումներին, աճին, կյանքի հանդեպ մեր նոր մոտեցումներին: Ի զարմանս ինձ` նա խոսում էր արտաքին երևույթներից` աչքի տեսածով «դատելով» մեզ:

Երեկոյի ավարտին, հանկարծ, ակնթարթորեն նա կայտառացավ, զրնգուն քրքիջով սկսեց հանել իր ոսկյա զարդերը: Հետո չափազանց լուրջ դեմք ընդունեց ու մեղավորի կմկմոցով ասաց.

- Ես այս բոլորը կախել էի վզիս ու ականջներիս, որ ձեզ ցույց տամ, թե ինչի եմ հասել, որ տեսնեք, թե ես հարուստ եմ: Բայց երբ թարմացան «Վերնատան» մեր հիշողությունները, հասկացա, որ սև ու մութ տարիներին էի ես իսկապես հարուստ. ունեի սեր, ծիծաղ ու ջերմություն:

Հաջորդ օրը ես աղջկաս պատմեցի նրա անակնկալ այցի մասին: Մեր «Վերնատան» տարիներին, ճիշտ է, նա փոքր էր, բայց լավ հիշում է բոլոր իմ ընկերուհիներին, տեղյակ է նրանց կյանքի ընթացքից:

Աղջիկս, որ մինչև մի քանի ամիս առաջ, անդադար դժգոհում էր երկրից և մտմտում էր, որ շուտափույթ պետք է գնալ այստեղից, հանկարծ հայտարարեց.

- Գնում են` հոգով մեռնելու: Ո՞ւր գնալ այստեղից, չէ՞ որ իմաստնություն և հոգևոր մեծ էներգետիկա ունեցող, ավետյաց երկիրն է մերը:

Աղջիկս նույնիսկ երկու թոռնիկ պարգևելով` այդքան չէր ուրախացրել ինձ, որքան հոգին արժևորելու այդ կարճ ձևակերպումով:

Հրա˜շք, մեր երիտասարդները սիրով են մտածում կենդանի հոգին սնող մեր երկրի մասին:

Ինձ թվաց` աղջիկս կորած էր ու գտնվեց:

Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆ