ՆՈՐԸՆՏԻՐԸ` ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻ ՊԱՇՏՊԱՆ


 

Գյումրու քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանը, պարզվում է, աջակցել ու հովանավորել է հետախուզվող անձին և ամեն ինչ արել, որպեսզի նա ընտրվի ավագանու անդամ: Այս արտառոց պատմության «հերոսը» Էդգար Մկրտչյանն է, ով ավագանու անդամ է դարձել 1185 ձայնով և զբաղեցրել է ընտրյալների երրորդ տեղը:

Ուշագրավն այն է, որ Էդգար Մկրտչյանը ավագանու նախկին անդամ «Փիսո Գևորի» փեսան է, իսկ Վարդան Ղուկասյանի դուստրերից մեկն էլ Առաքելյանի հարսն է… Բայց հետախուզման մեջ գտնվողին ավագանու անդամ դարձնելու հարցում ոչ թե սատարել են «Հին Գյումրի» բաղնիքի սեփականատեր աները կամ Վարդան Ղուկասյանը, այլ` Սամվել Բալասանյանը: Մկրտչյանն անդամակցում է Ս. Բալասանյանի «Աշխատանք և արժանապատվություն» նախաձեռնող խմբին, իսկ հետախուզման մեջ է, որովհետև կասկածվում է երկաթգծի Նորավան թաղամասում և Գյումրու կենտրոնում հրաձգություն կազմակերպելու մեջ:

Գյումրեցիներից շատերը ձայն տվեցին Սամվել Բալասանյանին այն հույսով, որ քաղաքում կվերանան քրեածին երևույթները, մինչդեռ պարզվում է, որ նորընտիրը հովանավորել է հետախուզվողին և ամեն ինչ արել, որպեսզի նա ընտրվի ավագանու անդամ: Ուրեմն, կարելի է «ողջունել» գյումրեցիներին. ավագանու նախկին ու ծերացած քրեականներին փոխարինելու է գալիս երիտասարդ սերունդ, որը հովանավորվում է նորընտիրի կողմից…