Մադոնայակերպ


 

Նրա բոլոր զգացմունքները մարմնական են: Նույնիսկ քաղաքական համակրանքներն է մարմնին ցուցադրում: Դե, Մադոնան էլ կրկնություններից հոգնում է և մերկանալու համար տարբեր «ձևակերպումներ» է հորինում: Օրերս նա այդ ձևով է արտահայտել իր համակրանքը Ամերիկայի նախագահ ու նախագահի թեկնածու Բարաք Օբամայի հանդեպ:

Անցյալ շաբաթ Նյու Յորքում տեղի ունեցած իր համերգի ժամանակ 54-ամյա երգչուհին տեղեկացրել է, որ արդեն 4 ամիս շրջագայում է աշխարհում` իր վերջին համերգային ծրագրով: Պատմել է, որ տեսել է ցնցող, հրաշալի ու նաև սարսափելի իրողություններ.

- Ես տեսել եմ, թե ինչպես են մարդկանց կալանավորում ու բանտեր նետում այն պատճառով, որ նրանք ասում են այն, ինչ մտածում են: Այն պատճառով, որ նրանք համասեռա մոլներ են, չեն հետևում ճիշտ կրոնին կամ չեն հագնվում ինչպես պետք է,- նշել է նա:

Ու խոստովանել է, որ տեսածն իրեն ստիպել է գիտակցել, թե իր բախտը որքան է բերել, որ ապրում է ԱՄՆ-ում, թեև այս երկիրը ևս կատարյալ չէ: Հետո Մադոնան հիացմունք է արտահայտել Միշել Օբամայի հասցեին: Իսկ համերգի այն մասում, երբ սովորաբար նա ակնթարթորեն ցուցադրում է մերկ ստինքները կամ կուրծքը, հանկարծ հայտարարել է.

- Այսօր ես ձեզ ցույց չեմ տա իմ հետույքը: Ես ձեզ ցույց կտամ իմ զգացմունքները:

Այդ զգացմունքները, պարզվել է` թիկունքի ներքին հատվածում են: Վերնաշապիկը հանելով, երգչուհին հանդիսատեսին ցուցադրել է այնտեղ դաջված մակագրությունը` «Օբամա»:

Հանդիսասրահը խանդավառությամբ է ընդունել երգչուհու քաղաքական այդ հայտարարությունը:

Օբաման իսկապես ժողովրդավար նախագահ է. նա ըմբռնումով կվերաբերվի փոփ-աստղի նման «գովազդին»: